ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Նարեկ Գալստյանը խոստացավ առաջիկայում անուններ հրապարակել եւ «թեժ գծի» միջոցով արձագանքել բոլոր ահազանգերին:
Երեկ «Փաստարկ» ակումբում ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Նարեկ Գալստյանը խոսեց ընդունելության քննություններից: Նա հայտնեց, որ դրանք վերահսկելու ու այդ գործընթացն էլ հասարակությանը թափանցիկ դարձնելու նպատակով նախապատրաստել են լայնածավալ մի ծրագիր, որի համար գրանտներ չեն ստացել: Երիտասարդ հնչակները չեն համագործակցելու ոչ մեկի հետ, որովհետեւ, Ն. Գալստյանի համոզմամբ, յուրաքանչյուրը կփորձի իր խնդիրները լուծել: «Օրինակ, Դաշնակցության երիտասարդների հետ չենք համագործակցի, որովհետեւ, եթե նրանք մեկ տարի առաջ ահազանգում էին կրթության ոլորտի կոռուպցիայի մասին, Լեւոն Մկրտչյանի ԿԳ նախարար նշանակվելուց հետո ասում են, թե իբր կոռուպցիան նվազել է: Մեզ համար նշանակություն չունի ԿԳ նախարարի կուսակցական պատկանելությունը, բայց մյուս կողմից Լեւոն Մկրտչյանի եռակի նախարարության արդյունքում ես՝ իբրեւ պետական բուհի ուսանող, բոլորովին չեմ զգացել այն առաջընթացը, որի մասին նա հաճախ հայտարարում է ասուլիսներում: Եթե նրա պաշտոնավարման ընթացքում ընդունելության քննությունների խայտառակ արդյունքներ են գրանցվել, դա չի՞ նշանակում, որ ինչ-որ տեղ նախարարին էլ կարելի է կոռումպացված համարել: Անցած տարի ընդունելության քննությունների ժամանակ Դաշնակցությունը՝ 3 մլն, իսկ նախագահի վերահսկողականն էլ՝ 2 մլն դոլար են աշխատել»,- հայտարարեց Ն. Գալստյանը: Նաեւ ասաց, որ հնչակյան «վերահսկողական» ծրագրի շրջանակներում՝ երեկվանից գործում են տարբեր առարկաների մասնագետներից բաղկացած խմբեր եւ 53-09-66 հեռախոսահամարով «թեժ գիծ»: Մասնագետները ստուգելու են դիմորդների գրավոր աշխատանքները, արձագանքելու են բոլոր ահազանգերին: Իսկ յուրաքանչյուր 2 օրը մեկ «Սարգիս Տխրունին» հրապարակելու է իր ուսումնասիրությունների արդյունքները: «Մենք միայն բացասականը չենք փնտրում, եթե որեւէ լավ բան լինի, ինչում ես խիստ կասկածում եմ, միեւնույն է՝ հրապարակելու ենք»,- ասաց Նարեկը:
Երիտասարդ հնչակի խոսքերով՝ երեխաները ամբողջ տարին պատրաստվելով «մարաթոնյան մրցավազքին», վերջում 0,1 կամ 0, 2 միավորով դուրս են մնում. «Շատ ծնողներ պատրաստ են մեղավորների անուններ տալ: Մենք կմատնանշենք կաշառակերներին, ցույց կտանք այն կոռումպացված մարդկանց, ովքեր փորձում են ընդունելության քննությունները դարձնել սեփական բիզնեսի աղբյուր»: Դառնալով հայոց լեզվի քննությանն էլ, ասաց. «Նոր համակարգով անցկացնելով հայոց լեզվի ավարտական եւ միասնական քննությունները, կարծես փորձել են կոռուպցիան մեղմացնել, բայց դա դեռ հարց է, որովհետեւ, մեր տեղեկություններով, նախկին քննությունների հանձնաժողովների կոռումպացված անդամները շարունակելու են պահպանել իրենց կարգավիճակները: Իսկ դա ենթադրում է, որ այս տարի եւս կոռուպցիայի եւ կաշառակերության ռիսկերը ոչ թե կնվազեն, այլ մեծ դրսեւորումներ կունենան»: