Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՅՍՕՐ ՀԵՆՑ ԱՅԴ ՕՐՆ Է

Հունիս 06,2007 00:00

\"\"«Բարգավաճը» ներկայացրել է պատգամավորների իր ցուցակը

Ըստ ամենայնի, երեկ ուշ գիշեր վերջապես ավարտվեցին նախագահական, կուսակցական, քաղաքական, պաշտոնական, տղայական եւ այլ կարգի բոլոր առեւտուրները, քանի որ այսօր արդեն հենց այն օրն է, երբ նորընտիր Ազգային ժողովի նոր եւ համեմատաբար նոր երեսփոխանները կստանան այնքան սպասված պատգամավորական մանդատները: Կստանան, եթե ԿԸՀ-ն հասցնի դրանք տպագրել, վավերացնել եւ բաժանել, քանի որ երեկ, օրվա ավարտին (ժամը 19-ի սահմաններում), ԿԸՀ-ում ոչ ոք չգիտեր, թե ե՞րբ, որտե՞ղ եւ ի՞նչ պայմաններում են նորաթուխ պատգամավորներին հանձնվելու պատգամավորական մանդատները (ԿԸՀ բոլոր պատասխանատուներն այդ ժամին գտնվում էին ՍԴ-ում), եւ ընդհանրապես՝ այդ մանդատները ե՞րբ են տպագրվելու: Իրավիճակն իրոք հետաքրքիր է, եւ եթե այսօր մարդիկ մանդատներ չստանան, ապա պարզ չի լինի, թե վաղը կայանալիք չորրորդ գումարման ԱԺ անդրանիկ նիստին ովքեր են մասնակցելու եւ ինչպես: Մեր տեղեկություններով, իշխանական միակ կուսակցությունը, որը երեկ ժամը 15-ի դրությամբ ԿԸՀ է ներկայացրել իր համամասնական ցուցակի՝ խորհրդարան անցածների անունները, եղել է «Բարգավաճ Հայաստանը»: (Ընդդիմադիր երկու կուսակցությունները դա արել էին վաղօրոք): ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն օրվա ավարտին էլ դա դեռ չէին արել: Հավանաբար՝ ԿԸՀ նիստը, որը պետք է հաստատի այդ ցուցակները եւ որոշում կայացնի մանդատները հանձնելու մասին, տեղի կունենա այսօր, եւ դրանից հետո միայն ԿԸՀ-ն կտպագրի եւ կբաժանի մանդատները:

Իսկ կառավարության կազմի մասին որոշումը կլինի առաջիկա օրերին: Թե ում ինչ է տրվելու, մամուլը, բնականաբար, գրեց բոլոր հնարավոր եւ անհնարին տարբերակներով: Մնում է ամփոփել եւ ներկայացնել այն տեղեկությունները, որ ունենք այս պահի դրությամբ: Այսպիսով՝ ԱԺ-ում պաշտոնները բաժանվում են այսպես. Տիգրան Թորոսյան՝ նախագահ, փոխնախագահներ՝ Վահան Հովհաննիսյան եւ Իշխան Զաքարյան: ԱԺ մշտական հանձնաժողովներում նախագահներ կաշխատեն՝ Դավիթ Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը, Արա Բաբլոյանը, Արթուր Աղաբեկյանը, Հրանուշ Հակոբյանը, Գագիկ Մինասյանը:

Կառավարությունում Հանրապետականը կունենա լիուլի նախարարներ եւ փոխնախարարներ, ինչպես նաեւ այլ բարձրաստիճան չինովնիկներ: Չեն նեղացնի նաեւ ԲՀԿ-ին. այս կուսակցությանը կտրվեն նախարարական երկու պորտֆել, նաեւ մարզպետի մեկ եւ մի քանի փոխնախարարների պորտֆելներ:

Երեկ ԲՀԿ մամուլի հարցերի պատասխանատու Բաղդասար Մհերյանն արդեն տեղեկացրել է, որ կուսակցության համամասնական ցուցակով առաջադրվածներից հետեւյալ 10 անձինք չեն ցանկացել դառնալ պատգամավոր` Արամ Իսաբեկյան, Վարդան Վարդանյան, Հարություն Քուշկյան, Վարդեւան Գրիգորյան, Վահրամ Առաքելյան, Արծրուն Ավագյան, Տիտալ Ջնդոյան, Ամալյա Սարիբեկյան, Արտաշես Բախշյան եւ Շամիրամ Աղաբեկյան: Իսկ սա նշանակում է, որ այս անձինք կամ կշարունակեն աշխատել իրենց՝ այս պահին զբաղեցրած պաշտոններում, կամ կստանան այլ պաշտոն: Բաղդասար Մհերյանի փոխանցմամբ, խմբակցության կազմում կլինեն Գագիկ Ծառուկյանը, Գոհար Ենոքյանը, Իշխան Զաքարյանը, Վարդան Բոստանջյանը, Մխիթար Մնացականյանը, Արեւիկ Պետրոսյանը, Արամ Սաֆարյանը, Էռնեստ Սողոմոնյանը, Ավետ Ադոնցը, Կարո Կարապետյանը, Մուրադ Գուլոյանը, Վահե Հովհաննիսյանը, Արմեն Մախսուդյանը, Արշակ Մխիթարյանը, Արմեն Աբրահամյանը, Հարություն Կարագյոզյանը, Ռոբերտ Զաքարյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Արսեն Ավագյանը:

Մեր տեղեկություններով, ՀՅԴ ցուցակից, ի թիվս տղամարդկանց, պատգամավոր կդառնան երեք դաշնակցական կին՝ Ալվարդ Պետրոսյան, Ռուզան Առաքելյան եւ Լիլիթ Գալստյան:

Կառավարության մասին շրջանառվում են այսպիսի տեղեկություններ: ՀՀ նոր կառավարությունը լինելու է երկանդամանի կոալիցիոն, քանի որ կոալիցիայի մաս են կազմելու Հանրապետականը եւ «Բարգավաճ Հայաստանը», իսկ Դաշնակցությունը այս կոալիցիայի հետ կկնքի գործընկերային համագործակցության հուշագիր: Այս համագործակցության ենթատեքստում ՀՅԴ-ն կպահպանի երկու նախարարական պորտֆել՝ կրթության եւ գիտությանը, գյուղատնտեսությանը եւ մեկ մարզպետի պաշտոն: Ըստ ամենայնի՝ դա կլինի Արագածոտնի մարզը, Գաբրիել Գյոզալյանը կշարունակի պաշտոնավարել: Չի բացառվում, որ կսառեցվի հենց այս մարզպետի ՀՅԴ անդամությունը:

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեր հարցին պատասխանելով՝ ասաց, որ ՀՀԿ-ն իր ցուցակը ԿԸՀ կներկայացնի այսօր: Պատգամավորական մանդատները կհանձնվեն երեկոյան: Երեկ օրվա ավարտին Դաշնակցությունը եւ Հանրապետականը խորիմաստ լռություն էին պահպանում եւ չէին հրապարակում իրենց պատգամավորական ցուցակների ու կառավարության նոր անդամների անունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել