Արդյոք մարզպետի պաշտոնին հավակնո՞ւմ է «Բարգավաճ Հայաստանի» Գյումրիի տարածքային կազմակերպության ղեկավար Արտաշես Սարգսյանը:
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր հարցազրույցում Արտաշես Սարգսյանին, որը նախկինում Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետն էր՝ ներկայացրել էր գրեթե իբրեւ իր կողմնակցի, նշելով՝ «Արտաշես Սարգսյանն ինձ համար շատ լավ ելույթներ է ունեցել եւ մշտակա՛ն: Ամբողջ մարզպետարանի դեմ ելավ մարդն ու ասեց, որ միակ աշխատող մարդը սա՛ է: Դրա համար գործից հանեցին, շատերի դուրը չեկավ»: Իրավապահ համակարգի մի պաշտոնյա մեզ փոխանցեց, թե իրականում պրն Սարգսյանը պաշտոնանկ է եղել չարաշահումների պատճառով: Բայց ահա թե ինչպես բացատրեց աշխատանքից իր ազատվելը ԲՀԿ Գյումրիի պատասխանատուն. «Ինձ գործից չէին կարող հանել, քանի որ քաղծառայող էի: Ես ազատվել եմ իմ դիմումի համաձայն՝ անհամատեղելիություն ունենալով մարզպետ Ռոմիկ Մանուկյանի հետ: Վարդան Ղուկասյանը երեւի նկատի է ունեցել, որ երբ ես քաղաքաշինության վարչության պետն էի՝ բնականաբար, մեր աշխատանքները «բախվում էին». Գյումրիի քաղաքաշինությանն առնչվող հարցերը շատ ավելին էին, քան մնացած մարզում: Մենք շփվել ենք բնակարանների բաշխման խնդիրների կապակցությամբ, համագործակցել ու լավ ենք հասկացել իրար: Իմ եւ նրա համատեղ աշխատանքը ստացվել է: Պետական աշխատանքի ընթացքում մենք շատ մոտ հարաբերություններ ենք ունեցել՝ փոխզիջման գնացել եւ այլն: Հիմա երեխաների սինդրոմը մեզ վրա ազդեց, թե չէ՝ մենք Վարդան Ղուկասյանի հետ բացարձակապես որեւէ կոնֆլիկտ չենք ունեցել: Ես ե՛ւ նրա հետ եմ մոտ, ե՛ւ նրա եղբոր՝ Գեւորգի հետ: Հիմա է, որ, բնականաբար, սրացում կա: Չնայած հակված եմ նրան, որ նրա՛նն էլ է երեխա, մե՛րն էլ, եւ ճիշտ է՝ պիտի ստանան իրենց արժանի պատիժը, բայց ոչ այնպես խիստ, ինչպիսի հնչեղություն է ստացել այսօր»:
«Շանթին» տված հարցազրույցում Արտաշես Սարգսյանը նշել էր. «Այսօր, կարծում եմ, Շիրակի մարզին շատ հզոր մարզպետ է պետք»: Եվ հավելել, որ պատրաստ է աշխատել թե՛ Գյումրիի քաղաքապետ, թե՛ Շիրակի մարզպետ: Սակայն այժմ մեր հարցին, թե իրո՞ք հավակնում է այդ պաշտոններին՝ ԲՀԿ-ի Գյումրիի տարածքային կազմակերպության ղեկավարը պատասխանեց. «Իհարկե, ո՛չ: Այդ խնդիրները ես չեմ լուծողը: Ընդհանրապես, չեմ գնացել ու հետաքրքրվել: Իհարկե, եթե չլինեին այս դեպքերը… ես ոչ թե հավակնում եմ, այլ ուղղակի իմ անցած ճանապարհով համարում եմ ինձ պատրաստ կատարելու այդ աշխատանքները: Ե՛վ մարզպետի, ե՛ւ Գյումրիի քաղաքապետի պաշտոններից բխող աշխատանքներն ինձ համար ոչ մի դժվարություն չեն ներկայացնում, եւ ինձ համար սովորական են, քանի որ ես Գյումրիի հիմնախնդիրները գիտեմ լիովին»: