Հետընտրական հայացք երեւանցիների աչքերով
Միջազգային դիտորդները գնահատեցին մայիսի 12-ին կայացած ԱԺ ընտրությունները որպես նախորդից մեկ քայլ առաջ: Սակայն գաղտնիք չէ, որ ընտրական գործընթացին իրական գնահատական տալիս է տվյալ երկրի ժողովուրդը, որը, ի վերջո, որոշում է իշխանության լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ լինելը:
Ինչպես ցույց են տալիս APR Group հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի կատարած հետազոտության տվյալները, երեւանցիների 46,9%-ը հավատում է, իսկ 52,6%-ը չի հավատում, որ մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունները եղել էին արդար (դժվարացել է պատասխանել 0,5%-ը):
Սակայն երբ հարցազրուցավարները խնդրում էին, որպեսզի հարցվողները մեկնաբանեին իրենց պատասխանները, նրանցից (հարցվողներից) ոչ ոք չնշեց, որ իր կարծիքը ձեւավորել է տեղական կամ միջազգային դիտորդների կամ էլ քաղաքական գործիչների տված գնահատականի հիման վրա՝ լինի այդ գնահատականը դրական, թե բացասական: Փոխարենը ընտրությունների արդար/անարդար ընկալման մեջ առաջնային էր սուբյեկտիվ ընկալումը: Դրանով է բացատրվում, որ գերիշխող է «ուղղակի դա իմ կարծիքն է» պատասխանը (19,8% «այո»-ի, 14,2% «ոչ»-ի դեպքում):
Նշենք, որ ընտրությունների ընթացքի ընկալումն ուղիղ համեմատական է այս կամ այն իշխանական օղակի հանդեպ վստահության չափանիշին (տվյալ դեպքում՝ ԱԺ-ի): Այս տեսանկյունից՝ «այո, արդար էին» պատասխան տված հարցվողների 32,9%-ը, իսկ «ոչ, արդար չէին» հարցվողների 34,5%-ը համարում են, որ ներկայիս ԱԺ կազմը չի արտահայտի բնակչության շահերը: Այսինքն՝ ԱԺ-ին, որպես ներկայացուցչական համակարգի, նետված է մարտահրավեր: Սա առավել կարեւոր է հաշվի առնել նախագահական ընտրությունների նախաշեմին:
Ուշագրավ է, որ հնչել է նաեւ «աշխատել եւ տեսել եմ» տարբերակը: Նման պատասխան տված հարցվողների 2%-ն է հավատում, իսկ 3,9%-ը չի հավատում ընտրությունների արդար լինելուն: Հարցվողների 3,1%-ը ականատես է եղել լցոնումների, իսկ 11,3%-ը խոստովանել է, որ կաշառք է բաժանվել: Միեւնույն ժամանակ, 8,6%-ը կաշառք բաժանելը համարում է այս ընտրությունների անակնկալը: Եթե փորձենք պատասխանի այս տարբերակը յուրովի մեկնաբանել, ապա ստացվում է, որ մենք՝ քաղաքացիներս, սկսում ենք կաշառակերության մեջ մեղադրել ոչ միայն իշխանական օղակներին, այլեւ ինքներս մեզ: Այս միտումը կարող է ունենալ զարգացման երկու ուղղություն. բացասական (այս դեպքում է՛լ ավելի կարմատավորվի մարգինալ մտածելակերպը՝ «եթե բոլորը վերցնում են, ապա ինչու ես պիտի չվերցնեմ»), դրական (ի վերջո կգիտակցենք, որ կաշառքը վատ բան է բոլոր մակարդակների վրա, եւ ընտրությունների արդար/անարդար լինելը կախված է նաեւ ընտրողից): Հարցվողների 1,1%-ը (ճիշտ է՝ փոքր թիվ է, բայց արժանի է ուշադրության), ըստ երեւույթին, ծանոթ էր ՏԸՀ-ի կազմավորման գործընթացին, քանի որ նշել են, որ «ընդդիմությունը բավականաչափ ներկայացված չէր հանձնաժողովներում» տարբերակը:
Հետաքրքիր էր իմանալ, թե մեր համաքաղաքացիների կարծիքով՝ որ ուժերը կզբաղեցնեն դատարկ մնացած ընդդիմադիր դաշտը: Բնականաբար, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն դեռեւս ընկալվում են որպես իշխանամետ կուսակցություններ (43% եւ 41,8%), եւ միայն 12,6%-ը (ԲՀԿ) եւ 10,5%-ն (ՀՅԴ) են կարծում, որ այդ կուսակցությունները, այնուամենայնիվ, բռնել են շինծու ընդդիմության կեցվածք: Մեր հասարակության համար դեռեւս պարզ չէ ՕԵԿ-ի դիրքը քաղաքական դաշտում: 29,1%-ը կարծում է, որ այն ընդդիմություն է, իսկ 29,7%ը՝ որ շինծու ընդդիմություն է, իսկ 19,9%-ը համարում է ՕԵԿ-ը իշխանություն: Նման մոտեցումը հակված ենք բացատրել, որ թեեւ այս քաղաքական ուժը ժամանակին իրեն համարում էր «ընդդիմադիր թեւ իշխանության մեջ», այնուամենայնիվ, 2004-2006թթ. այն իշխանության մոտ էր եւ օգտվում էր իշխանական լծակներից:
Համաձայն մեր համաքաղաքացիների կարծիքի, «ռեալ» ընդդիմության դաշտը զբաղեցրել է «Ժառանգություն» կուսակցությունը (51,0%): Այստեղ էլ կարող ենք հենվել այն վարկածի վրա, որ սա նոր ուժ է մեր քաղաքական դաշտում, իսկ նրա առաջնորդը այս վարչակարգի ժամանակ գրեթե զերծ է եղել քաղաքական ինտրիգներից:
Ի դեպ՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը բարձր նիշ է ստացել, երբ հարցվողները պատասխանել են այն հարցին, թե քաղաքական գործիչներից ում կցանկանային տեսնել գործադիր իշխանության մեջ (18,0%): Սա վկայում է այն մասին, որ դեռեւս որոշակի սպասելիքներ կան Ր. Հովհաննիսյան քաղաքական գործչից՝ որպես համեմատաբար նոր կերպարի: Կարդարացնի՞ նա, արդյոք, այդ սպասումները, ցույց կտա ժամանակը:
Եթե նախորդ հարցումների ժամանակ APR-ը փաստում էր ԲՀԿ-ի եւ նրա առաջնորդ Գ. Ծառուկյանի բարձր վարկանիշը, ապա այժմ Գ. Ծառուկյանի վարկանիշը 6,9% է՝ զիջելով Ս. Սարգսյանին (7,6%) եւ Ա. Գեղամյանին (7,4%): Գ. Ծառուկյան գործչի վարկանիշի իջեցումը միտված ենք բացատրել այն հանգամանքով, որ արդեն վերջացել են ընտրական շոուները, իսկ հասարակական հիշողությունը կարճատեւ է:
Հետազոտությունը անց է կացվել Երեւան քաղաքի 18 եւ բարձր տարիքային խմբի բնակչության շրջանակում, որոնք հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ եւ ունեն ընտրելու իրավունք: Հարցման է ենթարկվել 663 հարցվող, ինչը թույլ է տալիս ապահովել հետազոտության տվյալների +- 4% ճշգրտությունը: Հարցումը հեռախոսային է, ընտրանքը՝ պատահական, չկրկնվող։ Հարցվողին տրվել են փակ եւ բաց (հարցազրուցավարը չի ընթերցել հարցերի պատասխանները) հարցեր: Հարցումն իրականացվել է «Ազատ Հասարակություն» հ/կ-ի APR Group ստորաբաժանման կողմից: Վերլուծությունն իրականացվել է սեփական նախաձեռնությամբ, սեփական միջոցներով՝ հետագայում գիտական նպատակներով օգտագործվելու համար: Հետադարձ կապ՝ 091-300-748: