Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանին խաբե՞լ են

Հունիս 07,2007 00:00

«Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ աշխատակիցները համոզված են, որ ՀՀ նախագահին մոլորեցրել են ու իրենց հիմնարկի սեփականաշնորհման փաստաթուղթը ստորագրել տվել:

«Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ն հայտնվել է անելանելի վիճակում: Շենքը, որում գտնվում է ընկերությունը՝ ժամանակին չի սեփականաշնորհվել, քանի որ այն միշտ համարվել է էներգետիկական ռազմավարական օբյեկտ: Այսօր ընկերության 112 աշխատակից փաստի առաջ է կանգնել. պետությունը շենքը վաճառում է, իսկ նրանց նոր տարածք չի տալիս: Օրերս Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը «Հայհիդրոէներգանախագծին» տեղեկացրել է, որ համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված որոշման, ընկերության զբաղեցրած 1532քմ տարածքը վաճառվում է 1քմ-ն 352.000 դրամ մեկնարկային գնով:

Ընկերության տնօրինության ներկայացմամբ, ամեն ինչ սկսվեց նրանից, որ 1998-ին իրենց շենքը էներգետիկայի նախարարության ենթակայությունից անցավ Պետգույքի կառավարման վարչությանը: Նրանց խոսքերով, 2003-ին «Հայհիդրոէներգանախագիծ» ընկերությունը հայտ է ներկայացրել՝ շենքն ու գույքը սեփականաշնորհելու: Ընկերության խորհրդի նախագահ Միքայել Հայրապետյանի պատմելով. «Երբ արդեն սեփականաշնորհման համար դիմում էինք ներկայացրել, այդ նույն ժամանակ տնօրենի եւ կոլեկտիվի միջեւ կոնֆլիկտ էր առաջացել: Նախկին տնօրենը չարաշահել էր պաշտոնեական դիրքն ու խոշոր չափերի հափշտակություններ կատարել՝ մեծ ֆինանսական վնասներ հասցնելով ինստիտուտին: Էներգետիկայի նախարարության կողմից ստուգումներ անցկացվեցին, ու տնօրենը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից: Միաժամանակ, էներգետիկայի նախարարի միջնորդությամբ կասեցվեց նաեւ մասնավորեցման գործընթացը՝ այն պատճառաբանությամբ, որ ինստիտուտում ստեղծված կոնֆլիկտային իրավիճակը աշխատանքային կոլեկտիվի ներսում կարող է հանգեցնել լուրջ խնդիրների»: Ի սկզբանե «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ին հատկացված է եղել 2989 քմ տարածք, բայց քանի որ այն սեփականաշնորհված չի եղել, այդ տարածքը մասնատել են ու մի մասը դարձրել կուսակցական գրասենյակ, մի մասն էլ տրամադրել են պարի խմբին ու սրճարանին: Արդյունքում՝ վերոնշյալ ընկերությանը պատկանող տարածքը նվազել է մոտ 1500 քմ-ով:

«Մեր փողերով կառուցած շենքը մեզ չի պատկանում: Չգիտեմ ո՞վ է մնացած տարածքին հավակնող այն օլիգարխը, որն իր օբյեկտի կամ օֆիսի համար ուզում է մեր շենքին տիրանալ, բայց մենք դա թույլ չենք տա: Ոսկորը նրա բկին կթողնենք»,- նշեց Մ. Հայրապետյանը:

Ինստիտուտի գործադիր տնօրեն Մեսրոպ Խաչատրյանի ներկայացմամբ. «Մենք սեփականաշնորհման համար հայտ ենք ներկայացրել 2003 թվականին, այն ժամանակ մեր շենքի 1քմ-ն վաճառվել է $50-ով, իսկ այսօր այն գնահատում են $1000: Մենք պահանջում ենք, որ տարածքը վաճառվի նախկին գնով: 5 տարի առաջ մեր ինստիտուտը ռազմավարական նշանակություն ուներ, իսկ հիմա արդեն չունի՞, որ հենց այնպես որոշում են կայացնում ու 112 աշխատողի թողնում են առանց աշխատանքի, գոնե նոր տարածք չեն տրամադրում»: Աշխատակիցներից մեկի խոսքերով էլ. «Ինչպե՞ս կարող էր ՀՀ նախագահը մեր փողերով կառուցած շենքից մեզ վտարելու փաստաթուղթ ստորագրել: Նրան հաստատ խաբել են ու խաբեությամբ համաձայնությունը ստացել»:

Մ. Հայրապետյանի հավաստմամբ, իրենց ընկերությունն ամեն տարի 150 միլիոն դրամի նախագծային աշխատանք է կատարում, որից տարեկան մոտ 50 միլիոնը պետտուրք է մուծում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել