Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍ ՏԱՐԻ ԷԼ «ԱՃ» ԿՆԿԱՐԵՆ

Հունիս 07,2007 00:00

\"\"Չնայած գազի գինը բարձրանալու է, գյուղատնտեսությունը հարկվելու է, բայց մեր «վագրը» նորից թռչելու է:

«Տնտեսական աճը Հայաստանում կշարունակվի առնվազն առաջիկա 3-5 տարվա ընթացքում»,- օրերս տեղի ունեցած ՀՀ նախագահին առընթեր Ատոմային էներգիայի անվտանգության խորհրդի նիստում ռուսաստանյան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մոտ այսպիսի հայտարարություն արեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Սակայն իրականում ինչ կկատարվի մեր տնտեսության հետ 3-5 տարի հետո՝ տնտեսագետները չափազանց տխուր կանխատեսումներ են անում: Վերջիններիս համոզմամբ՝ Հայաստանի տնտեսական պատմության մեջ ամենահիշվող օրերից է լինելու 2009-ի հունվարի 1-ը: Այդ օրվանից ռուսական «Գազպրոմը» Հայաստանի համար գազամատակարարման նոր՝ ավելի բարձր սակագներ է սահմանելու: Հայաստանը ԱՊՀ մյուս երկրների պես պետք է ռուսական գազի 1000 խմ-ի համար վճարի $110: Հնարավոր է, որ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը եւ Իրան-Հայաստան գազամուղը տալու գործարքը արդարացնելու համար մերոնք արտահանման, տնտեսական աճի աղյուսակներում թվեր կրակեն, բայց դա չի նշանակի, թե սովորական քաղաքացին պատրաստ կլինի դիմակայել «Գազպրոմի» ցանկացած խաղի:

Ըստ ռուս փորձագետների՝ «Գազպրոմի» առաջարկած նախնական գինը կարող է լինել $200՝ 1000 խմ գազի դիմաց: Հաշվի առնելով, որ ներկայումս այն $110 է, 2 տարի հետո միայն գազի գնի բարձրացումը մեր տնտեսության վրա խիստ բացասական կանդրադառնա, որովհետեւ մեր ձեռնարկությունները պատրաստ չեն աշխատելու այդպիսի հսկայական ծախսերով: «Ես համոզված եմ, որ «Գազպրոմը» անակնկալ է մատուցելու եւ գազի գները բարձրացնելու է ոչ թե 2009-ից, այլ արդեն 2008-ից: Որպեսզի մեր տնտեսությունը շոկային վիճակում չհայտնվի, կառավարությունը պետք է մեխանիզմներ մշակի, խթանի, որպեսզի ձեռնարկությունները ներդնեն էներգախնայողության տեխնոլոգիաներ: Ամերիկան, օրինակ, օրենսդրությամբ արտոնություններ է տալիս այն ձեռնարկություններին, որոնք էներգիայի խնայողությամբ են աշխատում: Մեր կառավարությունը մատը մատին չի տալիս, ինչի՞ է սպասում՝ չես հասկանում: Երեւի մտածում են՝ երբ «Գազպրոմը» նորից չոքեց մեր դուռը, էլի մի օբյեկտ, մի բան կտան-կգնա»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի մտահոգություն հայտնեց տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը: Մեր հարցին, թե նման օբյեկտ մնացե՞լ է՝ պարոն Աղաջանովը պատասխանեց. «Ռուսների աչքն արդեն Որոտանի ՋԷԿ-ի վրա է, կարող է Սեւանա լիճն էլ տան, ո՞վ գիտե»:

Առեւտրի համաշխարհային կազմակերպության պահանջով՝ 2009-ից հարկվելու է գյուղատնտեսությունը: Տնտեսագետների համոզմամբ՝ գյուղատնտեսության հարկումից ավելի շատ տուժելու են երեւանաբնակները, ովքեր գյուղմթերքների հիմնական սպառողներն են: Տնտեսագիտական համալսարանի միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում ամբիոնի վարիչ Ալբերտ Արշակյանի կարծիքով՝ «գյուղացին այդ հարկումից չի տուժի, քանի որ այնքան, որքան իր արտադրանքը կհարկվի, ինքնարժեքը կթանկացնի, դա դուրս կգա մայրաքաղաքի բնակիչների ջանից»: Սակայն, ըստ Էդ. Աղաջանովի, երբ գնաճ լինի, երեւանցիները կսկսեն ավելի քիչ սպառել գյուղմթերք, իսկ դա անմիջականորեն կանդրադառնա գյուղացու գրպանի վրա:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մեր տնտեսությունում ցնցումներ սպասում է ավելի շուտ, քան 2009-ի հունվարի 1-ը. «Մեր տնտեսական քաղաքականությունը նույնքան դատարկ է, որքան Ղարաբաղի համար քաղաքականությունը: Խայտառակ վիճակ է, ոչ մի զարգացում չկա: Անշուշտ, երբ գյուղատնտեսությունը հարկվի, դա մեծ պրոբլեմներ կստեղծի, բայց մինչ այդ մեր տնտեսությունից արդեն ոչինչ մնացած չի լինի: Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունը մեզ ավելի շուտ ճգնաժամի կհասցնի, քան այդ հարկումը»,- «Առավոտին» ասաց պրն Բագրատյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել