Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեղեցկուհի, սպորտսմենուհի եւ կոմսոմոլուհի»

Հունիս 07,2007 00:00

Ըստ «Միսս ուսանողուհի» մրցույթի կազմակերպչի ձեւակերպման, որը վերցրել էր հայտնի ֆիլմից, այսպիսին է լինելու 2007թ. մրցույթի հաղթողը:

Երեկ «Աստրալ» ակումբում ասուլիս էր հրավիրել «Ֆեյշն գրուպ» ընկերության նախագահ, «Միսս ուսանողուհի» նախագծի հիմնադիր Արման Անտոնյանը: Թեման՝ հուլիսի վերջին կայանալիք «Միսս ուսանողուհի-2007» մրցույթն էր եւ «Միսս ուսանողուհի» գրասենյակի հիմնադրման 8-ամյակը: Ա. Անտոնյանը նշեց. «Տարիներ շարունակ մեր գրասենյակը գործունեություն է ծավալել տարբեր բուհերում: Փորձել ենք ստեղծել ոչ միայն գեղեցկության տոն, այլեւ քարոզել որոշակի խնդիրներ (՞)»: Նախագծի հիմնադիրն ասաց, որ «Միսս ուսանողուհի- 2007»-ը տարբերվելու է նախորդներից. «Այս անգամ մրցույթն առանձնահատուկ է, առաջին անգամ այն անցկացվելու է հեռուստանախագծի տարբերակով, եւ ժյուրին էլ լինելու է ժողովուրդը: Այսինքն՝ հաղթողներն ընտրվելու են sms քվեարկության միջոցով»: Մասնակցության հայտ է ներկայացրել 600-ից ավելի ուսանողուհի, որից էլ 100-ն էր ընտրվել առաջին փուլին մասնակցելու համար: Նրանցից էլ առանձնացվել է 20 ուսանողուհի: «20 գեղեցկուհիներից էլ կընտրվեն լավագույն 12-ը, ապա 7-ը եւ վերջապես՝ եռյակը»,- նշեց Ա. Անտոնյանը: Նա անդրադառնալով մրցույթի չափանիշներին՝ հավելեց. «Մինչ այժմ անցկացված «Միսս ուսանողուհի» մրցույթների ժամանակ առաջնորդվել ենք մոդելային չափանիշներով, սակայն հիմա այլ կերպ է լինելու: Ուզում ենք, որ 2007թ «Միսս ուսանողուհու» կերպարը լինի ոչ միայն «մոդելայնացված», այլեւ հայ ուսանողուհու կերպար: Հնարավոր է նա չլինի բարձրահասակ, բայց հաստատ կլինի, այսպես ասած՝ գեղեցկուհի, սպորտսմենուհի եւ կոմսոմոլուհի… Հաշվի է առնվելու նաեւ բուհում ուսանողուհու կարգապահությունը, չէ՞ որ մեկ տարի շարունակ էտալոն է լինելու»:

«Առավոտի» հետաքրքրությանը, թե ի՞նչ է սպասվում «Միսս ուսանողուհի-2007-ին», եւ նախորդ տարիներին մրցույթում հաղթած աղջիկները Հայաստանից դուրս արդյոք մասնակցե՞լ են այլ մրցույթների, Ա. Անտոնյանը պատասխանեց. «Եթե որեւէ մրցույթի հրավեր ստանանք, «Միսս ուսանողուհի- 2007-ը» անպայման կմասնակցի: Ինչ վերաբերում է նախորդ տարիների հաղթողներին, նշեմ, որ շատ մրցույթների ենք ուղարկել մեր աղջիկներին: Օրինակ՝ 2005 թ. աշխարհի «Միսս տուրիզմ» մրցույթում մեր կադրերից մեկը գրավել է 2-րդ տեղը»: Փաստենք, որ «Առավոտի» հետ վերջերս ունեցած զրույցում՝ «Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը, իսկ «Շանթ» TV-ի եթերից «Միսս Հայաստան-1998» Գոհար Հարությունյանը ասել էին, որ լուրջ չեն այն մրցույթները, որոնցում մասնակիցները հանդես են գալիս ոչ միանման լողազգեստներով: «Միսս տուրիզմը» հենց այդպիսին է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել