Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԱՐԱՏԸ ՏՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է

Հունիս 04,2007 00:00

Այս տարի բնակարանների գների աննախադեպ աճ է արձանագրվում

Հայաստանում սովորաբար անշարժ գույքի շուկայում գների կտրուկ աճ նկատվում է հատկապես ամռան ամիսներին: Բարձրանում են ոչ միայն բնակարանների վաճառքի, այլ նաեւ վարձակալության գները, ինչն էլ պայմանավորվում է նրանով, որ շատ զբոսաշրջիկներ տարվա այդ ժամանակահատվածում են Հայաստան այցելում:

Այս տարի շուկայում արձանագրված գնաճն աննախադեպ է այն առումով, որ եթե նախորդ տարիներին անշարժ գույքի թանկացումը տեղի էր ունենում տարեցտարի, ապա 2007-ին բնակարանների գները բարձրանում են ամսեամիս: Համաձայն Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների, այս տարվա մարտ ամսին Կենտրոն համայնքում կարելի էր բնակարան գնել՝ 1քմ-ի համար վճարելով 422.800 դրամ, իսկ ապրիլ ամսին՝ արդեն 439.700 դրամ:

Մայրաքաղաքի մյուս համայնքներում եւս անշարժ գույքի թանկացումն ակնհայտ է: Եթե անցյալ տարի Մալաթիա-Սեբաստիա համայնքում բնակարան կարելի էր ձեռք բերել 1 քմ-ն 161. 400 դրամով, ապա այս տարի 1 քմ-ի արժեքը հասել է 207 հազար դրամի: Մոտ 3%-ով բարձրացել են բնակարանների գները նաեւ հանրապետության մյուս մարզերում: Գների նման աճը մասնագետներն օբյեկտիվ են համարում. «Եթե անշարժ գույքի նկատմամբ պահանջարկն ավելանում է, ուրեմն գնաճը տրամաբանական է»,- մեկնաբանում է «Ուայթ Գեյթ» անշարժ գույքի գործակալության եւ կադաստրային քարտեզագրման ընկերության տնօրեն Գառնիկ Հարությունյանը: Նա նշում է նաեւ, որ գրեթե բոլոր նորակառույց շենքերում, հիմքը փորելու պահից սկսած, բնակարաններն արդեն վաճառված են լինում ու չնայած ամենաթանկ բնակարանները նորակառույցներում են, դրանց պահանջարկը, այնուամենայնիվ, կա. «Այսօր կառուցվող էլիտար շենքերը ոչ մի ընդհանրություն չունեն նախկինում կառուցվածների հետ: Դրանցում առկա են ջեռուցման, օդափոխության ու ավտոկայանման ժամանակակից բոլոր հնարավորությունները: Այդպիսի շենքերում ստեղծվում են համատիրություններ՝ առաջնահերթ սպասարկման բոլոր ատրիբուտներով: Եթե նախկինում կառուցված շենքերի բնակարաններն ունեն առավելագույնը 270 սմ բարձրություն, ապա նորակառույց բնակարանները՝ ավելի քան 3 մ բարձրություն: Դրանք աչքի են ընկնում նաեւ մեծ բնակմակերեսով»: Ըստ գործակալությունների, Էլիտար շենքում 1 սենյականոց բնակարան կարելի է գնել անգամ 150-160 քմ մակերեսով:

Եթե նախորդ տարիներին թակարժեք էլիտար բնակարաններ գնում էին հիմնականում սփյուռքահայերը, ապա վերջերս դրանց սեփականատեր են դառնում տեղացի գնորդները: Եթե վերջիններիս համար կարեւորը ոչ թե բնակարանի դիրքն է, այլ արժեքը, ապա սփյուռքահայերը նախընտրում են բնակարան ձեռք բերել հիմնականում նորակառույց շենքերում ու անպայման գեղեցիկ տեսարանով: Նրանցից շատերը միայն Արարատ լեռն իրենց պատշգամբից տեսնելու համար պատրաստ են մի քանի հազար դոլար ավելի վճարել: Իսկ Արարատին նայելն իսկապես թանկ արժե: Պայմանավորված գեղեցիկ տեսարանով, նույն համայնքում միանման բնակարանների գների միջեւ մոտ 2-3 հազար դոլարի տարբերություն կա:

Այս տարի, միայն ապրիլ ամսվա ընթացքում, հանրապետությունում իրականացվել է անշարժ գույքի վաճառքի 11644 գործարք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 21.3%-ով:

«VVP» անշարժ գույքի գործակալության մասնագետ Հրայր Անտոնյանը նշում է. «Չնայած Կենտրոն համայնքում բնակարանները 3 անգամ ավելի թանկ են, քան քաղաքի ծայրամասում, այնուամենայնիվ՝ պահանջարկը մեծ է»: Ըստ Հ. Անտոնյանի, վերջին ժամանակներում մարդիկ գերադասում են բնակարան գնել հատկապես Արաբկիր համայնքում. «Արաբկիրը Կենտրոնից հետո երկրորդ էլիտար թաղամասն է, որտեղ օդը համեմատաբար մաքուր է ու գրեթե բոլոր շենքերը թաղամասի ենթակառուցվածքներին մոտ են գտնվում: Համեմատաբար քիչ պահանջարկ կա Էրեբունի մասիվում եւ Նորք-Մարաշում»: Ըստ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վերլուծության, մայրաքաղաքում ամենաէժան բնակարանները վաճառվում են Նուբարաշեն համայնքում՝ 118.800 դրամ՝ 1քմ-ի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել