Վերջերս, թեյի սեղանի շուրջ, ներկա եղա մի բանավեճի, որի առիթը Ս. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանին արվեստի վաստակավոր գործչի կոչում շնորհելն էր:
Ճիշտն ասած, այս բանը պիտի, ցավոք, խոստովանեմ, արվեստի հետ ոչ մի բարեկամական կամ արյունակցական կապ չունեցող մեր կառավարիչները, բայց ավելի շատ նրանց ընտրած շքախումբը, այնքան են վարկաբեկել այդ կոչումներն ու շքանշանները, որ դրանք, իմ կարծիքով, ոչ մեկին չեն հուզում եւ այս մասին խոսելը նույնպես վարկաբեկիչ եմ համարում, բայց խոսքը մի այնպիսի մարդու մասին է, երբ լռելը կամ անտարբեր մնալը, մեղմ ասած, սրիկայություն է: Եվ այսպես, Զավեն Սարգսյան: Անուն, որ ինքն է գեղեցկացնում իրեն եւ խոսում իր ու իր ոչ թե վաստակավոր, այլ բազմավաստակ լինելու մասին: Անուն, որ մեր, թող ներվի ինձ ասել, մեռած թանգարանային իրականության մեջ ստեղծեց օրվա ընթացքում 24 ժամ եւ տարվա մեջ 365-366 օր աշխատող, ապրող, շնչող, ստեղծագործող, քեֆ եւ ուրախություն անող թանգարան: «Այսպիսի թանգարան երկրորդը աշխարհում չեմ տեսել», սրանք մեծապատիվ Տոնինո Գուերոյի խոսքերն են, իսկ մենք՝ հայերս, սիրում ենք մեր կարծիքը ձեւավորել դրսի մեծերի ասածի հիման վրա: Տոնինոն միակը չէ, մեր ոչ պակաս աշխարհահռչակ Ռոման Բալայանը իր կարծիքը մի անգամ մոտավորապես այսպես ձեւակերպեց. «Այս տուն-թանգարանը ոչ միայն ապրում է տիրոջ՝ Սերյոժա Փարաջանովի ամենօրյա թրթիռով ու ռիթմով, այլեւ ամեն անգամ մի նոր անակնկալ է մատուցում, ինչը առանձնահատուկ էր միայն տանտիրոջը»: Սրանք ես լսել եմ վերը նշված մեծերի շուրթերից, իսկ ուրիշ շատ մեծեր իրենց մտքերը թանգարանի մասին զետեղել են տպավորությունների գրքում եւ այնտեղ ավելի հետաքրքիր գնահատականներ կան, բայց չշեղվենք բուն նյութից: Ուզում եմ հիշեցնել եզակի թանգարանի ստեղծման պատմությունը: Հրազդանի ձորապռնկին Կենտկոմի որոշմամբ կառուցվեց մի առանձնատուն՝ կինոռեժիսոր Ս. Փարաջանովի համար, որն ապրում էր Թիֆլիսում: Շինարարության ընթացքում կինոռեժիսորի հիվանդությունը սրվեց եւ նա տեղափոխվելու մասին արդեն չէր էլ մտածում, քանի որ մինչ այդ էլ հայաստանցի գործընկերներն ու իշխանավորները քիչ տհաճություններ չէին պատճառել նրան: Բայց հրաշքներին չենք հավատա, եթե դրանք իրական չլինեն: Զավեն Սարգսյանը, որ այդ ժամանակ տնօրինում էր Ժողարվեստի թանգարանը, համոզեց իր փառքի գագաթնակետից տխրադեմ մեզ նայող ռեժիսորին կազմակերպել իր աշխատանքների (կոլաժների) եւ տան որոշ կահկարասիի ցուցադրությունը, որը եւ շատ շուտով հաջողեցրեց: Դրան հաջորդեց ցուցահանդեսից Հրազդանի կիրճում կառուցված առանձնատանը այդ ամբողջ ցուցանմուշների հանգրվանումը: Հետագայում նույնպես Զավեն Սարգսյանը շարունակեց իր այս գործընթացը Թիֆլիսի բնակարանից, որի մասին Սոֆիկո Ճիաուրելին մի քանի տարի առաջ մոտավորապես այսպես արտահայտվեց. «Մենք՝ վրացիներս, շատ ուշ հասկացանք, որ Զավենը (Սարգսյան- Վ. Շ.) մեր քթի տակից տարիներ շարունակ օրը ցերեկով մեզ «թալանել» է, ու հիմա մենք բերաններս բաց գալիս ենք Երեւան, ինչպես ֆրանսիացիները՝ Պետերբուրգ՝ Էրմիտաժ եւ լացելով մեր կարոտն ենք առնում մեզ այնքան հարազատ տնից…»:
Զավենը, միշտ հոգատար եւ ուշադիր մեծ ու փոքրի, շրջապատի, ամենքի նկատմամբ, միշտ ֆոտոխցիկը ձեռքին ու միշտ նախորդ հանդիպման լուսանկարների, տարբեր անուն-ազգանուններով ծրարները պայուսակում, Ձմեռ պապի նվերի պես, Ձմեռ պապի նվերից ավելի թանկ, Զավենը, որի մասին աշխարհագետ-քարտեզագետ ընկերս զայրացած ու կրքոտ «խոստովանում» էր, որ Զավենը ջարդել է թանգարանային աշխատանքի բոլոր ստանդարտներն ու ստերեոտիպերը եւ իմ կարծիքով արդեն դրանով իսկ զարկ է տվել թանգարանային նոր դարաշրջանին, որը չգիտեմ արդեն ինչպես են կոչելու՝ Փարաջանովյա՞ն, թե՞ Զավենական: Ու ճիշտն ասած, նոր անվանումն ինձ բնավ չի էլ հուզում, կարեւորը նրա լինելությունն է, կարեւորը տուն-թանգարանի ապրելն է տիրոջ բնական ռիթմով եւ կարեւորը դռները միշտ բաց լինելն է, այցելուների բազմաթիվությունն ու բազմազանությունն է Երկիր մոլորակի բոլոր ծագերից… Զավենը՝ մեր դաժան ու չար իրականության մեջ միշտ ժպտադեմ ու բարի, մեր ահավոր ու չկամ դաշտում՝ միշտ շռայլ ու կամեցող: Զավենը… Զավենը միշտ գլուխը կախ եւ միշտ մշակույթի մշակ, միշտ ապրեցնող եւ կյանք տվող եւ գուցե թե Զավենական հանելուկը իր պարզության մեջ է, այն պարզության, որ այս մեծատառով համեստ Մարդը Փարաջանով կինոռեժիսորի ստեղծած-չստեղծածի, թողած-չթողածի, ապրած-չապրածի եւ մյուս-մյուս ամեն ինչի մեջ իր հոգին է դրել եւ կամ էլ, ավելի ճիշտ, այդ ամենն անց է կացրել իր հոգու միջով:
Հ. Գ. Հաճելին համընկավ օգտակարի հետ, պարզվում է, որ մեր ամենաերիտասարդ ու ամենաավյունով լեցուն ընկերը բոլորել է իր 6-րդ տասնամյակը եւ մեզ մնում է սրտանց շնորհավորել նրան եւ ցանկանալ ու մաղթել եւս մի քանի այդքան վաստակավոր ու վաստակաշատ տասնամյակներ՝ ի փառս եւ հանուն մեր արվեստի եւ նրա գործիչների անմահացման: