Լրահոս
Օրվա լրահոսը

Երկշաբաթյա ճամբար՝ երեխաների տոնի առթիվ

Հունիս 04,2007 00:00

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կկազմակերպի դպրոցականների ակտիվ հանգիստը՝ ուսումնահետազոտական ճամբարում:

«Հայաստանում, չգիտես ինչու, հունիսի 1-ը ոչ թե Երեխաների պաշտպանության միջազգային օրվա, այլ քննությունների հետ է ասոցացվում: Հաճախ լրջորեն չենք մտածում, թե ինչով պիտի զբաղվի երեխան ամռանը: Այս վերաբերմունքը կոտրել է պետք»,- երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հայտարարեց տնօրեն Աշոտ Բլեյանը: Կրթական այս հաստատությունում, որը երբեմն «ստեղծողների դպրոց» են անվանում, այսօրվանից մինչեւ հունիսի 15-ը կկազմակերպվի ամառային ուսումնահետազոտական ճամբար: Կրթահամալիրի եւ այլ դպրոցների 1-7-րդ եւ 9-րդ դասարանցիները, ովքեր կընդգրկվեն 7 ճամբարներում («Գայանյան դպրոց», «Արհեստագործական դպրոց», «Գեղարվեստի վարժարան» եւ այլն), ամեն օր 7-ժամյա աշխատանքի ընթացքում կունենան երգի, պարի, հանրօգուտ աշխատանքի կազմակերպման, սպորտային եւ այլ պարապմունքներ: Երկշաբաթյա ճամբարային գործունեությունը կլուսաբանեն հատուկ լրատվական ծառայության «լրագրող-աշակերտները», ովքեր իրենց հոդվածները կտեղադրեն կրթահամալիրի mskh.am «Կարդա ինձ» էլեկտրոնային թերթում: «Պրոֆեսիոնալ լրագրողների նման հարցազրույցներ կվարենք ճամբարների ղեկավարների հետ, ռեպորտաժներ կպատրաստենք: Փաստորեն, սա սովորական ճամբար չի լինելու, որտեղ միայն հանգստանում են»,- ասաց «լրագրող-աշակերտներից» Մելսիդա Բերակչյանը:

«Անցյալ տարի, երբ հովանավորներ ունեինք, 10 օրով Ստեփանավան գնացինք: Բայց այս տարի ճամբարները կգործեն Երեւանում, հուլիս-օգոստոս ամիսներին կկազմակերպվեն հայրենագիտական արշավներ՝ Հայաստանի տարածքով մեկ»,- ասաց ճամբարի լրատվական ծառայության ղեկավար Մարգարիտ Սարգսյանը: Ամառային ուսումնահետազոտական ճամբարի կազմակերպումը ներառված է «Պատանի հետազոտողի եւ ստեղծագործողի հեռակա հանրապետական դպրոց» պետական ծրագրում:

2007-ի ուսումնական տարվա համար ծրագրին պետբյուջեից 13 մլն դրամ է հատկացված: «Ճամբարի կազմակերպմանը հիմնականում ծնողներն են ֆինանսապես աջակցում: Բայց համայնքին եւ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետին էլ է պետք աշխատեցնել, ինչը բավականին դժվար գործ է: Մեծերը մի քիչ ծանր են տեղից շարժվում, բայց մեր խանդավառությամբ պիտի նրանց ուշադրությունը գրավենք»,- վստահեցրեց Ա. Բլեյանը: Ամառային այս ճամբարին կմասնակցի շուրջ 1000 աշակերտ, հետաքրքրվել են նաեւ արտասահմանից: «Մասնակցության հայտ են ներկայացրել Գերմանիայում ապրող հայ երեխաներ»,- տեղեկացրեց «Նոր դպրոց» ճամբարի պետ Լուսինե Բուշը: «Մխիթար Սեբաստացի»-ում երեկ վստահեցրին, թե ամռան ամիսներին ուսումնական գործի կազմակերպման ձեւն է փոխվում, այլ ոչ թե ուսումը ընդհատվում: «Մենք մեր գործն ենք անում, ձեւերն ենք ցույց տալիս, եթե այլ դպրոցներ ուզում են՝ թող միանան: Ցավոք, ամռան ամիսներին դպրոցներից շատերում ուսուցիչների դժվար թե հանդիպեք: Մտածում են՝ արձակուրդի մեջ են»,- ավելացրեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի փոխտնօրեն Գեւորգ Հակոբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել