Լրահոս
Օրվա լրահոսը

«2,5-անոց» իշխանություն

Հունիս 07,2007 00:00

ՀՀԿ-ն պատասխան կտա, ԲՀԿ-ն կաջակցի, իսկ ՀՅԴ-ն կհամագործակցի

Երեկ, ժամը 16-ին, ՀՀ նախագահի նստավայրում հավաքվեցին Հանրապետականի, «Բարգավաճ Հայաստանի», ՀՅԴ ներկայացուցիչները: Սերժ Սարգսյանը եւ Տիգրան Թորոսյանը նախագահի նստավայր մտան շենքի ետնամուտքից, այդպես վարվեցին նաեւ Գագիկ Ծառուկյանը եւ Իշխան Զաքարյանը: Միայն դաշնակցականներ Վահան Հովհաննիսյանը եւ Արմեն Ռուստամյանը շենք մտան Բաղրամյան փողոցի կողմից, սակայն վերջիններս էլ չպատասխանեցին լրագրողների հարցերին, պատճառաբանելով, որ մեկ ժամից մամուլի ասուլիս են հրավիրել: Նախագահի լրատվական ծառայությունից ուղարկված պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ Նախագահի նստավայրում նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ ՀՀԿ-ն՝ ի դեմս ՀՀԿ խորհրդի նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի, եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ ի դեմս կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, ելնելով մայիսի 12-ին կայացած ընտրությունների արդյունքից, ՀՀ նախագահի աջակցությամբ ստորագրել են համաձայնագիր՝ քաղաքական կոալիցիա ստեղծելու վերաբերյալ: Քաղաքական կոալիցիան, իր հերթին, ՀՅԴ-ի հետ՝ ի դեմս ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, ստորագրել է համագործակցության համաձայնագիր»:

Օրվա ավարտին հրավիրած ասուլիսի ժամանակ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց հետեւյալը. «Ինչո՞ւ մենք կոալիցիայի ձեւով չմասնակցեցինք այս համագործակցությանը: Առնվազն երկու պատճառ ես շատ հստակ կարող եմ մատնանշել: Առաջինը մեր ինքնուրույն վարքագիծը եւ քաղաքական անկախ մարտավարությունը պահպանելու խնդիրն է: Ինչպես գիտեք, Դաշնակցությունը ի սկզբանե հայտարարել էր, որ նախագահական ընտրություններին մասնակցելու է սեփական թեկնածուով: Շատ երկար ժամանակ քննարկվում էր, թե արդյո՞ք դա Դաշնակցությունը չի հայտարարում՝ լոկ խորհրդարանական ընտրություններում դիվիդենդներ շահելու համար, կամ զուտ քարոզչական հնարք չէ՞ սա արդյոք: Հիմա կարծում եմ՝ այս հարցն իր ամբողջական պատասխանը ստացավ եւ շատ պարզ դարձավ, որ Դաշնակցությունն այն կուսակցությունն է, որը ունի կուռ կազմակերպված կառույց, կարգապահական կազմակերպվածություն, եւ այն որոշումները, որոնք ընդունում են Դաշնակցության բարձրագույն ժողովները՝ անվերապահ կատարման ենթակա են: Իսկ մենք այդպիսի որոշում կայացրել էինք դեռ նախորդ Գերագույն ժողովի ժամանակ»:

Արմեն Ռուստամյանը ասաց նաեւ, որ նախագահական ընտրությունների հետ կապված մարտավարությունը եղել է բանակցությունների կարեւորագույն հանգուցային հարցը: Դաշնակցության ստորագրած համագործակցության համաձայնագրում արձանագրված է, որ չհամաձայնեցված հարցերի վերաբերյալ կողմերից յուրաքանչյուրը ազատ է՝ արտահայտելու սեփական այլընտրանքային դիրքորոշումը: Դաշնակցությունը, ըստ համաձայնագրի, ստանալու է գիտության եւ կրթության, նաեւ գյուղատնտեսության նախարարությունները: Որեւէ անդամություն չի սառեցվելու: ՀՅԴ-ն կունենա մեկ մարզ՝ Արագածոտնը, մեկ ԱԺ փոխնախագահ, երկու մշտական հանձնաժողովների նախագահներ: Արմեն Ռուստամյանն ասուլիսում նշեց, որ Դաշնակցությունը շարունակելու է պաշտպանել գործող նախագահին, եւ իրենց կողմից ստորագրված համագործակցության համաձայնագիրը կգործի մինչեւ նոր նախագահական ընտրություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել