Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԻՆ ՀՈՒՇԱԳԻՐԸ ԿԱՏԱՐՎԵ՞Ց, ՈՐ ՆՈՐԸ ԿԱՏԱՐՎԻ

Հունիս 07,2007 00:00

\"\"Որքանո՞վ է մեր իշխող մեծամասնությունը հետեւողական լինում անգամ գրավոր ամրագրված փոխհամաձայնությունների կատարմանը:

Երեկ ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի միջեւ քաղաքական կոալիցիա ստեղծելու վերաբերյալ համաձայնագրի եւ կոալիցիայի ու ՀՅԴ-ի միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողություններն առիթ դարձան հիշելու անցած խորհրդարանական ընտրություններից հետո ստորագրված նման փաստաթղթի մասին: 2003-ի հունիսի 11-ին ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ ՀՅԴ-ն ստորագրեցին քաղաքական կոալիցիայի հուշագիր, սակայն որքանո՞վ իրագործվեցին դրա դրույթները:

Ըստ հուշագրի 1.3 դրույթի՝ կոալիցիայի կողմերը գիտակցում են, որ «քաղաքական կոալիցիայի արդյունավետ գործունեությունը անհրաժեշտաբար ենթադրում է ջանքերի գործադրում տարակարծությունների նվազեցման ուղղությամբ»: Հավելենք 1.4 դրույթը, ըստ որի՝ «Կոալիցիայի կողմերը միաժամանակ գիտակցում են, որ իրենց ծրագրերի համադրումը պետք է իրականացվի բանակցությունների եւ փոխըմբռնման ճանապարհով՝ բարի կամքի դրսեւորմամբ»։ Մինչդեռ գործունեության ողջ ընթացքում կոալիցիան բզկտում էին հակասությունները, պարբերաբար սկանդալներ էին բռնկվում, ընդ որում՝ ոչ միայն ՕԵԿ-ի եւ կոալիցիոն մյուս ուժերի միջեւ, այլեւ հենց ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի: Եվ այս ամենի ընթացքում ո՛չ բանակցությունների ականատեսը դարձանք, ո՛չ էլ այդ «բարի կամքի»:

2003-ի հուշագրով հստակեցվում էին կոալիցիայի գործունեության սկզբունքները: Եվ մասնավորապես 3.2 դրույթով սահմանված էր. «Քաղաքական կոալիցիայի կողմերը պարտավորվում են համատեղ մշակել բարձրաստիճան պետական պաշտոնյաների վարչական եւ բարոյական հրապարակային հաշվետվության մեխանիզմներ»: Նման մշակված մեխանիզմների վերաբերյալ այդպես էլ հայտնի չդարձավ: ՀՅԴ գործիչները սկզբում 1-2 փորձ արեցին հրապարակային հաշվետվություն ներկայացնելու, ինչն ամեն անգամ, մեղմ ասած, խանդով էր ընդունվում ՀՀԿ-ի կողմից: Վերջինս սահմանափակվեց հաշվետվության այն ձեւով, որը գործում էր նաեւ մինչեւ հուշագրի ստորագրումը, այն է՝ ամեն տարեսկզբին նախարարները միասնական կենտրոնացված քննություններ էին հանձնում կառավարության ղեկավարին, որը նրանց գնահատում էր 5 բալանոց սանդղակով: Այս հաշվետվությունների վարչական կամ բարոյական հետեւանքների մասին պատմությունը լռում է: Եվ ահա այժմ էլ նոր հուշագրի մասին պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ դարձյալ ամրագրվել է, թե կոալիցիայի կողմերը գործելու են «բարձրաստիճան պետական պաշտոնյաների հաշվետվության արդյունավետ մեխանիզմների կիրառման հիման վրա»:

Հին հուշագրով սահմանվում էին կուսակցությունների պարտավորությունները, եւ դրանցից էր՝ «Հարգել եւ պահպանել կոալիցիայի փաստաթղթերի, կոալիցիայի միջոցով ստացված տեղեկատվության, կոալիցիայի ներսում ընթացող կամ կայացած քննարկումների խորհրդապահության սահմանված կարգը»: Ուղղակի բարեբախտություն էր լրագրողներիս համար, որ կոալիցիոն կողմերը չպահպանեցին նաեւ այս դրույթը:

Չենք կարող, սակայն, չնշել 2003-ի հուշագրի այն դրույթները, որոնք իրականացվել են: Սահմանվել էին կոալիցիայի ծրագրային առաջնահերթությունները, որոնք էին սահմանադրական բարեփոխումները, նաեւ «քաղաքական, մասնավորապես՝ ընտրական համակարգի բարեփոխումները՝ կուսակցությունների դերի բարձրացման նպատակադրումով»: Սահմանադրությունն ու «Ընտրական օրենսգիրքը» բարեփոխվեցին, համամասնական տեղերն ավելացան: Սակայն այնուամենայնիվ՝ մեղմ ասած, վիճարկելի է, թե արդյոք իրականացվե՞լ են կոալիցիայի նաեւ այլ առաջնահերթությունները. «ընդգծված սոցիալական ուղղվածության տնտեսական քաղաքականության իրականացումը, հակամենաշնորհային քաղաքականությունը եւ ազատ մրցակցային տնտեսության երաշխավորումը, կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ պայքարը»։ Համենայնդեպս, 2007-ի կոալիցիան էլի իր առաջնահերթությունն է հռչակել ստվերային տնտեսության էական կրճատումն ու կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մեծացումը:

Էլի խիստ վիճելի է, թե արդյոք պահպանվե՞լ է 2003-ի հուշագրի նաեւ հետեւյալ դրույթը. «Կադրային նշանակումների ժամանակ պետք է առաջնորդվել արհեստավարժության, քաղաքական փորձառության սկզբունքներով»։

Ու թերեւս հին կոալիցիոն ուժերի միջեւ ձեռք բերված ամենակարեւոր պայմանավորվածությունը. «Կառավարության հավաքական պատասխանատվության եւ խորհրդապահության սկզբունքները կիրառելի են բոլոր դեպքերում»: Մինչդեռ նախընտրական այս քարոզարշավի ընթացքում ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը հոգնեց կրկնելուց, թե վերջում միշտ ստացվում է՝ միայն ՀՀԿ-ն է պատասխանատվություն կրում, համենայնդեպս՝ բացասական երեւույթների համար, իսկ դաշնակից մյուս ուժերն իրենց վերագրում են արված միայն լավ գործերը: Եվ այս նախադեպն աչքի առաջ ունենալով՝ արդեն բացարձակ մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն էլի նոր հուշագրեր ստորագրեց, որոնց հազիվ թե չվիճակվի նույն՝ գերազանցապես թղթի վրա մնալու ճակատագիրը: Բայց դե՝ մարդիկ ինչերի վրա ասես, որ աչք չեն փակի՝ հանուն նախագահական ընտրություններում աջակիցների ապահովման եւ ընդդիմադիրների շարքերն առավել չստվարացնելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել