Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՌԱՅԵԼՈՒ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

Հունիս 07,2007 00:00

\"\"Պատգամավորները ստացան բաղձալի մանդատները

Երեկ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր նիստում գրանցեց չորրորդ գումարման Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրված 90 պատգամավորներին: Համապատասխան արձանագրությունը ԿԸՀ 9 անդամներից միայն «Արդարություն» դաշինքը ներկայացնող ՀԺԿ-ական Ֆելիքս Խաչատրյանը հրաժարվեց ստորագրել: Նա առաջարկում էր նիստի օրակարգից հանել գրանցման հարցը՝ նկատի ունենալով այն, որ ՍԴ-ում մայիսի 12-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները դեռեւս վիճարկման փուլում են: Առաջարկն, իհարկե, չընդունվեց:

\"\"Իսկ երեկոյան, ժամը 18:30-ից մինչեւ 21:00-ն, տեղի ունեցավ ե՛ւ «մեծամասնական»՝ 40 հոգի, ե՛ւ «համամասնական» ընտրակարգով ընտրված նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը: Ճիշտ է՝ այդ արարողությունը 2003թ.-ի նման ներկայացուցչական ու ճոխ չէր եւ տեղի էր ունենում ոչ թե Կառավարության ընդունելությունների տանը, այլ ԿԸՀ-ում, բայց դրանից նորաթուխ պատգամավորների՝ մանդատներ ստանալու ցանկությունը չէր նվազել: Մի պահ անգամ մանդատներ ստանալու համար այնպիսի հերթ գոյացավ, որ լրագրողները սկսեցին կատակել՝ «ով չհասցրեց մանդատ ստանալ, նա ուշացավ, արագացրեք՝ տեղերը խորհրդարանում սահմանափակ են»: Ի դեպ, մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների գրանցումը տեղի էր ունեցել դեռեւս մայիսի 19-ին, եւ բոլոր 40 ընտրատարածքներից ընտրված պատգամավորների, բացառությամբ թիվ 15 ընտրատարածքից ընտրված Խաչիկ Մանուկյանի, ընտրությունը ԿԸՀ-ն հաստատել էր:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք այս՝ ի տարբերություն 2003-ին տեղի ունեցած, համեստ արարողությունը բացատրվում է նրանո՞վ, որ 2003-ից հետո սա առաջին ընտրությունն է, որը «համապատասխանել է եվրոպական չափանիշներին»՝ ԿԸՀ նախագահը դժգոհությամբ պատասխանեց՝ լրագրողին հորդորելով չփչացնել իր եւ մյուսների բարձր տրամադրությունը: Նա նաեւ ասաց, որ ընտրությունների ընթացքից գոհ է եւ շնորհավորում է նորընտիր բոլոր պատգամավորներին:

Երեկ առաջինը, որ ստացավ պատգամավորի իր մանդատը, «Երեւան Գարեջուր» ՓԲԸ տնօրեն, ընտրությունների ընթացքում ՕԵԿ-ը լքած Հակոբ Հակոբյանն էր: Հենց նա էլ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի հետ միասին առաջինը շամպայնով լի բաժակով շնորհավորեց իր եւ մյուս պատգամավորների ընտրությունը: Հետո հաջորդաբար ներկայացան ԲՀԿ, ՀՀԿ եւ ավելի ուշ՝ ՀՅԴ համամասնական ցուցակներով ընտրված պատգամավորները:

Թիվ 19 ընտրատարածքից ընտրված Սեյրան Սարոյանը երկար նայեց իր պատգամավորական մանդատին: Հարցրինք՝ նկարը սիրո՞ւն է: «Ե՛ս եմ սիրուն, ե՛ս»,- արձագանքեց նորընտիր պատգամավորը: Մանդատը ստանալուց հետո լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞րն է լինելու նրա առաջին օրենսդրական նախաձեռնությունը: «Դեռ չգիտեմ, շատ հուզված եմ»,- Ս. Սարոյանի այս պատասխանի վրա կուշտ ծիծաղեցին ոչ միայն լրագրողները, այլեւ պատգամավորն ինքը: «Առավոտի» հարցին նա ասաց, թե հակված է ընդգրկվելու ԱԺ ՆԳ, ԱԱ եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Նույնը պնդեց նաեւ Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Ռուստամ Գասպարյանը:

Մանդատների հանձնման արարողության վերջում նորընտիր պատգամավորներից իրենց մանդատներն այդպես էլ չստացան «Օրինաց» երկիր» եւ «Ժառանգություն» կուսակցությունների 23 պատգամավորները, նաեւ՝ մեծամասնական ընտրակարգով Կոտայքի թիվ 28 ընտրատարածքից ընտրված ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու Լոռու մարզի թիվ 30 ընտրատարածքից ընտրված Վիկտոր Դալլաքյանը:

Արդյոք «Ժառանգություն» կուսակցության երեկ արած հայտարարությունը, որով բոյկոտվեց ոչ միայն մանդատներ ստանալու արարողությունը, այլեւ ԱԺ առաջին նիստը, ապացուցե՞ց, որ այդ կուսակցությունն, այնուամենայնիվ, «կառուցողական» ընդդիմություն չէ, ինչպես կարծում էր ՀՀԿ-ն, հարցին ՀՀ ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ 1-ին նստաշրջանի առաջին օրով ճիշտ չի լինի գնահատական տալ»: Նա միաժամանակ հիշեցրեց, որ նախորդ գումարման ԱԺ-ի աշխատանքներն էլ բոյկոտեց խորհրդարանական նախկին ընդդիմությունը, բայց դա մայիսի 12-ին դրական արդյունք այդ ուժերին չտվեց: «Դա ճիշտ մոտեցում չէ»,- արձանագրեց Տ. Թորոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել