Այլ պառլամենտարիզմը՝ ձեր մեջ
«Պառլամենտարիզմի անցյալն ու ներկան Հայաստանում» թեմայով ՄԱԱ-ի երեկվա քննարկման ընթացքում ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը վերնագրում մեջբերված իր խորհրդով փաստորեն խմբագրեց Ստանիսլավսկու «Սիրեք արվեստը ձեր մեջ, այլ ոչ թե ձեզ՝ արվեստում» ասույթը: Սակայն հայտնի է, թե «Զայչիկ» կինոնկարում ինչպես է արձագանքում ռեժիսորն այդ ասույթում տեղերը խառնելուն՝ «Ա՜, ինչ տարբերություն»: Ընդհանրապես երեկ պրն Աշոտյանն իր դատողություններով ստիպեց այլ մեջբերումներ էլ հիշել հայտնի կինոնկարներից: Ասենք, հիշեցինք «Կներեք, իսկ եկեղեցի՞ն էլ ենք մենք ավերել» հայտնի հարցը, երբ ՀՀԿ խորհրդի անդամը հայտարարեց. «Պառլամենտարիզմի մշակույթի ամրապնդման համար, ցավոք, մեր ԶԼՄ-ները չեն արել գրեթե որեւէ դրական քայլ: Պատգամավորի այդ կերպարը, որ ստեղծել են թերթերն ու հեռուստատեսությունը՝ տարբեր կադրեր որսալով (մասնավորապես, նկատի ուներ քնած պատգամավորներին ցուցադրելը.- Ա. Ի.), չեն նպաստում պառլամենտարիզմի զարգացմանը, ԱԺ-ի դերի բարձրացմանը: Եվ ակամայից անգամ ամենաընդդիմադիր մամուլը ջուր է լցրել գործադիր իշխանության մտադրությունների վրա»: Լրագրողներն այս քննարկման ընթացքում հնարավորություն չունեին հարցեր ուղղելու, բայց մեր գործընկերներից մեկը չդիմացավ ու հարցրեց. «Մե՞նք ենք ցուցակով այդ մարդկանց բերում ԱԺ»:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը, պարզվեց, նույնպես առանձնապես մտահոգ չէր պառլամենտարիզմի զարգացմամբ, քանի որ հայտարարեց. «Շատ գոհ կլինեմ, եթե նոր ԱԺ-ում գրաճանաչների, տառաճանաչների քանակն ավելի շատ լինի, եւ կհամարեմ, որ մենք դանդա՜ղ առաջ ենք գնում»: Սրանից հետեւում է, թե հին ԱԺ-ում գրաճանաչների քանակն այդքան էլ մեծ չէր: Իսկ դեռ մինչեւ հունիսի 7-ն ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանի խոսքից դատելով՝ պատգամավորները խնդիր ունեն ոչ միայն գրելու, այլ նաեւ կարդալու հետ, քանզի նա էլ երազում է, որ ԱԺ-ում լինեն «ոչ միայն օրենք գրել իմացող, այլ նաեւ կարդալ իմացող, իսկ դրանից առաջ՝ օրենքը հարգող մարդիկ»: Իսկ ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանն էլ պնդեց, թե նոր ԱԺ-ում գրեթե չկան ընդդիմադիրներ: Սրան հակադարձեց Ալվարդ Պետրոսյանը՝ հիշեցնելով, որ նոր ԱԺ-ում 2 ընդդիմադիր կուսակցություն կա՝ քիչ չէ: Գրիգոր Հարությունյանն առարկեց, թե 13 պատգամավորը քիչ է: «Ասեք, թե նույնիսկ շատ է»,- իշխանությանը հուշեց ներկա ընդդիմադիրներից մեկը: Սակայն տիկին Ալվարդն այլ կերպ արձագանքեց. «Հիմա Արթուր Բաղդասարյանն ընդդիմությո՞ւն է, ե՞ս իշխանություն»: Ընդդիմադիրները պատասխանեցին, թե ՀՅԴ դիրքորոշումից տեղյակ չեն՝ չի արվել պաշտոնական հայտարարություն:
ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը նշեց, թե «այսօրվա, ցավոք «հաղթած» քաղաքական ուժերը խաղում են «Ինքդ քեզ ռեժիսոր» խաղը. իրենք են որոշում՝ կուզեն՝ պորտֆելներ կբաշխեն, չեն ուզի՝ չեն բաշխի»: Արմեն Աշոտյանը, որը «ցավոք» բացականչությանն արձագանքել էր «նայած ում համար» ռեպլիկով՝ առաջարկեց մարզիկին չմեղադրել մրցումներում հաղթելու համար, եթե դոպինգ չի օգտագործել. «Իսկ ՀՀԿ-ն դոպինգ չի օգտագործել»: Նրա այսօրինակ պնդումներից հետո Ալվարդ Պետրոսյանն իր երիտասարդ գործընկերոջն առաջարկեց մի քիչ հումորի զգացումով վերաբերվել սեփական հաղթանակին: Իսկ հաղթած ուժերի հասցեին քննադատությանը տիկին Ալվարդն ամենականացի արձագանքը տվեց՝ Հրանտ Խաչատրյանից հետաքրքրվելով. «Հիմա դուք ինձ չե՞ք սիրում, հա՞»: «Սիրո հարցերին կանդրադառնամ, եթե ժամանակ մնա»,- պատասխանեց Հրանտ Խաչատրյանը: Ժամանակ չմնաց: Նման դեպքերում մուլտֆիլմի հերոս թութակը բարկացած գոռում էր. «Ամենահետաքրքի՛ր տեղում»: