Չնայած միջնորդների զուսպ լավատեսությանը՝ կարգավորման հեռանկարը չի երեւում
Իսկապես, հարկ է արժանին մատուցել Մինսկի խմբի համանախագահներին, որոնք ամեն անգամ տարածաշրջան այցելելիս Հայաստանի կամ Ադրբեջանի լրագրողների հետ հանդիպումների ժամանակ ասելու ինչ-որ բան են գտնում: Ընդ որում, դիվանագետի նրանց տաղանդը արժեւորվում է հատկապես այն հանգամանքով, որ վերջիններս կարողանում են հազար անգամ ասված մտքերն ու մեկնաբանությունները մատուցել համեմատաբար թարմ ձեւակերպումներով, առանց դրանց վաղուց հայտնի բովանդակությանը դիպչելու: Մոտ մեկ շաբաթ առաջ համանախագահները, այս անգամ ոչ լրիվ կազմով, դարձյալ Երեւանում էին եւ, ավանդույթի համաձայն, Հայաստանից մեկնելուց առաջ հանդիպում ունեցան տեղի լրագրողների հետ: Մամուլի ասուլիսին, որը կայացավ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը, մասնակցում էին Յուրի Մերզլյակովն ու Բեռնար Ֆասիեն: Նրանց ամերիկացի գործընկեր Մեթյու Բրայզան «աշխատանքային գրաֆիկի» բերումով ներկա չէր, սակայն, ինչպես նշեցին բանախոսները, մի քանի շաբաթից միջնորդներն ամբողջ կազմով դարձյալ կլինեն Երեւանում եւ լրագրողները հնարավորություն կունենան «բացառապես ԱՄՆ պետդեպի ներքին խոհանոցին վերաբերող հարցերն» ուղղել հենց Բրայզային:
Միջնորդներին տրված հարցերը եւս օրիգինալությամբ չէին փայլում, եւ դա միանգամայն հասկանալի է: Գրեթե ամեն ինչի մասին նախկինում արդեն հարցեր են հնչեցվել եւ ի պատասխան դրանց՝ ստացվել են թեեւ ոչ սպառիչ, սակայն շատ ծանոթ պատասխաններ: Այդ հարցերից է, օրինակ, Իլհամ Ալիեւի ռազմաշունչ հայտարարություններին միջնորդների վերաբերմունքի հերթական «բացահայտման» փորձը: Պատասխանը ստանդարտ էր. ֆրանսիացի համանախագահն ընդամենը նշեց. «Մենք բազմիցս ենք ասել, որ կողմերի միջեւ բանակցային ճանապարհով խնդրի լուծմանը եւ խաղաղ փոխհամաձայնության ձեռքբերմանն այլընտրանք չկա: Պատերազմը ելք չէ»: Իսկ ի՞նչ պաշարով են համանախագահները հեռանում Երեւանից, այս ծանոթ հարցին Յուրի Մերզլյակովը տվեց նույնքան ծանոթ պատասխան, մասնավորապես, նշելով, որ արդյունքները գոհացուցիչ են: «ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ նախօրեին ունեցած մեր զրույցի ժամանակ նա համաձայնեց հանդիպել իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ՝ հունիսի 10-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ գագաթաժողովում»,- ավետեց Մերզլյակովը, հույս հայտնելով, որ Բաքվում, ուր համանախագահներն ուղեւորվում էին Երեւանից, նրանք կստանան նաեւ Ալիեւի դրական պատասխանը: Առաջ անցնելով նշենք, որ քիչ ավելի ուշ այդ համաձայնությունը նրանք Բաքվում ստացան:
Քիչ թե շատ ուշագրավ էր Մերզլյակովի այն դիտարկումը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ժամանակ հաջողություն գրանցելու դեպքում «չհամաձայնեցված հարցերի թիվը կմոտենա զրոյին»: Համանախագահները, ինչպես եւ կարելի էր սպասել, զերծ մնացին կարգավորման կոնկրետ ժամկետներ նշելուց, ասելով միայն, որ մինչեւ տարեվերջ կարելի է ակնկալել կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցում, ինչը, սակայն, դեռեւս չի նշանակում համաձայնագրի ստորագրում: Այս համատեքստում Բեռնար Ֆասիեն նկատեց, որ 2008 թ. Հայաստանում եւ Ադրբեջանում կայանալու են նախագահական ընտրություններ, ու «եթե եղած հարցերը մինչեւ տարեվերջ չհամաձայնեցվեն, ապա մեծ է հավանականությունը, որ ընտրություններից հետո գործընթացը հարկ կլինի սկսել զրոյից, ինչպես դա արդեն եղել է անցյալում»: Վերջապես՝ մի խիստ ծանոթ դիտարկման մասին եւս: Պատասխանելով բանակցային գործընթացին ԼՂ-ի մասնակցության հնարավորության մասին ավանդական հարցին, համանախագահները կրկնեցին նախկինում հնչեցրած իրենց այն տեսակետը, որ որոշակի փուլում դա անհրաժեշտ կդառնա:
Նկատենք, որ թեմայի շրջանակներում ժամանակ առ ժամանակ երեւակվող զանազան նմանություններն ու անցյալի կրկնություններն այսքանով չեն սահմանափակվում: Որպես կանոն, համանախագահների տարածաշրջանային այցերին անմիջապես հաջորդում են ԼՂՀ ղեկավարի կամ վերջինիս ներկայացուցիչների հրապարակային ելույթները՝ կապված ԼՂ հարցի լուծման իրենց պատկերացումների հետ: Միջնորդների վերջին այցն այս առումով բացառություն չէր: Նրանց ասուլիսի հաջորդ օրն իսկ Երեւանում լրագրողների հետ հանդիպեց ԼՂ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Արման Մելիքյանը եւ հայտարարեց, որ առանձնապես լավատես չէ Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում հաջողության հասնելու հնարավորության հարցում: «Երբ կոնկրետ արդյունք կլինի, որին կհամաձայնի ղարաբաղյան կողմը, այն ժամանակ էլ լավատես կլինենք: Տվյալ պահին ես լավատեսությունը ժամանակավրեպ եմ համարում»,- ասաց Մելիքյանը: Հակամարտության կարգավորման ներկա փուլի վերաբերյալ ԼՂՀ նախագահի խորհրդականն ափսոսանքով նշեց, որ Մինսկի գործընթացն այսօր վերածվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ նախագահների բանակցությունների, կրկին հիշեցնելով, որ Ղարաբաղն իրավունք ունի մասնակցել բանակցություններին: Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այն հայտարարությանը, թե միջնորդների մեղքով չէ, որ դադարեցվեց Ստեփանակերտի մասնակցությունը բանակցություններին՝ Մելիքյանն ասաց, թե այստեղ, այնուամենայնիվ, առկա է նաեւ նրանց մեղքը, «քանի որ համաձայնել են այդ ձեւաչափին»:
Եթե արտահայտվելու լինենք պոետի խոսքերով, փաստորեն, հանգիստ կարող ենք արձանագրել, որ «ամեն ինչ առաջվանն է կրկին»: Եվ այս առումով, վստահաբար, որեւէ անակնկալ չի մատուցի նաեւ առաջիկա սանկտպետերբուրգյան հանդիպումը, ինչպիսիք մենք շատ ենք տեսել: Իսկ հետո արդեն ընտրություններ՝ դրանցից բխող բոլոր «բանակցային» հետեւանքներով: Մի խոսքով, բեկման սպասելն առնվազն միամտություն է, թեկուզ այն պատճառով, որ չկա դրա համար անհրաժեշտ որեւէ նախադրյալ: