Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ նախագահը լավատես է

Հունիս 06,2007 00:00

Երեկ ՀՀ ԱԳՆ-ում կայացած մամուլի ասուլիսին ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտաքին գործերի նախարար Միգել Անխել Մորատինոսը, որը Երեւան էր ժամանել Բաքվից, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին կոչ արեց օգտագործել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար գոյություն ունեցող ներկայիս հնարավորությունը: «Լավատեսությամբ եւ հույսով նայեք ապագային, ոչ թե անցյալին»,- հորդորեց ԵԱՀԿ նախագահը:

Վերջինիս խոսքերով, այսօր բավարար հիմքեր կան ակնկալելու, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ հունիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման արդյունքում առաջընթաց կգրանցվի: Մորատինոսի համոզմամբ, այդ կարգի երկխոսությունները նպաստում են խնդրի լուծմանը: «Մենք ամեն ինչ կանենք՝ նպաստելու հարցի հնարավորինս արագ կարգավորմանը»,- վստահեցրեց ԵԱՀԿ գործող նախագահը:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր հերթին նշեց, որ նախագահների մակարդակով յուրաքանչյուր հանդիպում որոշակի հույսեր եւ ակնկալիքներ է առաջ բերում: «Այսօր կա առաջընթացի հասնելու որոշակի հիմք: Եթե նախագահների հանդիպմանը էական առաջընթաց չգրանցվի՝ աշխատանքը կշարունակվի Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով»,- ասաց Օսկանյանը: Պատասխանելով իսպանացի լրագրողի այն հարցին, թե ԼՂ հակամարտության համատեքստում հայկական կողմի համար ո՞ր խնդիրներն են առավել սկզբունքային, ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ առաջին հերթին կարեւորվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը: «Հակամարտությունը սկսվել է հենց այդ իրավունքի անտեսման պատճառով: Մյուս բոլոր հարցերը Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի, ճնշման փորձերի հետեւանքն են»,- պարզաբանեց Վ. Օսկանյանը:

Ինչպես եւ սպասվում էր, ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձ կատարեց նաեւ Հայաստանում վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին: «Շնորհավորում եմ նախարարին եւ ողջ հայ ժողովրդին՝ շատ հաջող ընթացած ընտրությունների եւ դիտորդների կողմից դրանց տրված դրական գնահատականի կապակցությամբ»,- հայտարարեց Մորատինոսը, հավելելով, որ այս ընտրությունները հերթական քայլ էին ժողովրդավարության ճանապարհին, ինչը «կնպաստի ժողովրդավարական գործընթացի հետագա առաջընթացին»: «Կարծում ենք, առաջիկա նախագահական ընտրությունները նույն ոգով կընթանան»,- նաեւ հույս հայտնեց Իսպանիայի արտգործնախարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել