Երեկ այսպես են գնահատել Լեւոն Գուլյանի իրավահաջորդի ներկայացուցիչները դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:
Երեկ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն «Առավոտ» օրաթերթի հունիսի 1-ի համարում տպագրված «Մինչեւ վերջ ճիշտ չեն ասում» խորագրով հոդվածի առնչությամբ հերքում է փոխանցել խմբագրություն: Հիշեցնենք, որ այդ հրապարակման մեջ նշված էր, թե հակառակ Գլխավոր դատախազության տարածած տեղեկատվության՝ «Լ. Գուլյանը վայր է ընկել ոչ թե բաժնի պետ Գեւորգ Թադեւոսյանի, այլ նրա տեղակալի՝ փոխգնդապետ Արայիկ Մգոյանի աշխատասենյակից: Դա փաստել են նաեւ լրագրողները, ովքեր ՀՀ ոստիկանության հրավերով եղել են դեպքի վայրում»:
Գլխավոր դատախազի խոսնակի ուղարկած հերքման համաձայն, «հոդվածագիրը խեղաթյուրում է փաստացի տվյալները, եւ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրության մեջ որեւէ անճշտություն չկա։ Քրգործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Լ. Գուլյանը գտնվել է ՀՀ ոստիկանության վարչական շենքի 2-րդ հարկում տեղակայված ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 1-ին բաժնի պետի աշխատասենյակում»։ Մեր հրապարակած տեղեկատվության համար հիմք էր հանդիսացել դեպքի վայրում եղած լրագրողների այն պնդումը, որ դեպքի վայրի զննության ժամանակ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել էր, թե լրագրողներին հնարավորություն կտրվի բարձրանալ ՔՀԳՎ 2-րդ վարչության 1-ին բաժնի պետի տեղակալի աշխատասենյակ, որտեղ տեղի է ունեցել դեպքը: Երեկ մենք փորձեցինք պարզել, թե արդյոք Գլխավոր դատախազության, ՀՀ ոստիկանության ներկայացուցչի, նաեւ մեր հրապարակած տեղեկություններն իրականում հակասո՞ւմ են միմյանց: ՀՀ ոստիկանության մեր աղբյուրը երեկ մեզ փոխանցեց, որ ՔՀԳՎ 2-րդ վարչության 1-ին բաժնի պետ Գեւորգ Թադեւոսյանն ու նրա տեղակալ Արայիկ Մգոյանը նստում են միեւնույն աշխատասենյակում, որտեղ տեղի է ունեցել դեպքը: Ուստիեւ՝ ո՛չ «Առավոտի», ո՛չ Գլխավոր դատախազության տեղեկություններում հակասություններ չկան, չկա եւ վեճի առարկա:
Շարունակելով Լ. Գուլյանին առնչվող թեման՝ տեղեկացնենք, որ ի պատասխան Լ. Գուլյանի դիակի դատաբժշկական փորձաքննության՝ Գլխավոր դատախազության հրապարակած եզրակացության, երեկ հրապարակվել է Գուլյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ Հրայր Ղուկասյանի եւ Արամ Կարախանյանի հայտարարությունը, որում, մասնավորապես, ասված է. «Վերը նշված եզրակացության վերաբերյալ տարածված տեղեկատվությունը գնահատում ենք ոչ ամբողջական, այն պարունակում է եզրակացության ընդհանուր համատեքստից ընտրանքային սկզբունքով վերցված քաղվածքներ, առանձին արտահայտություններ կամ հետեւություններ, ինչը թույլ չի տալիս լիարժեք պատկերացում կազմել դրա էության եւ բովանդակության վերաբերյալ:
Նախաքննության ներկայիս փուլում, երբ քրեական գործով ձեռք են բերվել մի շարք ապացույցներ, մասնավորապես, համաձայն դատախազության տարածած տեղեկատվության՝ քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք վկաներ, նշանակվել են տարբեր փորձաքննություններ, առնվազն տարօրինակ է միայն մեկ ապացույցի վերաբերյալ նման եղանակով եւ այս ծավալով տեղեկատվության տարածումը:
Հաշվի առնելով, որ եզրակացության մեջ արծարծված հարցերը առաջադրված են նաեւ միջազգային անկախ փորձագետներին, կարծում ենք, որ դրանց գնահատական կարելի է տալ միայն միջազգային փորձագետների եզրակացությունը եւ քրեական գործով անհրաժեշտ այլ ապացույցները ստանալուց եւ համադրելուց հետո:
Անհրաժեշտ ենք համարում շեշտել նաեւ, որ ՀՀ քրեադատավարական օրենսդրության համաձայն՝ քրեական գործով ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի, ապացույցների նկատմամբ չպետք է ցուցաբերվի կանխակալ մոտեցում, դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տրվի՝ մինչեւ դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում»: