Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հունիս 04,2007 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք չորրորդ

Գլուխ քսաներեքերորդ

ՓԱՐԻԶՅԱՆ ԸՆԴՄԻՋՈՒՄ

Հիմա արդեն գերեզմանոցից վերադարձել եմ, իսկ Մարինեն էնտեղից ուղիղ Լուվր գնաց, եւ ահա՝ հյուրանոցի իմ համարում նստած՝ մտադիր եմ գրել այն ամենը, որ տեսանք Մոնպառնասի գերեզմանատանը, եւ, ինչպես տեսնում եք, Փարիզում գրիչս լավ էլ բեղուն է, որովհետեւ, ի տարբերություն Երեւանի, Փարիզում ո՛չ միայն առավոտներն եմ գրում, այլեւ՝ ցերեկներն ու նույնիսկ գիշերներն էլ, քանի որ էստեղ «Տոտո», «Եվրոֆուտբոլ» եւ այլ շեղող հանգամանքներ չկան, իսկ Մոնպառնասի գերեզմանատանն ամենաուշագրավը ո՛չ թե Բոդլերի ու Սարտրի գերեզմաններն էին, որոնք տեսնելու համար էինք, փաստորեն, գնացել, այլ այն, որ Բոդլերի ու Սարտրի տապանաքարերը մյուսներից անհամեմատ համեստ էին եւ մեր Թոխմախի գերեզմաններից է՛լ էին անհամեմատ համեստ, եւ հաջորդ ուշագրավն այն էր, որ Բոդլերի տապանաքարին Շառլ Բոդլեր անունն ու ազգանունն ավելի՛ պստիկ տառերով էին փորագրված, քան՝ Բոդլերի ընտանիքի մյուս անդամներինը, եւ, ինչպես պարզվեց, Բոդլերն էդ երեւելի ու պատվավոր գերեզմանատուն էր թափանցել իր խորթ ու մեծահարուստ հոր շնորհիվ, որի անունն ու ազգանունը հսկայական տառերով էին փորագրված, ու էդ տեղեկությունը Մարինեն կորզեց Բոդլերի գերեզմանի մոտ կանգնած մի երիտասարդ զույգից, ավելի ճիշտ՝ էդ զույգի տղային ֆրանսերեն հարցուփորձ անելով, եւ էդ երկարամազ երիտասարդը Մարինեին ֆրանսերեն ու հանգամանալից էդ բաները բացատրելուց հետո իր շեկլիկ ու սիրուն ընկերուհու ականջին ինչ-որ բան շշնջաց, եւ շեկլիկը մի ճլորած սիգարետ բերանին՝ մոտեցավ ինձ ու ֆրանսերեն ինչ-որ բան ասաց, եւ չնայած ֆրանսերեն ընդհա՛նրապես չեմ հասկանում, բայց իր շարժումներից հասկացա, որ խնդրում է՝ իր սիգարետը վառեմ, եւ մինչ Մարինեն ինձ հայերեն կհուշեր՝ «վառիչ ա ուզում», ես արդեն վառվող սիգարետս դեմ արել՝ շեկլիկի սիգարետն էի վառում, եւ իր անակնկալ մոտենալուց էնքան էի շփոթված, որ փոխանակ վառիչս հանեի ու իր սիգարետը վառեի, սիգարետս իր սիգարետին դեմ արի, ու շեկլիկը շփոթմունքս հասկանալով եւ իր սիգարետն իմինից վառելով՝ մի քանի մուխ քաշեց, ժպտաց ու ասաց՝ «մեղսի բոկու», եւ ես չիմանալով ինչ ասեմ, նույնպես ասացի՝ «մեղսի բոկու», ու էդ պահին արդեն հաշիշի բուրմունքն առել էի, եւ Մարինեն ինձ ասաց՝ «շատ սիրուն աղջիկ ա», եւ ես ասացի՝ «տեսա՞ր՝ ինձ ոնց ժպտաց», եւ Մարինեն ասաց՝ «ո՛չ թե ժպտաց, այլ՝ ծիծաղեց. դրանք տարբեր բաներ են», եւ ես ասացի՝ «խի՞ պիտի ծիծաղեր», եւ Մարինեն ասաց՝ «որովհետեւ ինքը քեզ ասեց՝ «մեղսի բոկու», դու էլ իրա՛ն ասեցիր՝ «մեղսի բոկու», դրա համար էլ ծիծաղեց», եւ ես ասացի՝ «ուրի՛շ բանի համար ժպտաց», եւ Մարինեն ծիծաղեց ու ասաց՝ «ի՞նչ ուրիշ բան, ա՛յ բիձա», եւ ես ասացի՝ «պլան են ծխում», եւ երբ Մարինեն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ պլան», ես ասացի՝ «սովորական պլան՝ հաշիշ», եւ Մարինեն հարցրեց՝ «ինչի՞ց իմացար», եւ ես ասացի՝ «հոտից», եւ Մարինեն ինձ հարցրեց՝ «հեչ ծխած կա՞ս», եւ ես ասացի՝ «պատահել ա», ու միտքս մեկից թռավ Սումգայիթ, ավելի ճիշտ՝ Սումգայիթի մեր զորամաս, ու մինչ հաշիշով օծուն էդ մթնոլորտում Մարինեն տապանաքարի վրայի Շառլ Բոդլեր գրության չափազանց մանրիկ տառերը կվայելեր, ես հիշում էի Սումգայիթն ու մեր զորամասի կինոմեխանիկ Մամեդին, որի հայրը ամեն շաբաթ կամ կիրակի Բաքվից չափազանց բուրումնավետ հաշիշ էր բերում, եւ հայրն ու որդին կինոմեխանիկի էդ չափազանց նեղլիկ խցում փակվելով՝ ընտանյոք, փաստորեն, ուռում էին, եւ կինոմեխանիկի էդ չափազանց նեղլիկ խուցը լավագույնս էր նպաստում, որ կատարսիսն իդեալականորեն կատարվեր ու տեղի ունենար, եւ հայր ու որդի էդ խցի դուռուլուսամուտն ամուր փակելով՝ թույլ չէին տալիս, որ ծխի որեւէ քուլա էդ խցից դուրս պրծներ, եւ իրենց էդ որակյալ հաշիշի հոտը մինչեւ էսօր քթիս մեջ է, որովհետեւ երկու անգամ, փաստորեն, իրենց էդ արարողությանը մասնակցեցի, այսինքն՝ իրենք երկու անգամ ինձ հյուրասիրեցին, ավելի ճիշտ՝ ընդամենը երկու անգամ իրենց հյուրասիրությունն ընդունեցի, եւ եթե իրենք ինձ հյուրասիրում էին՝ հաշվի առնելով, որ, այնուամենայնիվ, կլուբի վարիչն եմ, եւ, փաստորեն, Մամեդն էլ իմ ենթական է, ես երկու անգամ իրենց էդ հյուրասիրությունից չհրաժարվեցի, որպեսզի իրենք մտածեն՝ ես է՛լ էդ գործում կամ ու հարիֆ չեմ, եւ չնայած իրենց էդ հաշիշի ծուխը համարյա ներս չէի քաշում ու, փաստորեն, փստացնում էի, այդուհանդերձ, իրենց հավասար էի էյֆորիայի մեջ հայտնվում, որովհետեւ կինոմեխանիկի էդ պստլիկ խցում կուտակված հաշիշի ծուխը բավարար էր, որ վերեւներում անկաշկանդ թեւածեմ, եւ եթե էդ ծխված խցում հինգ րոպեի չափ նստեիր եւ նույնիսկ չծխեիր էլ, էֆեկտն ու աֆեկտը նույնն էին լինելու, եւ էդ է՛լ եմ ինձ վրա զգացել, որովհետեւ երրորդ անգամ, երբ հոր եւ որդու հյուրասիրությունից հրաժարվեցի, բայց որոշ ժամանակ իրենց հետ էդ խցում մնացի, հետո, երբ խցից դուրս եկա, վերստին գլխապտույտ սավառնումների մեջ հայտնվեցի, ու հնարավոր գլխացավերիցս վախենալով՝ այլեւս Մամեդի էդ տարածք չմտա, որովհետեւ, երբ վերջին անգամ էդ տարածք մտա, գլուխս սկսեց պտտվել, եւ ինձ թվաց՝ Մամեդը հենց նոր է ծխել, եւ երբ իրեն հարցրի՝ «էստեղ վերջին անգամ ե՞րբ ես ծխել», եւ երբ պատասխանեց ու ասաց՝ «մի շաբաթ առաջ», ես վերջնականապես հասկացա, որ էդ բանն ինձ հակացուցված է, որովհետեւ հաշիշի էդ բուրմունքի հիշողությունից անգամ գլխապտույտի մեջ էի հայտնվում, եւ հաստատ էդ հիշողությունն էր, որովհետեւ, երբ Կարավանն էր Մամեդի էդ խցիկ մտնում, ոչ մի ծուխ ու ոչ մի բուրմունք չէր զգում, ու էդ բուրմունքն էնքան հիմնավոր էր հիշողությանս մեջ ներծծվել, որ երբ շեկլիկ գեղեցկուհին իր էդ ճլորած սիգարետը սիգարետիցս վառելով՝ մի քանի անգամ ագահաբար ծուխը ներս քաշեց ու ասաց՝ «մեղսի բոկու», իր «մեղսի բոկու» ասելուն պես՝ բուրմունքը խփեց քթիս, ու ես անկախ ինձանից ցնցվեցի, ու երեւի էդ ցնցվելս նկատելով՝ շեկլիկը եւս մեկ անգամ ինձ ժպտաց ու գնաց՝ ընկերոջ ականջին ինչ-որ բան փսփսաց, հետո սկսեցին փոխնիփոխ ու ագահաբար իրենց էդ հաճույքը ներքաշել, եւ երբ Մարինեն ինձ հարցրեց՝ «էդ խի՞ գույնդ գցեցիր», ես ասացի՝ «հաստատ պլան են ծխում», եւ Մարինեն ասաց՝ «հետո՞ ինչ. կարող ա՞ վրեքը միլիցա կանչենք» եւ մի քիչ մտածելուց հետո ավելացրեց՝ «իրանց համար երեւի սովորական բան ա», եւ ես ասացի՝ «երեւի», եւ երբ Մարինեն ինձ հարցրեց՝ «հեչ ծխած կա՞ս», ես Մամեդի խցիկը հիշելով ասացի՝ «պատահել ա», եւ Մարինեն զարմացած հարցրեց՝ «բա իրանց վրա խի՞ ես զարմանում», եւ ես ասացի՝ «Բոդլերի գերեզմանի մոտ մի քիչ զարմանալի ա», եւ ինքն ասաց՝ «ծխելու տեսակետից Բոդլերի գերեզմանը կակռազ ամենահարմար տեղն ա», եւ ես ասացի՝ «հա. ապահովության տեսակետից շատ հարմար տեղ ա», եւ ինքը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ո՛չ միայն ապահովության տեսակետից. Բոդլերը բոհեմի սիմվոլներից ա», եւ ես ասացի՝ «պրոֆեսիոնալի պես ես խոսում. կարող ա՞ դու էլ ես ծխել», եւ ինքը ծիծաղեց ու ասաց՝ «կյանքումս նույնիսկ սովորական սիգարետ ծխած չկամ», եւ ես ասացի՝ «շատ հետաքրքիր աղջիկ ես», եւ ինքը հարցրեց՝ «ինչո՞վ եմ հետաքրքիր», եւ ես ասացի՝ «կյանքումդ ծխած չկաս, բայց ծխողների վիճակի մեջ լավ էլ կարում ես մտնես», եւ ինքն ասաց՝ «ես ըտենց եմ. սաղի վիճակի մեջ էլ կարում եմ մտնեմ», եւ ես ասացի՝ «անտիպոեզիա է՛լ կյանքումդ չես գրել, բայց գրողներիցս լավ ես էդ անտիպոեզիան պատկերացնում», եւ ինքն ասաց՝ «ճիշտ ես ասում. ես ուրիշների գրածն ավելի լավ եմ զգում ու հասկանում, քան՝ իրանք», եւ ես ասացի՝ «գնանք. գերեզմանոցի պլանը կատարեցինք», եւ գերեզմանատան դարպասների մոտ Մարինեն ինձ հարցրեց՝ «դու հիմա ո՞ւր ես գնում», եւ ես ասացի՝ «հյուրանոց», եւ ինքն ասաց՝ «ես Լուվր եմ ուզում գնամ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «գնում ես՝ Լեոնարդոյի վիճակի մեջ մտնե՞ս», եւ ինքն ասաց՝ «ամոթ ա. էրկու անգամ Փարիզ ես էղել, բայց Լուվր ոտ դրած չկաս», եւ ես հարցրի՝ «դու քանի՞ անգամ ես ոտ դրել», եւ ինքն ասաց՝ «հիմի որ գնամ՝ չորրորդը կլինի» եւ հարցրեց՝ «հիմի հետս չես գալի՞ս», եւ ես ասացի՝ «չէ. գնամ հյուրանոց», եւ ինքն ասաց՝ «ախր էդ հյուրանոցում ի՞նչ կա», եւ ես ասացի՝ «էթամ էդ սաղ ասածներդ վեպիս մեջ գրեմ՝ քանի մտքիցս չեն թռել», եւ ինքը ծիծաղեց ու ասաց՝ «երնեկ հավեսիդ», եւ ես ասացի՝ «երնեկ Լուվր գնացողների հավեսին», եւ ինքը հարցրեց՝ «Արամն ինչքա՞ն պիտի էդ վեպդ տպի», եւ ես ասացի՝ «ինչքան որ գրեմ», եւ ինքն ասաց՝ «երնեկ ձեր հավեսին» եւ հարցրեց՝ «ինչքա՞ն պիտի գրես», եւ ես ասացի՝ «միշտ», եւ ինքը միանգամայն լուրջ հարցրեց՝ «հանուն ինչի՞ ես գրում», եւ ես ասացի՝ «չուզողներիս ինադու», եւ ինքը ծիծաղելով ասաց՝ «լավ էլ ստացվում ա», եւ ես ասացի՝ «ես է՛լ եմ էդ կարծիքին», եւ Մարինեն ասաց՝ «դե լավ, ես գնացի, պակա՛» ու դեպի մետրոն շարժվելով՝ գումարվեց հարյուրավոր այլ ուղեւորներին, եւ չնայած մտքիս կար Փարիզի մեր էդ հատվածում մի քիչ ֆռֆռալ, բայց իսկապես եկա հյուրանոց եւ ահա գրի եմ առնում Մոնպառնասի գերեզմանոցում տեսածս եւ իմ ու Մարինեի էս խոսակցություններն՝ ընդհուպ էն պահը, երբ ինքն ինձ ասաց՝ «դե լավ, ես գնացի, պակա՛» եւ մտավ մետրո, ու հիմա, երբ «մետրո» գրեցի, հիշեցի, որ Մոնպառնասի էդ կիսապանթեոնի տապանաքարերին մետրոյի դակված կտրոններ էին թափթփված, իսկ Բոդլերի տապանաքարին էլ երեքլիտրանոց մի բանկա կար՝ մեջը լիքը մետրոյի կտրոններ, եւ երբ շեկլիկ սիրունն իմ սիգարետից իր ճլորած ու ծուռմռտիկ սիգարետը կպցնելով ու մի քանի մուխ ներքաշելով՝ ինձ վերջին անգամ ժպտաց ու գնաց՝ իր ընկերոջ կողքին կանգնեց, ընկերը մի քանի մուխ քաշելով՝ գրպանից մետրոյի երկու կտրոն հանեց ու բերեց գցեց Բոդլերի տապանաքարին դրված էդ երեքլիտրանոցի մեջ, եւ էդ պահին ես ու Մարինեն զարմացած իրար նայեցինք, որովհետեւ մինչ այդ Սարտրի, Սերժ Ռեջիանիի եւ ուրիշ նշանավորների ու սիրվածների գերեզմաններին էլ էինք մետրոյի լիքը կտրոններ տեսել, եւ երբ Մարինեն ինձ ասաց՝ «սրանց չհարցնե՞մ՝ ինչի են էս ժետոնները գերեզմանների վրա լցնում», ես ասացի՝ «պետք չի. մի՛ հարցրու», եւ երբ Մարինեն զարմացած հարցրեց՝ «ինչի՞. ամոթ ա՞», ես ասացի՝ «ամոթը ամոթ չի, բայց մի՛ հարցրու», եւ Մարինեն ասաց՝ «էլի կոմպլեքսավորվեցի՞ր. ինչի՞ չհարցնեմ», եւ ես ասացի՝ «գիտեմ», եւ Մարինեն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ գիտես», եւ ես ասացի՝ «գիտեմ՝ ինչի են էդ ժետոնները գերեզմաններին շաղ տալի ու էդ բանկեքի մեջ լցնում», եւ Մարինեն զարմացած հարցրեց՝ «ինչի՞ են լցնում. դե ասա՛», եւ ես ասացի՝ «որպես ապացույց՝ որ իրանք մետրոյով էկել ու այցելել են կոնկրետ էդ հանգուցյալին», եւ էդ ասածս հասկացա հենց է՛ն պահին, երբ շեկլիկ սիրունի հետի էդ ջահելը մի քանի մուխ քաշելուց հետո էդ ժետոնները գրպանից հանեց ու լցրեց էդ երեքլիտրանոցի մեջ, եւ երբ Մարինեին էդ վարկածս ասացի, սովորաբար ամեն ինչ վիճարկող ու ամեն ինչից վեճ սարքող Մարինեն փաստորեն հետս համաձայնվեց ու չվիճեց, բայց Մարինեն Մարինե չէր լինի, եթե համաձայնվեր, որ իրենից խելոք եմ, եւ էդ բացատրությունիցս հետո ժպտաց ու ասաց՝ «գերեզմանոցում ուղեղդ շատ ուժեղ ա աշխատում», ու ես ոչինչ չասացի, որովհետեւ ինձ էդքանն է՛լ հերիք էր, եւ հիմա էս բանը գրելով՝ ուզում եմ ավարտել ու դուրս գալ՝ մի քիչ Փարիզում զվռնել, որովհետեւ վաղն առավոտ շուտ թռնում ենք Երեւան, ու հիմա Փարիզի ժամանակով ժամը երեքն է, այսինքն, Փարիզը տեսնելու ընդամենը չորս ժամ ունեմ, որովհետեւ յոթից ութը Վահագը գալու է հյուրանոց, եւ չնայած ինքը երեկ խոստացավ, որ այսօր մեզ իսկապես գիշերային Փարիզը մարդավարի ցույց կտա, բայց գիտեմ, որ էլի խմելով ենք ընկնելու, ու նաեւ գիտեմ, որ Փարիզը ո՛չ թե ուրիշի ցույց տալով պիտի տեսնես, այլ՝ միանգամայն ինքնուրույն, ու դրա համար էլ հիմա ուզում եմ էս թուղթս մի կողմ դնել, դուրս գալ էս երկուաստղանոց բնից եւ միանգամայն ինքնուրույն տեսնել Փարիզը, ու լավն էն է, որ չնայած էս խուցս ընդամենը երկուաստղանոց է, բայց Փարիզի համարյա կենտրոնում է, ու որ խուց ասացի՝ էլի կինոմեխանիկ Մամեդին հիշեցի, ու վերստին Մամեդին հիշելով՝ հիմա արդեն վերջնականապես եմ հասկանում, որ թեպետ էս չորրորդ գիրքս արդեն ավարտելու վրա եմ, բայց իմ կյանքից ահագին բան եմ բաց թողել, եւ չնայած բանակիս կյանքից մի ամբողջ հատոր արդեն գրել եմ, բայց կինոմեխանիկ Մամեդին էստեղ՝ Փարիզի էս Մոնպառնաս գերեզմանատանը հանկարծակի ու պատահաբար հիշեցի եւ Մամեդին հանկարծակի ու պատահաբար հիշելով ու նաեւ հասկանալով, որ իմ կյանքում դեռեւս լիքը հիշարժան բաներ կան, հենց էս պահին որոշում եմ էսպես ու էսքանով ավարտել ո՛չ միայն էսօրվա գրելիքս, այլեւ՝ էս չորրորդ գիրքս ամբողջությամբ, որովհետեւ հենց հիմա շտապում եմ Փարիզը միանգամայն ինքնուրույն տեսնել ու հիմա նաեւ հասկանում եմ, որ Փարիզն ինքնուրույն տեսնելուց ու վայելելուց առաջ՝ նախ պիտի էս չորրորդ գիրքս ավարտեմ ու մի կողմ դնեմ, որովհետեւ Փարիզն ինքնուրույն տեսնելու ու վայելելու համար միտքդ ու հոգիդ պիտի ամբողջովին Փարիզի համար ազատես, ու որեւէ կիսատ գործ չպիտի՛ միտքդ ու հոգիդ զբաղեցնի, եւ խանութներն է՛լ չպիտի չափչփես ու միտքդ քրջուփալասից է՛լ պիտի ազատագրես, մանավանդ որ՝ էստեղ ամեն ինչ անհամեմատ թանկ է, քան՝ Երեւանում, այսինքն, էս պահի դրությամբ, ամբողջ չորս ժամ անմնացորդ կարող եմ Փարիզին նվիրվել, ավելի ճիշտ՝ Փարիզն անմնացորդ ի՛նձ նվիրել, եթե հենց էս պահին հաջողացնեմ ինձ գոնե ժամանակավորապես կտրել ու հեռացնել էս կիսատ թղթից, ավելի ճիշտ՝ էս կիսատ ու ավարտված գրքից, իսկ ավելի ճիշտ՝ էս մշտապես կիսատ ու մշտապես անավարտ վեպից:

Ահա հեռացնում եմ: Ինքս ինձ: Էս թղթից: Ժամանակավորապես:

Առայժմ: Մինչ նոր հանդիպում:

ՎԵՐՋ ՉՈՐՐՈՐԴ ԳՐՔԻ

 

ԳԻՐՔ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

ՀԵՐԹԱԿԱՆ ՍԿԻԶԲ

«Փառքդ շա՜տ, Տե՜ր Աստված: Տե՜ր Աստված, փառքդ շա՜տ: Փառքդ շա՜տ»:

Վերստին ե՛ս եմ: Իմ խոսքերն են: Իմ ձայնն է: Իմ վախվորած ու կերկերուն ձայնն է: Իմ վախվորած, կերկերուն, բայց երախտապարտ ձայնն է: Երախտապարտ, որովհետեւ շատ լավ եմ պրծել:

Վերստին մեր «SAPHIR» հյուրանոցում եմ եւ սրտիս ուժգին խփոցներն զգում ու նույնիսկ լսում է՛լ եմ:

«Փառքդ շա՜տ, Տե՜ր Աստված»:

Համարիս լուսամուտը բաց եմ արել, որ Փարիզի երկնքով ձայնս տեղ հասնի:

Դեռ յոթը չկա, բայց Վահագն արդեն հայտնվել է, որպեսզի մեզ տանի երեկոյան ու գիշերային Փարիզը տեսնելու: Ավելի ճիշտ՝ խմելու: Էս պահի դրությամբ՝ խմելն ինձ ավելի է ձեռ տալիս, քան՝ Փարիզը տեսնելը: Որովհետեւ երեք ու չորս ժամ Փարիզը միանգամայն ինքնուրույն տեսա եւ Փարիզից արդեն լրիվ կուշտ եմ:

«Փառքդ շա՜տ, Տե՜ր Աստված»: Էս խոսքերն իմ Աստծուն ժամը երեքին՝ դեռեւս հյուրանոցից դուրս գալուց առաջ պիտի հղած լինեի ու երախտագիտությունս նախքան հյուրանոցից դուրս գալս պիտի հայտնած լինեի, որովհետեւ ամեն անգամ՝ հերթական հատորիս ավարտից անմիջապես հետո էդ խոսքերը մրմնջում եւ երախտագիտությունս ի խորոց սրտի հայտնում եմ, քանզի արդեն վերջնականապես եմ հասկացել, որ է՛ն ամենը՝ ինչ անում ենք, Ի՛ր թույլտվությամբ ենք անում, ու չեմ ասում՝ «Իր շնորհիվ», որովհետեւ դեռեւս չեմ պարզել՝ էս արածս որեւէ արժեք ունի՞, թե՝ ոչ:

Էս անգամ մոռացա ու երախտագիտությունս չհայտնեցի, որովհետեւ շտապում էի Փարիզն առանց որեւէ մեկի ուղեկցության՝ միանգամայն ինքնուրույն տեսնել, եւ տեսա ու հիմա ոչ մի կերպ չեմ կարողանում տպավորություններիցս ազատվել:

Միանգամայն ինքնուրույն մեր էս հյուրանոցի Դագուեր նեղլիկ փողոցից դուրս եկա, մտա Գեներալ Լոտիեի լայնահուն պողոտան, ու էս գեներալի Լոտիե ազգանունն արդեն մինչեւ կյանքիս վերջ կհիշեմ, որովհետեւ, եթե իր անունը հիշեի, դժվար թե Փարիզում կորեի ու հիմա էլ ոչ թե էսպես աղիողորմ ու խեղճացած հետներդ կխոսեի, այլ՝ միանգամայն հաղթական կհայտարարեի, որ Փարիզն առանց որեւէ մեկի օգնության՝ միանգամայն ինքնուրույն տեսա:

Ամենաճիշտն էն կլիներ, եթե ես անսայի մեր հրատարակիչ Հուրիի հորդորին եւ հյուրանոցիս այցեքարտը հետս վերցնեի, բայց չորրորդ գիրքս անակնկալ ավարտելով՝ էնքան էի շտապում Փարիզն ինքնուրույն տեսնել, որ մոռացա այցեքարտս վերցնել, ավելի ճիշտ՝ պիջակիս փոխարեն ջինսե բաճկոնս հագա՝ այցեքարտս պիջակիս գրպանում թողնելով, ու պիջակիս փոխարեն բաճկոնս վրաս գցելով՝ սլացա Փարիզն ինքնուրույն տեսնելու, ու մեր հյուրանոցի էդ նեղլիկ փողոցից ուղիղ մտա Գեներալ Լոտիեի լայնահուն պողոտան, եւ քանի որ էդ պողոտան էնքան երկար էր՝ որ ծայրը չէր երեւում, որոշեցի մինչեւ վերջ ոտքով գնալ ու նույն էդ պողոտայով էլ վերադառնալ, ու էդ դեպքում կորելս բացառվում էր, ու հենց էդ պահին հիշողությունս ինձ դավաճանեց, ու հենց էդ պահին չհիշեցի, որ իննսունչորսին Փարիզում հենց էդ կերպ էի Իտալական նույնքան լայնահուն պողոտայում կորել, եւ կյանքիս էդ հիշարժան դեպքը մոռացած՝ ողջ երկայնքով անցա Գեներալ Լոտիեի պողոտան՝ ընդհուպ պողոտայի վերջը, ավելի ճիշտ՝ սկիզբը, եւ էդ սկզբում գեներալի մեծադիր, բարձրադիր ու չափազանց յուրահատուկ արձանն էր, որի յուրահատկությունն այն էր, որ գեներալը հենակով էր, ու կարծես մի ոտքն էլ մյուսից մի քիչ կարճ էր, ու էդ պահին Գարինչային հիշեցի ու նաեւ հիշեցի, որ երբ տասնհինգամյա կաղ Գարինչային ներկայացրել ու ցույց են տվել ֆուտբոլային մի մարզչի, մարզիչը բացահայտ կաղացող Գարինչային տեսնելով՝ ներկայացնողի ականջին շշնջացել է՝ «էս ինձ ձեռ ե՞ս առնում», եւ երբ ներկայացնողը խնդրել է, որ գոնե մի անգամ Գարինչային փորձի, եւ երբ պատանի Գարինչան սկսել է խայտառակ խաբսեր տալ պարապմունքի էդ պահին դաշտում գտնվող բոլոր ֆուտբոլիստներին ու ներառյալ մարզչին, Գարինչային ներկայացնողն ինքնագոհ ժպտալով՝ ապշահար ու շշմած մարզչին հարցրել է՝ «հը՞. էս մակարդակի ֆուտբոլիստ տեսած կայի՞ր», եւ շշմած ու շփոթված մարզիչը պատասխանել եւ ասել է՝ «հա՛, տեսել եմ», եւ ներկայացնողը զարմացած հարցրել է՝ «որտե՞ղ ես տեսել», եւ մարզիչն ասել է՝ «երազիս մեջ» ու ավելացրել է՝ «փոքր ժամանակ երազիս մեջ որ ֆուտբոլ էի խաղում, ճիշտ սրա պես էի խաղում»:

Ես էլ եմ ֆուտբոլային թեմաներով բազմազան երազներ տեսել ու հիմա էլ շարունակում եմ տեսնել, եւ հիմա է՝ որ ֆուտբոլային երազներս հիմնականում բուքմեյքերական շեղում ու թեքում ունեն, բայց ֆուտբոլային երազներիս մի անարատ ու ռոմանտիկ տարբերակ կա, որը դեռեւս դպրոցական տարիքում տեսել ու մինչեւ հիմա էլ տեսնում եմ, ու էդ երազներիս վարկածով՝ ես «Արարատի» կենտրոնական հարձակվողն եմ, ու էդ երազներիս բովանդակությունը հիմնականում նույնն է, ու ես ամեն անգամ հեթտրիկի հեղինակ եմ դառնում, ընդ որում՝ խփածս գոլերը մեկը մյուսից սիրուն ու մեկը մյուսից տարբեր են, եւ չնայած էդ մշտական երազներս բովանդակությամբ իրար շատ նման են եւ, փաստորեն, կրկնվում են, բայց երբեւէ էդ կրկնություններից չեմ ձանձրացել ու չեմ շտապել արթնանալ, որովհետեւ էդ երազներս ընդհանուր բովանդակությամբ մեկը մյուսին նման լինելով՝ էպիզոդներով իրարից ահագին տարբեր են, ու չնայած մշտապես հեթտրիկի հեղինակ եմ դառնում, բայց հակառակորդներս տարբեր են՝ Թիֆլիս, Բաքու, Կիեւ, Մոսկվայի «Սպարտակ» եւ այլն, ու էդ երազներիս մեջ նաեւ տարիքս է փոխվում, ու հիմիկվա էս ֆուտբոլային երազներիս մեջ հիմիկվա էս տարիքիս եմ, այսինքն՝ հիսունն արդեն անց, ու էս հիմիկվաններն անհամեմատ իրատեսական են է՛ն առումով, որ չնայած էլի, ինչպես միշտ, հեթտրիկի հեղինակ եմ դառնում, բայց տարիքիս բերումով մարզիչս ինձ միայն խաղավերջի տասնհինգ րոպեներին է խաղադաշտ մտցնում, ու մարզիչս էլ, չգիտես ինչու, մշտապես Աբրահամյան Օնիկն է, եւ ոչ թե, ասենք, Սիմոնյանը, ու հիմա էս ֆուտբոլային երազներս արթմնի հիշելով ու դրանց մասին ձեզ իրազեկելով՝ պարտավոր եմ նաեւ ձեզ տեղյակ պահել, որ, էս ֆուտբոլային երազներիցս բացի, նաեւ անհաջող երազների եմ ականատես լինում, ավելին՝ ֆուտբոլային էս երազներս իմ երազներից ամենահաջողն ու ամենալավատեսականն են, ու չնայած այլ թեմաներով երազներս է՛լ են ժամանակ առ ժամանակ կրկնվում, բայց էս մյուսները շատ ծանր ու անհեռանկար երազներ են, ու դրանցից առանձնանում են բանակային թեմայով երազներս, ու տարվա մեջ մի քանի անգամ երազումս տեսնում եմ, որ դեռեւս ծառայության մեջ եմ, ու ծառայությանս ավարտին դեռ մի քանի ամիս ժամանակ կա, ու տղերքի հետ մնացած օրերն ենք տառապագին ու հատիկ առ հատիկ հաշվում, եւ չնայած ծառայությունս իրականում խաղուպար է եղել եւ հիմնականում բաղկացած է եղել երաժշտությունից ու նկարչությունից, այդուհանդերձ, սովետական բանակում շաքայիններիս հիմնական զբաղմունքն օրերը հաշվելն էր, եւ էդ օրերը չափազանց դժվար էին անցնում հատկապես նրանց համար, ում ծառայությունը խաղուպար էր եւ հիմնականում պարապությունից էր բաղկացած:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել