Նրանք քաղաքականությամբ են զբաղվելու ընտանիքներով
Չորրորդ գումարման Ազգային ժողովը կարելի է գնահատել որպես ազգակցական կապերով կապվածների խորհրդարան: Երեկ խորհրդարան էին եկել երեք Աբրահամյան եղբայրները (Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրություն), երկու Գրիգորյան եղբայրները («Ավշարի» գինու գործարանի եղբայրություն), հայր եւ որդի՝ Գալուստ եւ Արման Սահակյանները, մեկի աներորդին եւ մյուսի քեռին՝ Աշոտ Աղաբաբյանը, «Գրանդ-տոբակո»-ի տնօրեն Հրանտ Վարդանյանի երկու որդիները՝ Կարեն եւ Միքայել Վարդանյանները։ Քիչ չեն նաեւ խնամիաբաջանաղական կապերով կապվածները, եւ ինչպես կատակեց նրանցից մեկը. «Ստացվում է, որ բոլորս այստեղ իրար բաջանաղ ենք»:
Ազգային ժողովի նորընծա նախագահ Տիգրան Թորոսյանին հարց ուղղեցինք՝ ինչպե՞ս է կառավարելու ազգակցական ամուր կապերով կապված օրենսդիրներին, մանավանդ՝ ինքը այստեղ ոչ մի ազգական կարծես չունի: Պարոն Թորոսյանը հիշեցրեց, որ սա աննախադեպ չէ, եւ հայոց խորհրդարանում արդեն եղել են եղբայրական կապերով կապված պատգամավորներ. «Նման կապեր միշտ եղել են մեր խորհրդարանում, ուզում եմ հիշեցնել Գեւորգյան երեք եղբայրներին: Համոզված եմ, որ խորհրդարանական աշխատանքի մեջ գլխավորը մարդկանց աշխատանքի արդյունավետությունն է: Եթե ազգակցական կապերը կօգնեն, որ իրենց աշխատանքը լինի ավելի արդյունավետ, հիանալի է, եթե կխանգարեն, իրենք պիտի մտածեն: Կարեւորը, մարդիկ պատրաստ լինեն լիարժեք աշխատանքի»:
Ազգակցական կապերով կապվածներից Արայիկ եւ Արամայիս եղբայրները նախորդ գումարման խորհրդարանում համերաշխ գործել են եւ հիմա էլ գործում են Դաշնակցության խմբակցությունում: Գալուստ եւ Արման Սահակյանները «քեռի Բուռնաշի» հետ ՀՀԿ խմբակցությունում են: Իսկ Վարդանյան եղբայրներից Միքայել Վարդանյանը, որը նախորդ գումարման խորհրդարանում ՀՅԴ խմբակցության մեջ էր, հիմա անկախ պատգամավոր է, կրտսեր եղբայրը՝ ՀՅԴ-ում:
Գալուստ Սահակյանին հարցրինք, թե բարեկամական կապերը իրեն չե՞ն խանգարելու լիարժեք աշխատել: Ասաց, որ բոլոր հայերն են իրար բարեկամ. «Բացի դրանից, գնահատում եմ, որ քաղաքականությամբ զբաղվում են ընտանիքներով, եւ ընտանեկան քաղաքական հոգեբանություն է ձեւավորվում»: Նրա որդին՝ Արման Սահակյանը, զննելով նոր խորհրդարանը՝ ասաց, որ նորում մտավորականները ավելի շատ են: Նաեւ վստահեցրեց, որ քաղաքական կապերը իրենց ընտանիքին երբեք չեն խանգարել. «Մեր ընտանիքը շատ ավանդապաշտ, ավանդական ընտանիք է, եւ վստահ եմ՝ ոչ ընտանեկան, ոչ քաղաքական անհամաձայնություններ մեր ընտանիքում չեն կարող լինել»:
Աբրահամյան եղբայրները միաձայն հերքեցին, որ հնարավոր է գաղափարական հենքի վրա իրենց միջեւ ծագի «Սարոյան եղբայրների» կարգի հարաբերություններ, թեպետ երեքն էլ տարբեր խմբակցություններում են. Սերգեյ Աբրահամյանը ՕԵԿ խմբակցության անդամ է, Արմեն Աբրահամյանը՝ ԲՀԿ, իսկ Գագիկ Աբրահամյանը՝ ՀՀԿ: ԲՀԿ-ն ներկայացնող եղբայրը երեկ պատասխանելով մեր հարցին՝ ինչո՞ւ երեք եղբայրներ տարբեր քաղաքական ուժերի թեւերով եկան խորհրդարան, ասաց. «Ոչ թե մենք եղբայրներով հավաքվել ենք եւ որոշել, որ պարտադիր բոլորս մի տեղ գնանք, ուղղակի բոլորս մեր անցած ուղիով, մեր ճանապարհով մտածել ենք, որ կարող ենք պետք լինել մեր ազգին, մեր ժողովրդին, ԱԺ-ին, դրա համար երեքս էլ եկանք: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ տարբեր քաղաքական ուժերի հետ, ասեմ՝ մենք մի ազգ ենք, մեկ ժողովուրդ ենք, ուղղակի ամեն մեկս ունենք մեր շրջապատը, մեր անցած ուղին, եւ մենք մեր շրջապատով, մեր ուղիով եկել ենք, դրա համար այդպես ստացվեց»։ Նրա եղբայր Գագիկ Աբրահամյանին հարցրինք՝ ինչո՞ւ երեքը միասին «գրոհեցին» խորհրդարանի վրա: Ասաց. «Բայց ինչո՞ւ գրոհեցինք, մենք ընտրվել ենք եւ շատ բան ունենք անելու: Ինչո՞ւ, ես նո՞ր եմ, ես 9,5 տարի եղել եմ այստեղ»:
«Գրանդ-Տոբակո»-ի հիմնադիր տնօրեն Հրանտ Վարդանյանի կրտսեր որդին, պարզվեց, բավականին լուրջ կրթություն ստացած, միջազգային բիզնեսի մասնագետ է, ավարտել է Կանադայի Մոնրեալ քաղաքի համալսարանը, չամուսնացած է եւ շատ սիրուն տղա է: Մենք հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ իր հայրը անձամբ չի գալիս խորհրդարան եւ արդեն երկրորդ անգամ խորհրդարան է ուղարկում իր որդիներին կամ մտերիմներին: Կարեն Վարդանյանը ի պատասխան՝ ասաց. «Ինքը շատ մեծ ծավալի աշխատանք ունի, մեծ կոլեկտիվ է ղեկավարում, եւ եթե ցանկանար էլ, չէր հասցնի գալ Ազգային ժողով եւ զբաղվել իր բիզնեսով»:
Ըստ ՀՅԴ խմբակցության անդամ Արամայիս Գրիգորյանի՝ բարեկամական կապերը չեն խանգարում իրեն եւ իր եղբորը զբաղվել քաղաքական գործունեությամբ. «Նորմալ ընտանիքում չի կարող վեճ լինել՝ ոչ գաղափարական եւ ոչ էլ այլ կարգի: Մենք արդեն ապացուցել ենք, որ մեր խմբակցությունում այդ կարգի բաներ չեն կարող լինել»: