Հայոց լեզու եւ գրականություն առարկայից պետական ավարտական եւ միասնական քննություններն առանց անակնկալների չեն անցել:
Հունիսի 1-ին ողջ Հայաստանի եւ ԼՂՀ տարածքում կայացան պետական ավարտական եւ միասնական քննություններ: Բազմաթիվ ահազանգեր ստացանք ծնողների եւ աշակերտների կողմից: Դրանցից երկուսը վերաբերում էին թիվ 190, 11 եւ 62 դպրոցներին. տնօրեններ Կարինե Զատիկյանը, Ռուզաննա Ազիզյանը (ՀՀԿ անդամ) եւ Գայանե Սողոմոնյանը (ԲՀԿ անդամ), լինելով հայոց լեզվի մասնագետներ, ներկա էին գտնվել քննասենյակներում, այն դեպքում, երբ քննական կարգի համաձայն՝ այնտեղ պետք է լինեին միայն ոչ մասնագետները: ԳԹԿ-ից պարզաբանեցին, որ ցանկացած դպրոցի տնօրեն նաեւ նույն դպրոցի քննական կենտրոնի ղեկավարն է, ուստի իրավունք ունի ներկա գտնվել քննությանը, սակայն չանցնել շարքերի միջով: Առաջին երկու տնօրենները, բնականաբար, պիտի հերքեին, թե մոտեցել են քննություն հանձնողներին, երրորդ տնօրենի հետ կապվել չհաջողվեց: Իսկ մեզ ահազանգած ծնողները պնդում էին, որ վերջիններս ոչ միայն անցել են շարքերի միջով, այլեւ միջամտել են: Հիշեցնենք, որ թիվ 11 եւ 62 դպրոցները միասնական քննական կենտրոններ էին: Թիվ 190 դպրոցում հսկիչն էլ պատմության մասնագետ, ԵՊՀ դասախոս Էդիկ Մինասյանն էր, մինչդեռ քննությունների ընթացքը չեն կարող հսկել ոչ միայն հայոց լեզու, գրականություն, այլեւ հարակից առարկաների մասնագետներ: Մեր տեղեկություններով, խայտառակ պատկեր է եղել հատկապես ԵՊՀ եւ ՀՊՃՀ քննական կենտրոններում, որոնք «կառավարվում» էին ԿԳ նախարարության մարդկանց՝ բարձրագույն կրթության բաժնի պետ Սասուն Մելիքյանի եւ բուհերի վարչության պետ Մհեր Մելիք-Բախշյանի միջոցով: Ըստ մեր աղբյուրների, մասնավորապես ԵՊՀ-ում քննական պրոցեսն այնքան աղմկոտ է անցել, որ որոշ երեխաներ դժվարացել են նման պայմաններում կատարել առաջադրանքը, ոմանք էլ իրենց բջջայիններից (որոնք պարտավոր էին հանձնել քննությունից առաջ) sms-ներ են ուղարկել կրկնուսույցներին ու պատասխան ստացել նույն եղանակով: Մեզ հետ զրույցում քննության մասնակցած շրջանավարտներից ոմանք պնդում էին, թե քննասենյակում եղել են նաեւ 4 տարբերակի պատասխաններն իրենց հետ բերած երեխաներ, որոնց այս «աշխատաոճը» վրիպել է քննության կազմակերպիչների աչքից: Ըստ մեկ այլ տեղեկության, քննությունը հաջող են հանձնել հատկապես նրանք, ովքեր պարապել են ԵՊՀ դասախոս, թեստերի կազմող եւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի մտերիմ Սեյրան Գրիգորյանի մոտ:
Այս առիթով ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Գալստյանը «Առավոտին» հայտնեց. «Անիմաստ են նման խոսակցություններն ու ահազանգերը: Մենք կարող ենք միասին դիտել քննությունների տեսագրությունը: Ես օֆիցիալ հայտարարում եմ, որ քննական կենտրոններում աղմուկ կամ որեւէ միջամտություն չի եղել: Ինչ վերաբերում է հեռախոսներին, այո, արգելվում էր դրանք երեխաների մոտ ունենալը: Բայց չեմ բացառում, որ ոմանք թաքուն իրենց հետ վերցրած լինեին»:
Մեր տեղեկություններով, մարզերի գնահատականներն ավելի բարձր են եղել: Բանն այն է, որ մարզերը որոշ առումով դուրս էին մնացել նախարարության հսկողությունից (թեեւ ԿԳՆ 170 լիազորներ եղել են մարզերում՝ բայց միայն միասնական քննական կենտրոններում), որովհետեւ ԿԳՆ-ն հիմնականում կենտրոնացել էր երեւանյան «գրդոնի» վրա: Թե Գնահատման եւ թեստավորման կենտրոնից (ԳԹԿ), թե ԿԳՆ-ից «Առավոտի» հարցին ի պատասխան հայտնեցին, որ երեկվա դրությամբ «գնահատականների մասով դեռ վերլուծությունը գնում է», եւ ամեն ինչ հայտնի կդառնա այսօր:
Ըստ շրջանառվող լուրերի, հայոց լեզու եւ գրականություն միասնական քննության «սակագինը»՝ առավելագույն միավոր ստանալու համար՝ կազմում է $3000-$7000՝ կախված նրանից, թե «գործն ով է անում» եւ քանի հոգով: Ավարտականն անհամեմատ էժան է՝ $500-$1000, տնօրենի ախորժակով պայմանավորված: ԳԹԿ-ից տեղեկացանք, որ առավելագույն միավոր է հավաքել շուրջ 15000 միասնական քննություն հանձնածների 1%-ը: