Լրահոս
Օրվա լրահոսը

Գնա՞լ, թե՞ չգնալ: Հանդիպե՞լ, թե՞ չհանդիպել

Հունիս 04,2007 00:00

\"\"Այս հարցերը, համապատասխանաբար, Սահակաշվիլու եւ Պուտինի համար վերջին օրերին բավական
արդիական են

Ռուս-վրացական հարաբերությունները, բացի վերջին տարիներին սովորական դարձած ավանդական լարվածությունից, բնորոշվում են նաեւ երկու երկրների քարոզչամիջոցներից հորդող ցածրորակ, երբեմն անվայելուչ փոխհռետորությամբ: Դա հատկապես շատ ցայտուն է արտահայտվում ռուսական ԶԼՄ-ներում, որոնք ամենաչնչին առիթն անգամ բաց չեն թողնում Վրաստանի նախագահին եւ նրա մերձավոր զինակիցներին սեւ PR-ի «լավագույն» ավանդույթներով ծանակելու համար: Եվ ահա նոր առիթը՝ հանձին մի քանի օրից Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ հերթական գագաթաժողովի, կարծես թե ներկայացել է: Ռուս քարոզիչներն այս օրերին իրենց համար բավական զվարճալի զբաղմունք են գտել, փորձելով գրոտեսկի ժանրով կանխագուշակել՝ կմասնակցի՞, արդյոք, Սահակաշվիլին այդ միջոցառմանը, թե՞ ոչ: Նրանցից մեկը հեգնանքով նկատում է, որ նախորդ՝ Մինսկում կայացած գագաթաժողովին վրացի դիվանագետները ապարդյուն ջանքեր էին գործադրում՝ միտված Պուտին-Սահակաշվիլի գեթ կարճատեւ մի երկխոսություն ապահովելուն, եւ, ի վերջո, Վրաստանի առաջնորդը ստիպված եղավ տառացիորեն «հյուրանոցի վերելակի մոտ բռնացնել» Պուտինին՝ նրա հետ մի քանի խոսք փոխանակելու համար:

Այդուհանդերձ, Մոսկվայում կարծես թե այս անգամ դեմ չեն նման հանդիպմանը: Համենայնդեպս, դիվանագիտական եւ քարոզչական խողովակներով Վրաստանից եկող պոզիտիվ ազդանշանները դեռեւս ռուսներին բնորոշ հեգնական ու միանշանակ մերժումների չեն արժանացել: Վրաստանում կարծում են, որ Պուտինն այս անգամ չի խուսափի իր վրացի պաշտոնակցի հետ հանդիպումից, քանի որ երկու երկրների միջեւ կուտակված խնդիրների փոքրիշատե կարգավորման համար առաջին դեմքերի անմիջական շփումն ուղղակի կենսական է: «Ռուսաստանը, այդպիսով, իր սեփական շահը պետք է հետապնդի, ոչ թե ներողամտաբար համաձայնի կամ չհամաձայնի: Կարծում եմ, որ ի թիվս այլ հարցերի, այդ բանը նրանց անհրաժեշտ է նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) անդամակցելու համար»,- այսպիսի կարծիք է հայտնել Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Կոտե Գաբաշվիլին: Ինչպես հայտնի է, Թբիլիսին արգելափակել է ԱՀԿ-ին անդամակցելու՝ Ռուսաստանի հայտը, վերջինից պահանջելով կատարել աբխազական եւ հարավօսական հատվածներում մաքսային գործառույթներն օրինականացնելու հարցում ստանձնած պարտավորությունները:

Այս ամենով հանդերձ, վրացիները եւս չեն շտապում Սահակաշվիլու՝ Սանկտ Պետերբուրգ մեկնելու մասին պաշտոնական հայտարարություն անել: Ավելին՝ արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին հայտարարել է, որ թեեւ համապատասխան հրավեր ստացվել է, այդուհանդերձ, դեռեւս առկա են մի շարք «տեխնիկական, արարողակարգային հարցեր»: Ըստ ամենայնի, վրացական կողմը նախ փորձում է վերջնականապես հավաստիանալ, որ Պուտինը, այնուամենայնիվ, կհամաձայնի այնտեղ հանդիպել Սահակաշվիլու հետ: Հակառակ պարագայում ԱՊՀ կոչված բավական անորոշ այդ կազմավորման գագաթաժողովին նրա մասնակցությունը բացարձակապես անիմաստ կդառնա: Էլ չենք խոսում այն մասին, որ դա ռուսական քարոզչամեքենային վրացիների եւ նրանց ղեկավարի հասցեին զազրախոսելու լրացուցիչ առիթ կտա:

Հարկ է նշել, որ այս օրերին Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ ծավալվող, այսպես կոչված, նյարդերի պատերազմին ուշադիր հետեւում են նաեւ Արեւմուտքն ու մասնավորաբար՝ ԱՄՆ-ն: Փոխպետքարտուղար Դենիել Ֆրիդը օրերս քննադատության հերթական չափաբաժինն էր ուղղել Մոսկվային՝ Աբխազիայի եւ Հարավօսիայի «անօրինական ռեժիմներին» բացահայտ աջակցություն ցուցաբերելու համար, թեեւ չէր մոռացել նկատել, որ «վերջին ժամանակներում Թբիլիսիի եւ Մոսկվայի հարաբերություններում առկա են դրական տեղաշարժեր»: Այս համապատկերում Պուտինի հերթական մերժողական ու այլեւս ոչ մի լուրջ փաստարկով չհիմնավորված դեմարշը վրացիների հանդեպ, թերեւս, արդեն կարող է դիտվել նաեւ չթաքցված արհամարհանք՝ Թբիլիսիին սատարող Արեւմուտքի նկատմամբ: Ուստի, արդեն հունիսի 10-ին՝ գագաթաժողովի օրը, կամ՝ գուցե մի փոքր ավելի վաղ, հնարավոր կլինի պատկերացում կազմել, թե առաջիկա ամիսներին ինչ հունով կզարգանան ռուս-վրացական հարաբերությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել