Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԽԱՂԱՑՈՂ՝ ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ «ՀՐԹԻՌԱՅԻՆ» ՎԵՃՈՒՄ

Հունիս 04,2007 00:00

\"\"Վիլնյուսը եւս պատրաստ է իր տարածքը ծառայեցնել ՀՀՊ եվրոպական ծրագրերին

Թվում է, թե անհավատալի է. մինչ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ծագած «հրթիռային» հակասությունը, չնայած Վաշինգթոնի գործադրած եռանդուն ջանքերին, շարունակում է ահագնանալ, Լիտվան անսպասելիորեն բարձրաձայնում է «Եվրոպական հակահրթիռային ծրագրերին» միանալու իր պատրաստակամության մասին: «Լիտվան շահագրգիռ է Չեխիայի եւ Լեհաստանի օրինակով իր տարածքում եւս ՀՀՊ (Հակահրթիռային պաշտպանություն) համակարգ տեղադրելու հարցում», օրերս այսպիսի սենսացիոն հայտարարություն է արել Լիտվայի պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասը: Վերջինս Վիլնյուսի այդ ցանկությունը հիմնավորել է հետեւյալ կերպ. «Մի քանի տարի անց որոշ անկայուն երկրներում կհայտնվեն այնպիսի տեխնիկական միջոցներ, որոնք այդ երկրներին հնարավորություն կտան հրթիռային հարձակումներ գործել Եվրոպայի վրա: Աշխարհը պետք է զսպի այդպիսի զարգացումները, եւ խնդրի լուծումներից մեկն էլ հակահրթիռային համակարգի ստեղծումն է»: Օլեկասը, իհարկե, նշել է, որ ինքը նկատի ունի ՆԱՏՕ-ի շրջանակներում գործող կայանքները, սակայն, ըստ որոշ դիտորդների, դա ընդամենը Ռուսաստանի զայրույթը ժամանակավորապես Լիտվայից հեռացնելու նպատակ է հետապնդում: Հայտնի է, որ Արեւելյան Եվրոպայում ՀՀՊ տարրեր տեղակայելու ծրագիրը ՆԱՏՕ-ի հետ ուղղակի առնչություն չունի եւ առայժմ իրականացվում է միայն Պենտագոնի կողմից: Լիտվայի պաշտպանության նախարարը, բնականաբար, չի շրջանցել Ռուսաստանի թեման, հայտարարելով, որ եվրոպական հակահրթիռային ծրագիրը ոչ մի պարագայում ուղղված չէ Ռուսաստանի դեմ:

Առաջին տպավորությունն այն է, որ Վիլնյուսն այսպիսով մեծապես փչացնում է Վաշինգթոնի դիվանագիտական ջանքերը. վերջին ամիսներին Միացյալ Նահանգների ոչ քիչ թվով բարձրագույն պաշտոնյաներ (այդ թվում՝ Պետդեպի եւ Պենտագոնի ղեկավարները)՝ հաջորդաբար Մոսկվա գործուղվելով, փորձում էին հնարավորինս մեղմել (թեեւ՝ ապարդյուն) Կրեմլի հակազդեցությունը ՀՀՊ-ին: Եվ ահա, այդ ջանքերի ֆոնին այսպիսի հայտարարություն, եւ այն էլ՝ Ռուսաստանի անմիջական հարեւանի՝ նախկին ԽՍՀՄ բաղկացուցիչ հանդիսացող Լիտվայի «շուրթերից»: Մյուս կողմից, սակայն, դժվար է ենթադրել, թե Վիլնյուսն այդ քայլին կգնար առանց Սպիտակ տան նախնական համաձայնության: Ավելին, հիմքեր կան ենթադրելու, որ հենց ԱՄՆ-ն է Լիտվային դրդել հանդես գալ Մոսկվայի համար խիստ անհաճո այդ հայտարարությամբ:

Բանն այն է, որ դրանից տառացիորեն մի քանի օր առաջ, ի պատասխան Պենտագոնի Եվրոպական հակահրթիռային ծրագրերի, Ռուսաստանն իրականացրեց երկու PC-24 տիպի նորագույն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ցուցադրական փորձարկումներ: Առանձնացող գլխամասով այդ նոր գերհզոր հրթիռները, ռուս զինվորականների հավաստմամբ, փոխարինելու պետք է գան արդեն հնացած PC-18 «Ստիլետ», PC-20 «Սատանա» եւ թեւավոր P-500 հրթիռներին: ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովի խոսքերով, Ռուսաստանն այլեւս տիրապետում է այնպիսի օպերատիվ-ռազմավարական զենքերի, որոնք ի վիճակի են հաղթահարել ցանկացած գոյություն ունեցող, ինչպես նաեւ ապագա ՀՀՊ համակարգ: «Ռուսաստանն անպայմանորեն պետք է հաշվի առնի Արեւելյան Եվրոպայում փոքր եւ միջին հեռահարության հրթիռների տեղակայման գործոնը: Այդ ամենն իրական վտանգ է ներկայացնում մեզ համար եւ կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ: Ուստի՝ նոր իրողությունների համատեքստում մենք պետք է մեր զինուժն ապահովենք ժամանակակից եւ մեծ ճշգրտությամբ օժտված զենքով», ահա այսպիսի՝ որոշ գնահատումներով «սառը պատերազմ» նախանշող հայտարարություն է արել Ռուսաստանի փոխվարչապետը: Ռուսաստանի վերոհիշյալ փորձարկումներին լայնորեն արձագանքել են արեւմտյան լրատվամիջոցները:

The New York Times-ը, մասնավորապես, նշում է, որ ռուսական նոր միջմայրցամաքային հրթիռները հաջողությամբ կտրել են երկրի գրեթե ողջ հյուսիսային տարածքը, հասնելով մինչեւ Հեռավոր Արեւելք: Ընդ որում, մոտ 8000 կմ ճանապարհ անցած այդ հրթիռները, ըստ ամերիկյան թերթի, արձակվել են ճիշտ այն պահին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական հրապարակային քննադատությունն էր հնչեցնում ԱՄՆ-ի հասցեին՝ կապված վերջինիս՝ ՀՀՊ ծրագրերի հետ: The New York Times-ը նաեւ նկատում է, որ Պուտինի այսօրինակ ելույթներն ավելի շատ հաշվարկված են Ռուսաստանի ներքին լսարանի համար, իսկ բուն ԱՄՆ-ում, ըստ ամերիկյան պարբերականի, շատ հանգիստ վերաբերվեցին ինչպես ՌԴ ղեկավարի սուր հռետորությանը, այնպես էլ ռուսական հրթիռների փորձարկման փաստին: Մոտավորապես նույն շեշտադրումներն է անում նաեւ The Financical Times-ը, հավելելով, որ Մոսկվային, ըստ երեւույթին, չեն բավարարել Վաշինգթոնի հավաստիացումները, թե ԱՄՆ-ի արեւելաեվրոպական հրթիռակայանքները նախատեսված են միայն Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հյուսիսային Կորեայի հավանական հարձակումներից պաշտպանվելու համար:

Ինչպես տեսնում ենք, ռուսական նոր հրթիռների փորձարկումն ԱՄՆ-ին առանձնապես չի նյարդայնացրել: Ավելին, այդ փորձարկումների հաջորդ օրն իսկ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը հայտարարեց, թե ԱՄՆ-ն շարունակում է հուսալ, որ հակաօդային պաշտպանության հարցերում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարող են հաջողությամբ համագործակցել: Այստեղ, սակայն, տրամաբանությունից զուրկ չէ այն ենթադրությունը, որ ամերիկացիները խնամքով թաքցնում են իրենց իրական զգացումները, քանզի Վաշինգթոնը պարզապես ճիշտ չէր հասկացվի, եթե ռուսներին աղմկոտ քննադատության ենթարկեր մի բանի համար, ինչը, ըստ էության, անում է նաեւ ինքը: Ուստի՝ այս համատեքստում ամենեւին չի կարելի բացառել, որ Լիտվայի արտգործնախարար Յուոզաս Օլեկասի հայտարարությունն այլ բան չէ, քան ամերիկացիների անուղղակի պատասխանը Ռուսաստանին:

Այսպես թե այնպես, փաստն այն է, որ ամերիկյան ՀՀՊ-ի շուրջ զարգացող ԱՄՆ-ՌԴ վեճը շարունակում է է՛լ ավելի սաստկանալ՝ ընդլայնելով իր աշխարհագրությունն ու ընդհուպ մոտենալով Ռուսաստանի սահմաններին, ինչն էլ վերջինիս դրդում է պատասխան գործողությունների: Մի բան, որը ոչ մի հաճելի հեռանկար չի կարող խոստանալ համաեվրոպական անվտանգության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել