Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ ԵՂԵԳՆՈՒՏՈՒՄ

Հունիս 05,2007 00:00

\"\"Այդ շարժումը ճնշել չի հաջողվել անգամ «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման անդամ Սուսաննա Հարությունյանին:

Անցյալ տարվա սեպտեմբերից ի վեր Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի «Բերտարդշին» երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի շուրջ ծավալված կրքերը հունիսի 2-ին նոր դրսեւորումներ են ունեցել: Հիշեցնենք, որ անցյալ տարի օգոստոս ամսին սույն գործարանի բաժնետոմսերի 70 տոկոսը Արարատ Սարիբեկյանն, իբր, նվիրաբերել էր ԱԺ՝ արդեն նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյան-«Ճոյտին»: Վերջինս էլ միանգամից փորձել էր նախ «եղբայրաբար» ձեռք բերել գործարանի եւս 20 տոկոսի բաժնեմասը, որը պատկանում է Եղեգնուտի բնակիչ Վարդան Մարգարյանին, բայց տեսնելով, որ գործը գլուխ չի գալիս, դիմել էր դատարան՝ դատական կարգով Վ. Մարգարյանին նրա բաժնեմասից զրկելու հայցով: Այդ գործը դեռ դատական ատյաններում է, իսկ անցյալ շաբաթ օրը՝ հունիսի 2-ին, պարսկական համարանիշներով 50-100 տոննայանոց բեռնատարներ էին հայտնվել «Բերտարդշինի» մոտ, որոնք, գործարանում աշխատող եղեգնուտցիների ասելով, պատրաստի կիսախողովակներ ու հաստոցներ պետք է տանեին: Սակայն մի քանի տասնյակ գյուղացիներ գործարանի առջեւ երկաթբետոնե կոնստրուկցիաներ էին տեղադրել՝ կասեցնելով բեռնատարների մուտքը «Բերտարդշին»: Նրանց ասելով, Հ. Հակոբյանն այդ 70 տոկոս բաժնեմասը ձեռք բերելուց ի վեր՝ մաս-մաս վաճառել է «Բերտարդշինի» գույքը, հաստոցները, արտադրված խողովակները ու հիմա էլ շարունակում է նույնն անել՝ ոչ մի լումա չվճարելով աշխատողներին: Սա այն դեպքում, երբ գործարանի 58 աշխատակիցներ դեռ անցյալ տարվանից պահանջում են իրենց վաստակած աշխատավարձը՝ ընդհանուր առմամբ 18 մլն դրամ, որը ստանալ չի հաջողվել ո՛չ գործարանի նախկին տնօրեն Արարատ Սարիբեկյանից, ո՛չ նոր սեփականատեր «Ճոյտից», թեեւ վերջինս ժամանակին խոստացել էր աշխատավարձերը մարել: Աշխատողներն անցյալ տարի հայցով դիմել են նաեւ մարզի 1-ին ատյանի դատարան, բայց գործը դեռ քնած է:

Հունիսի 2-ին Հ. Հակոբյանը «դեպքի վայր» չէր եկել: Նրա փոխարեն գյուղացիների հետ լեզու գտնելու, եղեգնուտցիների ասելով՝ «Ճոյտի» շահերը պաշտպանելու համար գործարան էր եկել ԱԺ ընտրությունների ժամանակ պատգամավորության նախկին թեկնածու, «Անհնազանդություն շարժման» ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը: Նա փորձել էր ցրել գյուղացիների սկսած անհնազանդության շարժումն ու սպառնացել էր, հետո էլ դիմել իրավապահներին, թե՝ գյուղացիները խուլիգանական արարքներ են արել, իրենց կողմնակիցներին են քաշքշել, սեղան են ջարդել եւ այլն: Դիմել էր նաեւ մարզային դատախազությանը: Մեր այն հարցին, թե ինքն ի՞նչ կապ ունի «Ճոյտի» եւ «Բերտարդշինի հետ»՝ տիկին Սուսաննան հետեւյալ կերպ բացատրեց. «Ես աշխատեցնում եմ Հակոբի բոլոր սեփականությունները: Հիմա Էջմիածնի ջրշինի ԾԻԳ-ի հետ պայմանագիր ունենք, մեր արտադրանքն իրենց ենք մատակարարում: Սրանք էլ (գյուղացիները) խանգարում են, չեն թողնում, որ աշխատենք: Ի՞նչ թալանել: Ոչ մեկը ոչ մի տեղից չի թալանում, մենք ընդամենը աշխատում ենք: Պարսկական ոչ մի մեքենա էլ չի եղել, եղել են սովորական մեքենաներ, որոնք մետաղի ջարդոն գնելու առաջարկություն էին անում, բայց գյուղացիները չթողեցին էլ, որ էդ մարդկանց հետ խոսենք: Իսկ մետաղի ջարդոն թափված է ամբողջ տերիտորիայում: Էդ մարդը, որ մետաղի ջարդոն է հավաքում, չհասցրեց էլ մեզ հարցնել՝ ջարդոն ունե՞նք, թե՞ չունենք: Իրենք կողքի 2 գյուղերում եղածը արդեն հավաքել էին, մտել էին մեզ մոտ՝ պայմանավորվելու»: Ս. Հարությունյանն իր խոսքում, այնուամենայնիվ, հաստատեց, որ այդ «մետաղի ջարդոնը», որոնք գյուղացիները պատրաստի արտադրանք են որակում, պետք է վաճառվեին՝ գործարանում, իբր, ներդրումներ անելու համար: Ինչ վերաբերում է աշխատավարձերի կուտակված պարտքերին, ապա Ս. Հարությունյանը համոզում էր, թե իրենք այդ աշխատավարձերի հետ կապ չունեն, իրենք նախկին գործարանի իրավահաջորդները չեն: Հիշեցնենք, որ 2005թ. ՏԻՄ ընտրությունների ժամանակ Ս. Հարությունյանն ու «Ճոյտը» տարբեր ճամբարներում էին եւ հայհոյում էին իրար:

Մեր այն հարցին, թե գործարանի կառավարմանն ու դրա ունեցվածքը առնել-ծախելու գործում 20 տոկոս բաժնեմաս ունեցող Վ. Մարգարյանն արդյո՞ք մասնակցության իրավունք չունի, տիկին Հարությունյանն ասաց. «Ճիշտ եք ասում՝ ունի: Մենք իրեն ժողովի ենք կանչել, ինքը չի եկել, չի ուզում: Օգտվելով առիթից, որ Հակոբի վիճակն էն չի, ուզում է ինչ-որ բան անել»: Իրականում Վ. Մարգարյանը նոր չէ, որ աշխատողների աշխատավարձերի եւ գործարանում տեղի ունեցող ապօրինությունների հարց է բարձրացնում: Նա «Առավոտին» այդ խնդիրներով դիմել էր դեռ 2006-ի սեպտեմբերին: Հրավիրված ժողովին չգնալու փաստը Վ. Մարգարյանը հաստատեց. «Ինձ հրավիրել են «Զվարթնոց» համալիր՝ տնօրենի նշանակման կապակցությամբ, բայց այո՝ չեմ մասնակցել: Ի՞նչ մասնակցեմ էսքանից հետո: Գործարանը վարձակալել է, մտել է (Ս. Հարությունյանը) տարածք, թե՝ էս սարն իմն է, էս ծառն իմն է: Անօրինական պայմանագիր է կնքել, որ գործարանը տան ջրշինին: Հիմա էլ 100 տոննայանոց մեքենաներով եկել են, որպես մետաղի ջարդոն՝ չուգունի նոր կաղապարներ են ուզում վաճառել՝ 1 տոննան արժե 130-150 դոլար, բայց գործարանը կալանքի տակ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել