Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ-ՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵ՞Ր ԵՆ

Հունիս 05,2007 00:00

Երեկ «Ալյանս» կազմակերպության նախաձեռնած քննարկման ընթացքում Իգոր Մուրադյանը հայտարարեց. «Ղարաբաղն ունի նախագահ, խորհրդարան, քաղաքացիական հասարակություն:

Ես կեղծավորություն չեմ անում, ոչ: Այդ մարդիկ քաղաքական հանցագործներ են: Ես կարծում եմ, որ պետք է հավաքել հասարակական տրիբունալ եւ նրանց մեղադրել պետական դավաճանության համար: Փաստեր կան, փաստեր միշտ կլինեն»: Նրա կարծիքով, պետք է սկսել հենց դրանից, ոչ թե տարածքները չհանձնելու պատմական հիմնավորումների մասին խոսակցություններից: Ըստ Իգոր Մուրադյանի՝ Ղարաբաղի իշխանությունը միշտ եղել է մի կողմ քաշված, ամբողջ խոսակցությունը գնացել է Հայաստանի իշխանության վրա, իսկ ԼՂՀ ղեկավարությունը եղել է քննադատության շրջանակից դուրս. «Քննադատությունից դուրս, հանկարծ, Աստված չանի, մի բան տեղի ունենա: Ինչ տեղի էր ունենալու՝ արդեն ունեցել է: 2006 թվականը ցույց տվեց, որ լիակատար կապիտուլյացիա է: ԼՂՀ խորհրդարանը չասաց ոչ մի խոսք, քաղաքական ուժերը, այդ թվում եւ ՀՅԴ-ն, իսկ այնտեղ այդ ուժը գոյություն ունի, չասացին որեւէ բառ: Այդ արձագանքը, այսինքն՝ արձագանքի բացակայությունը վերահսկում էր Արկադի Ղուկասյանը, եւ ստեղծվեց տպավորություն, որ ընդհանուր առմամբ բոլորը կողմ են այդ նահանջի գործընթացին, որ տեղի ունենա»: Ըստ նրա, Ղարաբաղի ղեկավարությունն ամեն ինչ բարդում է Հայաստանի վրա, իսկ Հայաստանի ղեկավարությունն էլ ասում է, թե իբր կա արտաքին ճնշում: Իրականում որեւէ ճնշում չկա, եւ որեւէ մեկը չի կարող ապացուցել, որ ճնշում կա, ասում է Իգոր Մուրադյանը: Ըստ նրա, Հայաստանում եւ Ղարաբաղում պարզապես չկա մի ուժ, որ կարողանա հարաբերվել արտաքին աշխարհի հետ. «Խոսքն այն մասին է, որ գտնվի արտաքին աշխարհի հետ շփման քաղաքական ռեսուրս: Ահա ամբողջը: Այդ ռեսուրսը բացարձակապես բացակայում է»:

Իգոր Մուրադյանը նաեւ նշեց. «Ոչ մի մարդ չասաց, որ պատրաստվում է Ղարաբաղի նախագահի ընտրություն, պատրաստվում է հերթական քաղաքական հանցագործությունը: Ղարաբաղի պետության ղեկին կարող է հայտնվել պրոֆեսիոնալ թմրամոլը եւ ոչ պրոֆեսիոնալ ԿԳԲ-ականը: Եվ այդ ամբողջը պարտադրվում է այդ ժողովրդին՝ առանց հարցնելու ոչ մի բան եւ ոչ մեկին: Ինչո՞ւ չեք խոսում այդ մասին, ընկերներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել