Թել-Ավիվում կազմել են «լեգիտիմ թիրախների» ցուցակ
Փորձը ցույց տվեց, որ Պաղեստինյան ինքնավարության ներսում ամիսներ ի վեր ծայր առած արյունոտ երկպառակությունը հաղթահարելու միակ ձեւը, փաստորեն, Իսրայելի նկատմամբ զինված սադրանքն էր: Պաղեստինցի ծայրահեղականներն ապացուցեցին, որ ուղղակի օրգանապես են ատում խաղաղությունը: Ստացվում է այնպես, որ հանձինս ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասին սատարող ուժերի եւ ահաբեկչականի համարում ունեցող «Համասի», նրանք կամ պետք է մարտնչեն միմյանց դեմ, կամ էլ երկուսը միասին՝ իսրայելական զինուժի դեմ: Այստեղ, սակայն, մի փոքրիկ վերապահումը չէր խանգարի: Վերջին ամիսներին այս տարածաշրջանում հաստատված խիստ փխրուն հրադադարի խախտման պատասխանատուն մեծ չափով հենց «Համասն» է: Զգալիորեն հեղինակազրկվելով ինքնավարության ներիշխանական պայքարի ընթացքում գործադրած կեղտոտ մեթոդների արդյունքում («Համասը», ըստ էության, ահաբեկչության էր ենթարկում սեփական ժողովրդին), վերջինս այժմ փորձում է իսրայելական բնակավայրերը գնդակոծելով՝ պաղեստինցիների աչքում վերականգնել իր «բարի» անունը:
Ավելորդ է ասել, որ Իսրայելը համարժեքորեն արձագանքեց «Համասի» սադրանքին: Թել-Ավիվն այս անգամ մեծ առաջնություն է տալիս, այսպես կոչված, կետային հարվածներին եւ հարկ է նշել, որ բավական շոշափելի հաջողություններ է արձանագրել: Թիրախներն այս անգամ ոչ թե հակառակորդի ռազմական ենթակառույցներն են, այլ առավելապես՝ «Համասի» ակտիվիստները: Արեւմտյան լրատվամիջոցները տեղեկություններ են հաղորդում այն մասին, որ Իսրայելի բարձրագույն ղեկավարությունը կազմել է ֆիզիկական ոչնչացման ենթակա ավելի քան մեկ տասնյակ համասականների ցուցակ եւ առաջիկայում հետամուտ է լինելու նրանց վերացմանը: Բերվում են նաեւ ցուցակում ընդգրկված առավել հայտնի մի քանի անուններ: Նրանցից են «Համասի» քաղբյուրոյի ղեկավար Խալեդ Մաշալը, Պաղեստինի վարչապետ Իսմաիլ Խանիան, քաղբյուրոյի անդամներ Մուհամեդ Նազալը, Իմադ Ալ Ալյամին եւ ուրիշներ: Ընդ որում, վերոհիշյալ թիրախներն ապրում են ոչ միայն բուն Պաղեստինյան ինքնավարության տարածքում, այլեւ դրանից դուրս: Օրինակ, «Համասի» առաջնորդ Խալեդ Մաշալի հիմնական բնակության վայրը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսն է:
Հատկանշական է, որ Թել-Ավիվում չեն էլ թաքցնում «Համասին» գլխատելու իրենց մտադրությունը: Օրերս Իսրայելի հասարակական անվտանգության նախարար Ավի Դիքթերը հայտարարել է տառացիորեն հետեւյալը. «Մաշալն ու նրա զինակիցները չեն հոգնում իսրայելական բնակավայրերի նկատմամբ ահաբեկչական ակտեր իրականացնելու կոչեր անելուց, ինչը նրանց դարձնում է առավել քան լեգիտիմ թիրախներ»: Այն, որ իսրայելցիների խոսքը գործից առանձնապես չի տարբերվում, նրանք վաղուց են ապացուցել: Ուստի չի կարելի բացառել, որ Թել-Ավիվի այս մարտավարությունը, մոտ ապագայում, բավական հիմնավոր կասկածներ առաջացնի «Մեկին կվերացնես, բոլորին չես վերացնի» հայտնի հեղափոխական կարգախոսի կենսունակության նկատմամբ: