Այդպես է կարծում ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը
Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանը շարունակեց ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների վիճարկման կապակցությամբ «Իմպիչմենտ» դաշինքի, «Հանրապետություն», «Նոր ժամանակներ» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների դիմումների քննությունը: Դատարանն աշխատել էր նաեւ շաբաթ օրը:
«Նոր ժամանակներ» կուսակցության ներկայացուցիչ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ռուբեն Թորոսյանը հանդես եկավ մի քանի միջնորդություններով: Նա միջնորդեց, որպեսզի այս գործի քննությանը ներգրավվեն մի քանի պատասխանողներ եւս, մասնավորապես՝ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ վարչապետը, Երեւանի քաղաքապետարանը, դատարանների նախագահների խորհուրդը, կառավարության մարդասիրական օգնության եւ վարկային ծրագրերի ներկայացուցիչները, ինչպես նաեւ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանն առաջարկեց մերժել միջնորդությունները, մի դեպքում ասելով, թե դիմող կողմը չի հիմնավորել, թե ինչու են դատարան կանչվում Երեւանի քաղաքապետը, մարդասիրական օգնության ծրագրերի ներկայացուցիչները: Ինչ վերաբերում էր ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը՝ որպես վկա դատակոչելուն, Գ. Ազարյանն ասաց, թե «Դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիայով» ԵԱՀԿ-ն պարտավոր չէ որպես վկա հանդես գալ:
Միջնորդություն եղավ նաեւ «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցչի՝ փաստաբան Վահե Գրիգորյանի կողմից. նա գտնում էր, որ Դավիթ Հարությունյանի՝ որպես արդարադատության նախարարի, Դավիթ Հարությունյանի՝ որպես Հանրապետական կուսակցության անդամի շահերի միջեւ բախում կա: Այս միջնորդության Գ. Ազարյանի առարկությունն էլ եղավ այն, թե «Դավիթ Հարությունյանը որպես անձ չէ ներգրավված, այլ որպես մարմին» (նկատի ունեն արդարադատության մարմինը- Ռ. Մ.):
«Իմպիչմենտ» դաշինքը բացատրություններն ավարտեց: Ըստ Վ. Գրիգորյանի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր գործողությունները ծավալել է է Սահմանադրությանը չհամապատասխանող ակտերի հիման վրա: Նա ասաց, որ ԱԺ ընտրությունների ընդհանուր, ազատ եւ գաղտնի լինելու սկզբունքը խախտվել է, իսկ ՀՀ նախագահի եւ վարչապետի կողմից ծավալված գործունեությունը նպաստել է դրան:
Փաստաբան Վ. Գրիգորյանը մեկ սենսացիոն բացահայտում էլ արեց. ըստ նրա՝ «չհերքված լուրեր կան, որ գոյություն ունի դատարանի որոշում՝ Նիկոլ Փաշինյանի հեռախոսը գաղտնալսելու մասին»: Նա միջնորդեց նաեւ որպես հարակից պատասխանող ճանաչել Ազգային ժողովին, որն ընդունել է ԸՕ-ն:
«Իմպիչմենտի» մեկ այլ ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Վահագն Հովակիմյանն անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «զանգվածային խախտումներով լի» նախընտրական քարոզարշավին, իր հերթին միջնորդելով որպես վկա դատակոչել վերոհիշյալ կուսակցության հիմնադիր նախագահին: Լրագրողը հայտարարեց, որ ԲՀԿ-ի ֆինանսական աղբյուրները եղել են անհայտ. «Ասվում է, որ կուսակցությունը չի ունեցել դրամական միջոցների մուտքուելք,- եւ հարցրեց,- որտեղից են քաղաքացիներին բաժանվել այդ գումարները, որոնց մասին ահազանգել է նաեւ մամուլը»: Մամուլի հրապարակումները, ըստ դիմող կողմի՝ մնացել են անհետեւանք: Վ. Հովակիմյանի բնորոշմամբ՝ կատարվածը համապատասխանում է «կոռուպցիա» բառի սահմանմանը: Ի դեպ, ըստ լրագրողի, ԲՀԿ-ն մինչ ընտրությունները ծախսել է 4 մլն դոլար, իսկ ՀՀԿ-ն՝ 9 մլն դոլար:
«Իրավաշուստրիների» հարցին անդրադարձավ «Իմպիչմենտ» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նրան մի քանի անգամ ընդհատեց Գագիկ Հարությունյանը, երբ Ն. Փաշինյանն ասաց, թե ԸՕ-ն վավերացրել է «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդը» կամ՝ «Իրավագիտություն չի կարելի համարել շուստրիությունը: Սա ռոբոտացնել է, սերժանտացնել եւ դոդացնել»: Երեւույթը, ըստ Ն. Փաշինյանի, «Պետական անմեղսունակություն է», երբ պետության ներսում ինչ-որ բաներ են արվում, այն էլ՝ մի քանի մարդու մասնակցությամբ: Դիմումատու մեր գործընկերը բերեց հասցեներ, որոնց հասցեատերերը, օրինակ՝ նույն տանը «գրանցվածներն» ու ընտրություն կատարածները միմյանց չեն ճանաչել, հասցեներ, որոնք իրականում գոյություն չեն ունեցել, մահացածներ, որոնք ակտիվորեն ընտրել են: Նա առաջարկեց, որպեսզի ձեւավորվի բազմակողմ հանձնաժողով եւ ժամանակավորապես կասեցվի ՍԴ-ում գործի վարույթը, քանի որ անհրաժեշտ է բարձրացված հարցերի բազմակողմանի քննություն: