Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ՀՈՒՆԻՍԻ 1-Ը ՆՇՎԵՑ ԵՐԳ ՈՒ ՊԱՐՈՎ

Հունիս 05,2007 00:00

\"\"Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ACP-ն ալավերդցի մանուկների համար շքեղ տոնախմբություն էր կազմակերպել: \"\"

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ը, Ալավերդի քաղաքում նշվեց մշակութային եւ սպորտային միջոցառումներով: Քաղաքի «Մետալուրգ» մարզադաշտում հարյուրավոր դպրոցական եւ դպրոցահասակ երեխաներ իրենց մարզական եւ երաժշտական հմտություններն էին ցուցադրում: 10 սեկցիաների բաժանված մարզադաշտում ալավերդցի երեխաները հանդես եկան մի քանի մարզաձեւերով՝ ոտքի վոլեյբոլ, պարանի ձգում, մարտարվեստ, կարատե եւ այլն: Ազատ ոճի ըմբշամարտի դպրոցի թիմը ցուցադրեց ուժային վարժություններ, շախմատի դպրոցի սաները միմյանց հետ մրցեցին: Տասներկուամյա Դավիթը մեկ անգամ պարտվեց իր ընկերոջը, մեկ անգամ էլ հաղթեց: Նրա պատմելով, ինքը մեծ հաճույքով ամեն օր կհաճախեր շախմատի դասերի, քան մաթեմատիկայի. «Ափսոս, որ մենակ շաբաթ ու կիրակի օրերին ենք գնում շախմատի, ինձանից լիներ՝ մենակ շախմատի կգնայի»: Մեր հարցին, թե ի՞նչ մասնագետ է ցանկանում դառնալ, շախմատասեր Դավիթը պատասխանեց՝ «ֆուտբոլիստ»: Սպորտային վարժություններից բացի, երեխաները հանդես եկան նաեւ երաժշտական եւ պարային կատարումներով: Ալավերդիի մշակույթի պալատի սաները ներկայացրին ժամանակակից եւ ժողովրդական պարեր, իսկ Ռ. Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի երեխաները կատարեցին «Ուր Է գնում մանկությունը» երգը:

ACP ընկերության աջակցությամբ՝ Երգի պետական թատրոնի եւ «Արայի դանս շոուի» փոքրիկ սաներն էլ երգ ու պարով շնորհավորեցին ալավերդցի մանուկներին:

Միջոցառման կազմակերպիչների հավաստմամբ, արդեն յոթերորդ տարին է, որ երեխաներին վերաբերող բոլոր տոներն Ալավերդիում նշվում են: «Մենք միջոցառումներ ենք կազմակերպում ե՛ւ քաղաքապետարանի հետ համատեղ, ե՛ւ առանձին, օրինակ՝ Վերջին զանգը, սեպտեմբերի մեկը: Բացի նմանատիպ միջոցառումներից, մենք ամեն ամառ երեխաների համար կազմակերպում ենք բակային ճամբարներ, որպեսզի նրանք ամառային արձակուրդները հետաքրքիր անցկացնեն, նրանց նաեւ ուղարկում ենք Հանքավանի, Սեւանի ամառային ճամբարները՝ հանգստանալու: Հիմնականում ուղարկում ենք մեր ընկերության աշխատակիցների երեխաներին, բայց նաեւ տեղ ենք հատկացնում քաղաքի սոցիալապես առավել անապահով ընտանիքների երեխաներին»,- հավաստիացնում է ACP ընկերության Ընդհանուր հարցերով վարչության պետ Անդրանիկ Ղամբարյանը:

Ալավերդիի քաղաքապետ Արթուր Նալբանդյանի խոսքերով՝ արդեն 2 տարի է, որ բոլոր միջոցառումների առյուծի բաժինը ACP ընկերությունն է հոգում. «Այսօրվա միջոցառման հետ կապված պետք է ասեմ, որ ֆինանսական մեծ ծախսեր չունենք, միայն կազմակերպչական ծախսերն է քաղաքապետարանը արել, իսկ համերգայինը՝ ACP- ն: Ես 2 տարի է՝ ինչ քաղաքապետ եմ եւ պարոն Վալերի Մեջլումյանի հետ շատ լավ համագործակցում ենք, իսկ մեր նորմալ մարդկային հարաբերություններից քաղաքը միայն շահում է»: Քաղաքապետի խոսքերով՝ 2 տարի առաջ քաղաքի մանկապարտեզներում ընդամենը 150 երեխա կար, իսկ այսօր այդ թիվը կրկնապատկվել է, որովհետեւ 100 երեխայի համար մանկապարտեզ հաճախելու վարձը ACP ընկերությունն է վճարում: Ա. Նալբանդյանի ներկայացմամբ՝ քաղաքում աճում է երեխաների ծնունդը, քանի որ ամեն նորածին երեխայի քաղաքապետարանը տրամադրում է 10.000 դրամ:

Այսօր Ալավերդիում գործում են 6 մանկապարտեզ եւ 10 դպրոց: Ընդ որում, փոխքաղաքապետ Արտավազդ Վարոսյանի վստահեցմամբ, նման փոքր քաղաքի համար 6 մանկապարտեզ ունենալը շատ է, քանի որ նույն բնակչությամբ այլ քաղաքները բավարարվում են 1-2 մանկապարտեզով. «Ելնելով քաղաքի աշխարհագրական դիրքից, քաղաքի կտրտվածությունը հաշվի առնելով, մենք բարելավում ենք եղած մանկապարտեզները, որովհետեւ ծայրամասում բնակվող երեխան հնարավորություն չէր ունենա իր տնից հեռու գտնվող մանկապարտեզը հաճախել: Չնայած այդ թվով մանկապարտեզներ ունենալը բյուջեի համար մեծ ծախսեր է, բայց մենք մեր երեխաների համար անում ենք ամեն ինչ»:

Թեեւ քաղաքը փոքր է, իսկ բնակչությունը՝ սակավաթիվ, այնուամենայնիվ, քաղաքի պատասխանատուներն անում են հնարավորինս, որպեսզի Ալավերդիի մանուկների առօրյան անցնի հետաքրքիր եւ բովանդակալից: Ալավերդիում կան 2 մարզադպրոց, ըմբշամարտի, կարատեի, շախմատի դպրոցներ: Գործում են նաեւ մշակույթի պալատներ, մանկական ստեղծագործական կենտրոն, որտեղ երեխաները սովորում են գոբելեն, ասեղնագործություն եւ փայտի վրա աշխատել: «Տարեցտարի նման խմբակներում երեխաների ընդգրկվածությունն ավելանում է: Անցյալ տարի ընդամենը 800 երեխա էր հաճախում խմբակներ, իսկ այս տարի՝ արդեն 1200: Երեխաների օրը նշում ենք ոչ թե նրա համար, որ հերթական օրացուցային տոն է, այլ մեկ անգամ էլ համաքաղաքացիների հետ միասին, հաշվետվության կարգով ուզում ենք ներկայացնել, թե ինչով են զբաղվում մեր երեխաները եւ ինչ մտավոր ու ֆիզիկական ընդունակություններ ունեն: Չնայած մանուկների համար ամեն ինչ անում ենք, բայց դեռ շատ անելիքներ կան, որովհետեւ երեխաների օր ասելով՝ առաջին հերթին հասկանում ենք երեխաների ֆիզիկական առողջության, իրավունքների պաշտպանություն, առողջ մանկություն: Այսօրվա մեր մանչուկները վաղվա մեր զինվորներն են, աղջիկները՝ վաղվա մեր մայրերը, առողջ սերունդ դաստիարակելով՝ մենք մեր ապագան ենք կառուցում»,- ասում է փոխքաղաքապետը:

Նրա ներկայացմամբ, ACP ընկերության «Մանես» հիմնադրամի օգնությամբ բազմաթիվ անգամ կազմակերպվել են նմանատիպ շքեղ միջոցառումներ, եւ իրենց աշխատանքի լավագույն գնահատականը տալիս է ժողովուրդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել