Երեկ ասաց ԵՊՀ քննական կենտրոն այցելած ՀՀ վարչապետը
Ծնողները գանգատվեցին ՀՀ վարչապետին, թե երեխաներից ոչ բոլորն են մոնիտորին երեւում:
Քննական կենտրոնների մուտքից ներս՝ այսպես էին ընդունում դիմորդներին:
Այս դիմորդն իր ձեռքով բացեց թեստերի բախտորոշ փաթեթը:
Երեկ ողջ հանրապետության տարածքում մեկնարկեցին պետական ավարտական եւ միասնական քննությունները՝ հայոց լեզու եւ գրականություն առարկայից: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը եւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը այցելեցին Երեւանի 19 քննական կենտրոններից 3-ը՝ ԵՊՀ, Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 եւ Ն. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցներ: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ է մտածում ՀՀ վարչապետը քննական նորամուծությունների մասին: «Արդյունքների մասին խոսելը վաղ է, որովհետեւ 5-10 րոպեի ընթացքում դժվար է թերություններ գտնել կամ ասել՝ հաջող է կազմակերպված: Բայց այն, ինչ սովորական աչքի համար տեսանելի էր, տեսա: Երբ շփվում էի ծնողների հետ, նրանց հարցրի՝ արդյո՞ք հեշտ է համախմբվել օբյեկտիվ քննություն անցկացնելու գաղափարի շուրջ, ասացին՝ այո»,- նշեց Ս. Սարգսյանը:
ԵՊՀ-ում մի խումբ ծնողներ վարչապետին գանգատվեցին, թե միջանցքում դրված 4 մոնիտորներից եւ ոչ մեկով իրենց երեխաներին չեն կարողանում տեսնել: «Եթե երեխաներին տեսնեիք, հետո էլ պիտի ասեիք՝ գրավորը լավ չենք տեսնում»,- սաստեց վարչապետը: ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն էլ հավելեց, որ մոնիտորը վերահսկելու համար է. «Այն արխիվացնում է ամեն ինչ, եւ հարկ եղած ժամանակ ցանկացած երեխայի կարող է խոշորացված ցույց տալ: Ծնողներն ուզում են իրենց երեխային տեսնել, մինչդեռ պիտի հետեւեն, որ քննասենյակում շարքերի միջով մարդ չանցնի»:
Ս. Սարգսյանն էլ ասաց, որ ուսումնասիրել է թեստերը, ու, իր կարծիքով, առաջին 15 հարցերը հեշտ են. «Վստահ եմ՝ նյութի մասին անգամ մակերեսային պատկերացում ունենալու դեպքում՝ դիմորդների 90 տոկոսը կհաղթահարի դրանք»:
Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում գրանցված 280 աշակերտից 4-ը երեկ բացակայում էր: Դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանի տեղեկացմամբ՝ ծնողը զգուշացրել է, որ երեխայի աջ ձեռքը քննություն հանձնելու նախորդ օրը, կռիվ անելու պատճառով, վնասվել է:
Նշենք, որ քննական կենտրոնների նախասրահների մուտքի օպերատորները քննություն հանձնողների անձնական համարները նախ մուտքագրեցին համակարգիչ, որը միանգամից որոշեց աշակերտներից յուրաքանչյուրի խմբի համարը: Ըստ այդ համարի՝ շրջանավարտները գտան իրենց քննասենյակները: Այստեղ էլ նրանք փոքրիկ թերթիկների վրա գրված համարներից վիճակահանության կարգով ընտրեցին քննասեղանի իրենց համարը: Այնուհետեւ երեխաները մոտեցան կազմակերպիչների սեղաններին, որպեսզի վերցնեն իրենց աչքի առաջ կոդավորվող ձեւաթուղթը, որի վրա էլ հետագայում պիտի նշեին թեստի հարցերի պատասխանները: Երբ բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտված էին, ժամը 9:55-ին առաջին սեղանին նստած աշակերտները շոշափելով համոզվեցին, որ թեստերի փաթեթները փակ են՝ կտրեցին: Հերթապահներն էլ դրանք հակառակ շրջած՝ բաժանեցին:
«Առավոտի» հարցին, թե երեխաները հոգեբանորեն պատրա՞ստ են քննական նոր համակարգին, ծնողները տարաբնույթ պատասխաններ տվեցին: «Կարծես վարորդական իրավունք ստանալու համար են քննություն հանձնում, այնտեղ էլ են այսպես լրացնում հարցերի ճիշտ պատասխանները»,- ասաց մի ծնող: Մյուսի՝ Ռուբեն Գալստյանի կարծիքով ոստիկանության եւ «Հայինկասացիա» ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ թեստերի բերելը երեխաների մեջ վախի մթնոլորտ է առաջացրել: Բազմաթիվ ծնողներ էլ ցանկություն հայտնեցին, որ գոնե հաջորդ տարի մի մեծ էկրան տեղադրվի դրսում, որպեսզի այնտեղից էլ հնարավորություն ունենան հետեւել քննությունների ընթացքին: Հիշեցնենք, որ դիմորդների աշխատանքները գնահատվելու են 60 միավորանոց համակարգով, որը հավասարեցվելու է 20-ի: Սակայն մինչ օրս կրթության պատասխանատուները չեն հայտարարում, թե որքան է նվազագույնի շեմը եւ քանի միավորն է անցողիկ համարվում, ինչը տարաբնույթ խոսակցությունների ու կասկածների առիթ է տալիս: Երեկ ԿԳ նախարարության բարձրագույն կրթության բաժնի պետ, ԵՊՀ քննական կենտրոնի ղեկավար Սասուն Մելիքյանը մեր հետաքրքրությանն ի պատասխան՝ ասաց. «Նվազագույն շեմը դեռեւս պարզ չէ, նախարարն էլ օրերս հայտարարեց, որ քննության ավարտին միայն հայտնի կլինի: Որոշակի խոսակցությունների պատճառ չկա, որովհետեւ գնահատվում է գիտելիքը. շրջանավարտը հանձնում է թեստը այնքանով, որքանով ինքը պատրաստ է»:
Հ. Գ. Երեկ օրվա երկրորդ կեսին թեստերի տարբերակներն արդեն տեղադրված էին Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կայքում՝ www.atc.am: ԳԹԿ մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ ճիշտ պատասխանները կտեղադրվեն միայն քննական աշխատանքների սկանավորման ավարտից հետո՝ տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար: