Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՍԱՐԱՆՈՒՄ ԼՐԱԳՐՈՂ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ

Հունիս 07,2007 00:00

\"\"Երեկ նման կարծիք հայտնեցին լրագրողական միջազգային գիտաժողովի մասնակիցները

«Ամենաբարձր կրթություն ստացած լրագրողն անգամ չի կարող իր մասնագիտական ունակությունները լիարժեքորեն դրսեւորել, եթե լրատվամիջոցների խմբագիրները ենթարկվում են գրաքննության ու քաղաքական գործիչների ճնշումներին»,- երեկ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում կազմակերպված «Ժուռնալիստիկայի կրթության ապագան Հայաստանում» թեմայով գիտաժողովին հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան ճյուղի ներկայացուցիչ Ջորջ Զարեցկին: Հայաստանցի եւ արտասահմանցի մասնագետները քննարկեցին լրագրության դասավանդման ներկայիս մեթոդներն ու գոյություն ունեցող թերությունները: Օրինակ՝ Քենթի պետական համալսարանի պրոֆեսոր, լրագրողական էթիկայի մասնագետ Կարլ Իդսվուգը, որը ներկայումս դասավանդում է նաեւ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում գործող ժուռնալիստիկայի հայկական դպրոցում, «Առավոտին» վստահեցրեց, որ ԱՄՆ-ի եւ Հայաստանի ժուռնալիստական կրթության դաշտում մեծ տարբերություններ կան. «Ի տարբերություն Հայաստանի, ԱՄՆ-ում ժուռնալիստական կրթության իրականացման բազում ծրագրեր եւ մեթոդներ կան: Ուսումը, բարձր վարձերի պատճառով, ԱՄՆ-ում ոչ բոլորին է մատչելի: Մեր ուսանողներն ավելի շատ գործնական դասերի են մասնակցում, քան հայաստանցիները: Չէ՞ որ լրագրությունը սովորում են ոչ թե լսարանում նստած, այլ գործելով»: Հիշեցնենք, որ մեր զրուցակիցը մի առիթով Քենթի համալսարան այցելած մեր թղթակցին ասել էր («Առավոտ», 13.01.2007, «Մեր ու ամերիկացիների էթիկան»), որ հայ լրագրողները հաճախ ավելի էքստրեմալ պայմաններում են ստիպված աշխատել, քան ամերիկացիները: Նաեւ հավելել. «Ձեր երկրում լրագրության վրա բացասաբար են անդրադառնում ցածր աշխատավարձերը, վատորակ ինտերնետային ենթակառուցվածքները, մինչդեռ Հայաստանը կարող է ինտելեկտուալ ապրանք արտահանող երկիր դառնալ»:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան ճյուղի ներկայացուցիչ Ջ. Զարեցկին եւս երեկ խոսեց լրագրողների առջեւ ծառացող հնարավոր վտանգների մասին: Նա էլ նկատեց. «Հարյուրավոր թղթակիցներ են զոհվում աշխարհում, որոնք պայքարում են խոսքի ազատության համար: Լրագրողների վրա գործադրվող ճնշումներից բացի, այժմ էլ տեղեկատվական տեխնոլոգիաներն են մարտահրավերներ նետում. տեղեկատվության առատության պայմաններում հասարակությունն ավելի քիչ է վստահում լրագրողներին»:

Չնայած գիտաժողովի մասնակիցները անընդհատ խոսեցին ժուռնալիստական կրթության անհրաժեշտության մասին, փաստենք, որ հայաստանցի լրագրողներից քչերն ունեն այդպիսի կրթություն: «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ ինքը հիմնականում ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտներին է աշխատանքի ընդունում: «Հայաստանի բուհերի մեծ մասը, ցավոք, միայն տեսաբան լրագրողներ է պատրաստում: Հարկավոր է գործնական ժուռնալիստիկա սովորեցնել ուսանողներին: Մյուս կողմից էլ, ինչ էլ սովորեցնեն բուհում, ԶԼՄ-ների ղեկավարներն իրենց չափանիշներով են առաջնորդվում»,- հետո էլ հավելեց պրն Ալավերդյանը:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանն էլ կարծիք հայտնեց, թե լավ կլիներ՝ ԿԳ նախարարությունից էլ ներկայացուցիչ մասնակցեր գիտաժողովին: Բայց ԿԳՆ-ից այդպես էլ չհյուրընկալվեցին համալսարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել