Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴԺԳՈՀ Է ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»

Հունիս 05,2007 00:00

\"\"«Հանրապետության» նախագահ Արամ Սարգսյանը վստահ է, որ նախագահական ընտրություններում դեռ չկա ընդգծված իշխանական միասնական թեկնածու:

– Ըստ որոշ գնահատականների, պարտված ընդդիմությունը ընկճված է, հուսալքված, մյուս կողմից էլ մի շարք ընդդիմադիր ուժեր հանրահավաքներ են անցկացնում, ձեր կուսակցությունը՝ եւս: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ արդյունավետ կարող են լինել այդ հանրահավաքները:

– Իմ կարծիքով՝ պարտվել է ՀՀ ժողովուրդը, ոչ թե ընդդիմությունը, ինքս հասարակության մեջ չեմ տեսնում այս ընտրություններից գոհ մարդկանց, ովքեր այս ընտրությունները համարում են արդար եւ մեկ քայլ առաջ՝ Հայաստանի ընտրական գործընթացների մեջ: Իրականում այս ընտրությունները շատ ավելի այլանդակ խախտումներով տեղի ունեցան, քան մինչ այս եղած բոլոր ընտրությունները, եւ սովորական մարդը, չասեմ քաղաքացին, որովհետեւ, համոզված եմ, իրեն երկրի քաղաքացի զգացող մարդը ձայնի վաճառքով չէր զբաղվի, իսկ ձայնը վաճառած սովորական մարդը տեսավ, որ իր ձայնը գնած իշխանություններն այսօր արդեն իրենից ետ են վերցնում այն գումարը, որ տվել էին որպես ընտրակաշառք: Ետ են վերցնում դոլարի, հացի եւ այլնի գները բարձրացնելով: Այնպես որ, ոչ ընտրություններից առաջ եւ ոչ էլ հիմա այս իշխանությունների հետ երկրի ապագան հասարակությունը չի կապում: Առաջընթաց չկա, բոլորս էլ պարտվել ենք, եւ այդ պարտության մեղավորը նաեւ բոլորս ենք, որ ճիշտ չգնահատեցինք, թացը չորից չփորձեցինք տարբերել, չփորձեցինք ձայն տալ ապագային, ոչ թե այս ծանծաղ կայունությանը: Իշխանությունները շատ կոպիտ խախտումներ կատարեցին, իսկ դրանց դեմ պետք է պայքարել, եւ այդ պայքարը պիտի տարվի հասարակական-քաղաքական դաշտի բոլոր ուղիներով, սկսած հանրահավաքներից՝ վերջացրած ՍԴ-ով, որտեղ խնդիրը ոչ թե ՍԴ-ում արդարության հասնելու ձեւն է, այլ ՍԴ դիմելը օժանդակող միջոց է հասարակական ակտիվությունը բարձրացնելու եւ իրականությունը իր իսկական գույներով եւ նրբերանգներով ներկայացնելու համար: Երկիրը գտնվում է շատ ծանր վիճակում, նկատի ունեմ արտաքին քաղաքական զարգացումները: Ղարաբաղի հիմնահարցի լուծման մոտեցումները, որոնք ներկայացնում են համանախագահները, մտահոգիչ են ոչ միայն իշխանությունների, այլեւ՝ Հայաստանը որպես սեփական երկիր տեսնող ցանկացած մարդու համար: Զարգացումները եւ գործընթացներն այս առումով կարող են լինել նաեւ անակնկալային, ֆորս-մաժորային: Անհրաժեշտ է, որ այս ամենին քաղաքական դաշտը պատրաստ լինի: Կարճ ժամանակ է մնացել մինչեւ նախագահական ընտրություններ, եւ որպեսզի նույնությամբ չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ 2007-ին, պետք է նաեւ ՍԴ-ում ի ցույց դնել խախտումների բոլոր ձեւերը, որ կատարվեցին այս ընտրություններում: Այնպես որ, ամառը շատ աշխատատար է լինելու, ընդդիմությունը լուրջ աշխատանք ունի, իսկ հանրահավաքներն այդ աշխատանքի մի փոքրիկ մասն են՝ հասարակության հետ մշտական կապի, մշտական ակտիվության, որովհետեւ մենք ասել ենք, որ պետք է պայքարենք կեղծիքների դեպքում եւ այդ պայքարը պետք է շարունակենք, անկախ նրանից՝ հանրահավաքների քանակը կպակասի՞, թե՞ կավելանա: Սրանք գործընթացներ են, որոնք անխուսափելի են:

– «Դաշինք» կուսակցության քաղխորհրդի անդամ Գնել Ղլեչյանը մեր թերթին տված հարցազրույցում դժգոհություն էր հայտնել, որ ձեր կուսակցությունը ՍԴ-ում փորձում է վիճարկել Սամվել Բաբայանի քաղաքացիության հարցը:

– Մենք ՍԴ դիմել ենք բոլոր հնարավոր խախտումների տարբերակներով եւ այդ ամենի համար ընտրել ենք ամենահարմար, ամենաճիշտ հիմնավորումը, որը իրավաբանական առումով շատ բարդ կլինի մերժել: Դա սկսվում է նրանից, թե քանի՜ քաղաքացիներ հնարավորություն չեն ունեցել քվեարկել, այսինքն՝ դուրս են հանվել ցուցակներից. խոսքը արտասահմանում ապրող ՀՀ քաղաքացիների մասին է: Հարց ենք բարձրացրել, թե ինչո՞ւ ցուցակներում 78 հազար մարդու անձնագրերը 00 թվերով են սկսվում, ինչո՞ւ այդ ցուցակներում մեծամասնություն են կազմում առաջին ամսի առաջին օրը ծնվածները կամ՝ 7-րդ ամսի առաջին օրը ծնվածները, ի դեպ, սրանց թիվն ահռելի չափերի է հասնում: Դրանից հետո գալիս են քարոզչության շրջանի խախտումները, բուն ընտրության օրվա խախտումները, եւ այս ամենով մենք փաստեր ենք ներկայացրել եւ այդ փաստերը փորձել ենք հիմնավորել կոնկրետ օրինակներով: Անձնագրային վարչությունը կոնկրետ քաղաքացու մասով չի տվել համապատասխան փաստաթուղթ քաղաքացիության մասին, ուրեմն ի՞նչ սկզբունքով է ԿԸՀ-ն տվյալ քաղաքացուն գրանցել: Եվ այստեղ բոլորովին կարեւոր չէ, թե այդ քաղաքացին ո՞վ է, ո՞ր կուսակցությունն է ներկայացնում:

– Բոլորն են խոսում այն մասին, որ եթե ընդդիմությունը միասնական լիներ՝ հաջողության կհասներ, սակայն, կարծես, նույն հեռանկարը սպասվում է նախագահական ընտրություններում, քանի որ արդեն տարբեր թեկնածուներ առանձին-առանձին հայտարարություններ են անում նախագահականին իրենց մասնակցության մասին: Արդյոք կա՞ն հիմքեր, որ ընդդիմությունը այս սխալը չի կրկնի եւ նախագահականի կգնա մեկ թեկնածուով:

– Միշտ ասել եմ, որ Հայաստանի նման երկրում փոփոխությունների կարելի է հասնել հեղափոխության ճանապարհով, եւ գտնում եմ, որ այդ մոտեցումը այսօր էլ արդիական է: Դժբախտաբար, հեղափոխություն ներքեւից մեզ չհաջողվեց: Մի անգամ ունեցանք այդ հնարավորությունը, փորձ չունեինք՝ կորցրինք այն: Այսօր այդ հեղափոխությունը պետք է փորձենք անել վերեւից: Պիտի փորձենք անել վերեւից, իսկ այդպես անելու միակ տարբերակը հենց ձեր նշած հնարավորինս միասնական թեկնածուն է: Ասում եմ հնարավորինս, քանի որ ամբողջական միասնական թեկնածու հնարավոր չէ, ուղղակի հնարավոր չէ, որ երկրում լինի նախագահի երկու թեկնածու: Աշխարհի ցանկացած երկրում, որտեղ 5-10 կուսակցություն է գործում, միեւնույն է՝ 4-5 թեկնածու է լինում: Կլինեն առաջատար թեկնածուներ, որոնց շուրջ համախմբված կլինեն լուրջ ուժեր: Եվ նախորդ ընտրությունների փորձը դա ապացուցեց: Ընդդիմադիր շատ ուժեր համոզվեցին, որ միասնական ճանապարհով պայքարելը շատ ավելի բարենպաստ պայմաններ է ստեղծում եւ հաղթանակի հնարավորությունը շատ ավելի մեծ է: Իսկ եթե մենք ուզում ենք իսկապես փոխել այս իշխանություններին եւ այն տրամաբանությունը, որ այսօր տիրում է երկրում, եթե ուզում ենք ունենալ իրական ազատություն, եղբայրություն, արդարություն, գաղափարներ, ինչի վրա կառուցված է ամբողջ աշխարհը, պիտի կարողանանք համախմբվել այնպիսի թեկնածուի շուրջ, որը կարող է ապահովել այդ հոգեւոր եւ գաղափարական հեղափոխությունը: Իսկ այդ թեկնածուն երեւալու է հասարակության վերաբերմունքից:

– Արդեն ակնհայտ է, որ իշխանության միասնական թեկնածուն Սերժ Սարգսյանն է, դուք կարծում եք՝ ընդդիմության ցանկացած միասնական թեկնածուն կկարողանա՞ դիմակայել իշխանական, վարչական, ֆինանսական, սերժսարգսյանական բոլոր լծակներին եւ գոնե երկրորդ փուլ անցնել:

– Իսկ ինձ համար այդքան էլ ակնհայտ չէ, որ իշխանությունների թեկնածուն հենց Սերժ Սարգսյանն է: Խոսվում է նաեւ Վարդան Օսկանյանի մասին, մի մոռացեք Դաշնակցության այս վերջին գործընթացները եւ այլն: Եվ հետո, կարծում եմ, Ռոբերտ Քոչարյանը ինքն էլ դժգոհ է այս ընտրություններից, որովհետեւ ինքը չէր ուզում ամենաերիտասարդ թոշակառուն դառնալ: Բայց, ի տարբերություն ինձ, քանի որ ես կարողանում եմ ասել, որ այս ընտրությունները ինձ չեն բավարարում եւ կեղծված են, ինքը չի կարողանում դա ասել եւ համապատասխան գործընթացներ է ծավալում իշխանության ներսում: Այնպես որ, Ռոբերտ Քոչարյանին ճանաչողները պետք է իմանան, որ իրավիճակն այդքան էլ պարզ չէ: Բայց սրանք Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի պրոբլեմներն են, թող իրենք հաղթահարեն: Ես չեմ կարծում, որ իշխանությունն ունի այնպիսի թեկնածու, որը հասարակական լայն զանգվածների ընկալումն ու աջակցությունն ունի: Չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել