Մինչ IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կանադացի Սեբաստիան Դեմերսին 3-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի ենթարկելուց հետո հանգստանում է Հայաստանում, արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, թե WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Ֆելիքս Շտուրմը, ով նույնպես բնակվում է Գերմանիայում եւ Արթուրի հետ միասին այդ երկրում մեծ հեղինակություն է վայելում, հայտարարել է հայ բռնցքամարտիկի հետ գոտիների միավորման մենամարտ կազմակերպելու պատրաստակամության մասին, որը, սակայն, Աբրահամն արդեն որքա՜ն ժամանակ մերժում է:
«Ես նրան դա առաջարկել եմ արդեն հազար անգամ եւ հաճույքով գոտիների միավորման մենամարտ կանցկացնեի,- «AllBoxing»-ի տեղեկատվությամբ հայտարարել է Շտուրմը,- սակայն դժվարանում եմ պատկերացնել, որ Զաուերլանդը (Արթուրի պրոումոթերը) ռիսկի կգնա եւ իր աշխարհի չեմպիոն միակ սանին թույլ կտա դուրս գալ իմ դեմ»:
Աբրահամի եւ նրա պրոումոթերի պատասխանը, ըստ նույն աղբյուրի, հետեւել է անմիջապես: «Չգիտեմ, թե Շտուրմն ո՞ւմ է ուղարկել այդ առաջարկությունները: Ես ոչ մեկը չեմ ստացել,- ասել է Վիլֆրիդ Զաուերլանդը:- Եղել է ընդամենը մեկ առաջարկ՝ անցած տարի: Ու այն էլ մեր կողմից: Այն մենք նրա պրոումոթերին ուղարկել ենք գրավոր: Շտուրմը մեզ համար գոտիների միավորման նախընտրելի թեկնածու է: Ես հազար տոկոսով համոզված եմ, որ Արթուրը կկարողանա հաղթել նրան: Մեր անցած տարվա առաջարկը մնում է ուժի մեջ: Հասկանալի է, որ համաձայնության դեպքում ֆինանսական պայմանները լրացուցիչ քննարկման առարկա կարող են դառնալ: Շտուրմը շարունակում է խոսել ուժեղագույն բռնցքամարտիկների հետ մենամարտեր անցկացնելու մասին եւ Արթուրը, անկասկած, այդ ցուցակի մեջ է»:
Իսկ Արթուր Աբրահամն իր հերթին հայտարարել է, թե Շտուրմի հետ պատրաստ է հանդիպել ցանկացած ժամանակ, նշում է «AllBoxing»-ը: