Լրահոս
Օրվա լրահոսը

Մորատինոս. «Բալանսավորելը հեշտ չէ»

Հունիս 05,2007 00:00

ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսը «Մեդիամաքսին» տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս հնարավորությունը:

«Ես գիտեմ, որ առկա խնդիրների հաղթահարումը կարեւորագույն առաջնահերթություն է երկու երկրների համար, եւ այդ պատճառով լավատեսորեն եմ տրամադրված: Երկու կողմերն էլ պետք է օգտագործեն այս հնարավորությունը: Հիմա ամենահարմար պահն է վճռական քայլը կատարելու համար»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահը, որը երեկ սկսել է իր այցը տարածաշրջան: Մորատինոսը նաեւ նշել է, որ մայիսի սկզբին Մադրիդում կայացած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպումը արդյունավետ էր: «Ես շնորհավորում եմ դեսպաններ Ֆասիեին, Մերզլյակովին եւ Բրայզային գերազանց աշխատանքի կապակցությամբ եւ երախտագիտություն եմ հայտնում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին՝ հակամարտության կարգավորման նպատակով միջնորդների հետ աշխատելու պատրաստակամության համար»,- ասել է Իսպանիայի ԱԳՆ ղեկավարը:

Պատասխանելով հարցին, թե ինքը հավատո՞ւմ է, որ Ադրբեջանն իրոք պատրաստ է համաձայնել ԼՂ-ում հանրաքվեի անցկացման գաղափարի հետ, Մորատինոսն ասել է. «Հեշտ չէ բալանսավորել ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքը ինքնորոշման իրավունքի սկզբունքի հետ: Երկուսն էլ ունիվերսալ սկզբունքներ են, որոնք կիրառելի են տարբեր հանգամանքներում: Վստահ եմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը հնարավորություն ունեն գտնել լուծումը՝ օգտագործելով առավել հարմար սկզբունքները, որպեսզի կարգավորեն այն իրավիճակը, որը մեծ վնասներ է հասցնում հազարավոր մարդկանց, որոնք արժանավայել, խաղաղ եւ բարեկեցիկ կյանքի իրավունք ունեն»: Մեկնաբանելով այն փաստը, որ համանախագահներից մեկը՝ ՌԴ-ն, պնդում է, որ Կոսովոյի անկախությունը նախադեպ կդառնա մյուս հակամարտությունների համար, իսկ մյուս երկու համանախագահները՝ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն, հանդես են գալիս հակադիր դիրքերից, ԵԱՀԿ գործող նախագահն ասել է. «ԵԱՀԿ տարածքում առկա հակամարտությունները խիստ տարբեր են: Համանախագահ երկրներ Ֆրանսիան, ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը ողջամիտ չեն համարում կանխորոշված բանաձեւերի օգտագործումը, քանի որ իրավիճակների մեծ տարբերությունը ոչ կենսունակ է դարձնում դրանք»: Իսպանիայի ԱԳՆ ղեկավար Միգել Անխել Մորատինոսը երեկ եղել է Բաքվում, իսկ այսօր կժամանի Երեւան եւ հանդիպում կունենա ՀՀ բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ: Ադրբեջան եւ ՀՀ այցելության ընթացքում նրան ուղեկցում է ԵԱՀԿ ԽՎ ղեկավար Գորան Լենմարկերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել