Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջրաշխարհի» ջուրը արտեզյան է

Հունիս 04,2007 00:00

Չնայած դրան, Նոր Նորքի բնակիչները պնդում են, որ երբ «Ջրաշխարհի» սեզոնը բացվում է՝ իրենց ջրամատակարարումը խիստ վատանում է:

Ամռանը մայրաքաղաքում ջրամատակարարման հետ կապված դժգոհություններն ավելանում են: Մասնավորապես՝ Նոր Նորք համայնքի բնակիչները բողոքում են, որ արդեն մայիս ամսվա վերջերից սկսած՝ բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումը դառնում է անկանոն: Բնակիչները վստահեցնում են, որ ջրի նորմալ գրաֆիկը խախտվում է միայն այն ժամանակ, երբ սկսում է աշխատել «Ջրաշխարհը»: Նորքի 5-րդ զանգվածի Մառի 12 շենքի բնակիչների ներկայացմամբ. «Ամբողջ տարի նորմալ ջուր ենք ունենում, անգամ 16-րդ հարկում որեւէ խնդիր չի լինում, սակայն հենց «Ջրաշխարհը» սկսում է գործել՝ ջրամատակարարումը կտրուկ վատանում է»: Ջրի անկանոն գրաֆիկից դժգոհում են նաեւ 2-րդ զանգվածի թիվ 95 եւ Գալշոյան 55 շենքերի բնակիչները. «Մի երկու օր առաջ ջուրը սկսեց անկանոն գալ: Օրվա որ ժամին ուզում՝ ջուրը կտրում են, գոնե նախապես տեղյակ չեն պահում: Հիմա արդեն կանոնակարգել են, օրվա մեջ 4 ժամ ջուր են տալիս. 2 ժամ՝ առավոտյան եւ 2 ժամ՝ երեկոյան: Գործից հոգնած տուն ենք գնում՝ ոչ մի բան չենք հասցնում անել»:

Այս առնչությամբ «Ջրաշխարհի» գլխավոր տնօրեն Վարդան Բանգոյանն «Առավոտին» պարզաբանեց. «Ջրաշխարհը» սնվում է խորքային ջրերով: Մենք խմելու ջրով մեր լողավազանները չենք լցնում, հետեւապես՝ դա որեւէ կերպ չի կարող անդրադառնալ Նորքի մասիվների ջրամատակարարման վրա»: Իսկ թե ինչու է ամռանը ջրամատակարարումը վատանում, Վ. Բանգոյանն ունի իր մեկնաբանությունը. «Երեւի մարդիկ բակերում խալի են լվանում, դրա համար էլ ջուրը պակասում է: Եթե մենք «Ջրաշխարհի» համար խմելու ջուր օգտագործեինք, ապա մասիվներում ամբողջ սեզոն ընդհանրապես ջուր չէր լինի»:

«Երեւան ջուր» ընկերության մամուլի պատասխանատու Մանե Մամյանը «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ասաց. «Խմելու ջրի անկանոն ջրամատակարարման հետ «Ջրաշխարհը» ոչ մի կապ չունի: Ջրօգտագործման համար այս ընկերությունը պայմանագիր է կնքել բնապահպանության նախարարության հետ, քանի որ նրանք լողավազանների ու ատրակցիոնների համար արտեզյան ջուր են օգտագործում»: Իսկ թե որն է վատ ջրամատակարարման պատճառը՝ հատկապես ամռան ամիսներին, Մ. Մամյանն այդպես էլ չհստակեցրեց. «Բոլորի համար էլ պարզ է, թե ամառվա ամիսներին ջուրն ինչու է պակասում»:

Խմելու ջրի օգտագործման վերահսկողությունը «Երեւան ջուր» ընկերության խնդիրն է: Սակայն այդ վերահսկումը մինչ այսօր էլ նորմալ չի իրականացվում, ինչի հետեւանքով էլ խմելու ջուրն օգտագործվում է նաեւ ոռոգման եւ այլ նպատակներով: Նշենք նաեւ, որ «Երեւան ջուրը» պարտավոր է սպառողներին ջուր մատակարարել օրվա ընթացքում նվազագույնը 8 ժամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել