Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԵՔԻԱԹՈՒՄ» ԵՐԵԽԱՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԵՆ

Հունիս 05,2007 00:00

Մանկապարտեզի գերբեռնված լինելու պատճառով՝ երեխաների հետ դժբախտ պատահարներ են լինում:

Օրերս Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող «Հեքիաթ» մանկապարտեզում դժբախտ դեպք է պատահել. երեխաներից մեկը, քթի վնասվածքով, մանկապարտեզից տեղափոխվել է Մալաթիայի հիվանդանոց, այնտեղից էլ՝ «Արմենիա» բուժկենտրոն: Սա «Առավոտին» հաստատեցին նաեւ այդ հիվանդանոցից:

Թե ինչպես է պատահել դեպքը՝ մանկապարտեզում ոչ ոք չցանկացավ պատմել: Ավելին, ոչ միայն մանկապարտեզի տնօրենը, այլեւ բոլոր դաստիարակչուհիները, դայակները, տնտեսվարը, անգամ հավաքարարները միաբերան հավաստիացնում էին, թե «երեւի շփոթել եք, նման դեպք մեր մանկապարտեզում չի եղել»: Տնօրեն Նունե Եղոյանը «Առավոտի» հետ զրույցում «ամենայն պատասխանատվությամբ» հայտարարեց՝ «մեզ մոտ ոչ մի դեպք չի եղել, Աստված չանի՝ լինի: Դուք նայեք ձեր կողքերը, տեսեք՝ ուրիշ մանկապարտեզներում ինչեր են կատարվում, մեր մանկապարտեզը լավագույններից է, վատ բաներ փնտրելու փոխարեն՝ մեր հանդեսների, մեր հրաշալի միջոցառումների մասին գրեք»: Չնայած մանկապարտեզի պատասխանատուները հերքեցին, բայց իրականում, մոտ 10 օր առաջ, ընկեր Գայանեի խմբում ընդգրկված 3-4 տարեկան մի երեխա մանկապարտեզում խաղալիս ընկել է ու քթի վնասվածք է ստացել, ընդ որում՝ քնի ժամին:

Խնդիրն այն է, որ այս մանկապարտեզում այնքան շատ երեխա են ընդունել, որ գույքն այլեւս չի բավականացնում: Ինչպես մեզ բողոքեց «Հեքիաթի» սաներից մեկի ծնողը՝ քանի որ մանկապարտեզում անգամ մահճակալները քչություն են անում, ստիպված դաստիարակչուհիները երեխաներին հերթով են քնացնում: Այդ է պատճառը, որ պատահարի օրը քիթը վնասած երեխան, քնած լինելու փոխարեն, պարզապես խաղալիս է եղել ու ընկել, որի պատճառով էլ նրան տեղափոխել են հիվանդանոց:

Թե ինչու էր մանկապարտեզի տնօրեն Նունե Եղոյանը պատահարը խնամքով թաքցնում՝ հասկանալի է: Նա, հավանաբար, կատարվածի մեջ տեսնում էր նաեւ իր մեղքի բաժինը, որովհետեւ երեխաներին մանկապարտեզ՝ ինքն է ընդունում: Յուրաքանչյուր երեխայի համար ծնողը տնօրենին վճարում է ամսական 5000 դրամ, ուստի տնօրենը, 5000 դրամ եկամուտը չկորցնելու համար, մինչ օրս էլ շարունակում է ընդունելությունը, չնայած շենքային եւ գույքային սահմանափակ հնարավորությանը:

Ուշագրավ է, որ սա առաջին դեպքը չէ, երբ այս մանկապարտեզում նման դժբախտ պատահար է լինում: Դեռ 1 տարի էլ չկա, երբ «Հեքիաթում» եւս մի պատահար էր եղել. երկու երեխաներ վեճի էին բռնվել ու նրանցից մեկի ծնոտն էր վնասվել (07. 09. 2006թ.): Երկու դեպքում էլ խնդիրը դաստիարակչուհու անտարբերությունը չէ. մեկ խմբում ընդգրկված երեխաների քանակն այնքան մեծ է, որ դաստիարակչուհին, անգամ մեծ ցանկության դեպքում, ֆիզիկապես ի վիճակի չէ հետեւել ու անհատական մոտեցում ցուցաբերել բոլոր երեխաներին: Ի՞նչ կարող է անել դաստիարակչուհին, եթե տնօրենը նրա հսկողության տակ է թողնում 40 երեխայի, այլ մանկապարտեզներում այդ թիվը հազիվ 20 է:

Այն, որ «Հեքիաթ» մանկապարտեզում երեխաներն ավելի շատ են, քան թույլ են տալիս շենքային պայմանները եւ գույքային հնարավորությունները՝ դժվար չէ ստուգել. բավական է իմանալ մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը, մտնել սենյակներ եւ հաշվել մահճակալները: «Հեքիաթի» տնտեսվարի ներկայացմամբ՝ «մեզ մոտ սանէպիդկայանից եւ թաղապետարանից հաճախ գալիս-ստուգում են եւ միշտ էլ գոհ են մնում»: Սակայն երբ փորձեցինք մենք մտնել մանկապարտեզի սենյակներ, տեղում հաշվել մահճակալները եւ լուսանկարել՝ «Առավոտին» չթույլատրեցին:

Նկատենք, որ այս օրերին մանկապարտեզ հաճախող երեխաների թիվն այնքան էլ մեծ չէ՝ կախված սեզոնից: Սեպտեմբերին, ծնողների հավաստիացմամբ՝ «Հեքիաթում» տեղ ու դադար չի լինում: Չնայած այս մանկապարտեզին թույլատրվում է ընդունել մինչեւ 280 երեխա, բայց սեպտեմբերին այդ թիվը հասնում է 300-350-ի: Եթե նույնիսկ մանկապարտեզ հաճախող երեխաների ընդհանուր թիվը 281 լինի, դա արդեն անթույլատրելի է, որովհետեւ դրանից է կախված երեխաների անվտանգությունը: Դեռ քանի՞ դժբախտ պատահար պետք է լինի «Հեքիաթում», որպեսզի տնօրենը դադարի երեխաներին նայել որպես հերթական «5000-ական դրամը» եւ բավարարվի այդ մանկապարտեզին թույլատրված 280 երեխայով: Ի դեպ, անգամ 280 երեխայի դեպքում տնօրենը ամսական ստանում է 1 մլն 400 հազար դրամ, բացի այդ, հաշվի առնելով, որ մանկապարտեզի երեխաների մի մասն օգտվում է նաեւ «Հեքիաթի» ներսում գործող քոլեջի ծառայություններից ու վճարում 7000 դրամ՝ ամեն ամիս տնօրենը ստանում է 2 մլն դրամից ավելի գումար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել