Սահմանադրական դատարանում սկսվեցին ընտրախախտումների վեճերը
Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանը քննության առավ «Իմպիչմենտ» դաշինքի, «Նոր ժամանակներ», «Օրինաց երկիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունների դիմումները: Նրանք վիճարկում էին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մայիսի 19-ի՝ ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին թիվ 149-Ա որոշումը: Զեկուցողն էր ՍԴ անդամ Վլադիմիր Հովհաննիսյանը: Նկատենք, որ ՍԴ նիստը սկսվելուց վայրկյաններ հետո, առողջական խնդիրներ ունենալու պատճառով, նիստերի դահլիճը լքեց ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից բացի, հարակից պատասխանողներ էին ճանաչվել ՀՀ գլխավոր դատախազությունը՝ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանով եւ պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Գեւորգ Հարությունյանով, ՀՀ ոստիկանությունը՝ փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանով, ՀՀ արդարադատության նախարարությունն իր առաջին դեմքով՝ նախարար, հանրապետական Դավիթ Հարությունյանով եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը՝ Գրիգոր Ամալյան նախագահով:
«Հանրապետություն» կուսակցության դիմումը ներկայացնում է կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը, ՆԺ-ինը՝ կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը, «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբի» նախագահ Ռուբեն Թորոսյանն ու իրավաբան Հարություն Բաղդասարյանը: ՕԵԿ-ը ներկայացնում են վարչության անդամներ Հովհաննես Մարգարյանը եւ Արտաշես Ավոյանը: «Իմպիչմենտ» դաշինքի դիմումը ներկայացնում են դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, լրագրող Վահագն Հովակիմյանն ու իրավաբան Վահե Գրիգորյանը:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հիշեցրեց կողմերի իրավունքների ու պարտավորությունների մասին: Որքան հետեւել եմ ՍԴ նիստերին, պրն Հարությունյանն առաջին անգամ հիշեցրեց հարկադրանքի միջոցների մասին նրանց նկատմամբ, ովքեր կխանգարեն ՍԴ նիստը: ՍԴ նախագահը նաեւ ասաց, որ դիմող կողմից պահանջվել էին որոշակի նյութեր, որոնք հասնում էին 4000 էջի, եւ որ մի մասը բազմացվել է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Նունե Հովհաննիսյանն ասաց, որ ունի 2 միջնորդություն: Ըստ նրա, ոչ պատշաճ դիմող էր դիմել Արտակ Զեյնալյանին, իսկ Ն. Փաշինյանի եւ Վ. Հովակիմյանի մասով միջնորդեց արգելել նրանց՝ որպես կողմի լիազոր ներկայացուցիչ, հանդես գալը, քանի որ գտնում էր, որ վերջին երկուսը պաշտոնատար անձինք չեն, իրավաբան չեն:
ՍԴ նախագահը պարզաբանեց, որ Ա. Զեյնալյանը, որպես դիմող, սուբյեկտ չէ՝ կուսակցությունն է դիմել դատարան: Իսկ Ն. Փաշինյանի եւ Վ. Հովակիմյանի համար էլ նկատեց, որ պաշտոնատար անձը միայն տեղական ինքնակառավարման մարմիններում, ոչ առեւտրային կազմակերպություններում ընդգրկվածները չեն, այլ հասարակական կազմակերպություններինը:
«Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը, քանի դեռ ՍԴ-ն խորհրդակցական սենյակ չէր մտել, լրացուցիչ մի լիազորագիր էլ ներկայացրեց. «Ժողովրդական հայրենիք» եւ Պահպանողական կուսակցությունները լիազորել էին վերոնշյալ անձանց ՍԴ-ում ներկայացնել ընտրավեճը:
Վ. Հովակիմյանն առաջարկեց ՍԴ շենքից դուրս ապահովել հեռարձակումը, սակայն ՍԴ նախագահ Գ. Հարությունյանն ասաց, որ նիստը դռնբաց է, ԶԼՄ-ները տեսագրում եւ ձայնագրում են, իսկ դրսում հեռարձակման խնդիրը իրենց իրավասության տակ չի, քանի որ մասնավոր հեռուստաընկերություններն իրենք են որոշում իրենց հարցերը:
Ն. Փաշինյանն ասաց, որ ընտրական գործընթացը զուգորդվել է զանգվածային խախտումներով: Նա մասնավորապես նշեց, որ Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունների մասին տեղյակ չեն եղել արտերկրում ապրող մեր հայրենակիցներն ու դիվանագետները: Ըստ դիմումատուի, արտասահմանում գտնվող ՀՀ 700 հազար քաղաքացիների թիվը, որոնք չեն օգտվել ընտրելու իրավունքից, ճշգրտման կարիք ունի: Նա ասաց, որ դիմել են Վիճպետկոմին, որը որեւէ տվյալներ չուներ, դիմել են Միգրացիայի եւ փախստականների վարչություն, որը նույնպես չգիտեր, թե որքանն են գտնվում արտերկրում:
Ն. Փաշինյանը դիմել էր նաեւ սոցապնախարարություն՝ ճշտելու «սայլակին գամված ՀՀ քաղաքացիները» օգտվե՞լ են իրենց ընտրական իրավունքից, մատչելի՞ է եղել արդյոք այն:
Երրորդ շեշտադրումը, որն արեց Ն. Փաշինյանը՝ կապված էր «անթաքույց» ընտրակաշառքների խնդրին, երբ անվճար ապրանքներ եւ սնունդ էր բաժանվում Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստանի» կողմից՝ բարեգործական անվան տակ: Դիմումատուն ներկայացրեց նաեւ ԶԼՄ-ներում այդ մասին նրանց կողմից տրված հաղորդագրությունները:
«Սադամ Հուսեյնի Իրաքում, Կուբայում, մեր մոտ ընտրությունները ոչ ոք չի որակի որպես ազատ»,- հավելեց Ն. Փաշինյանը: Նա դատարանում ցույց տվեց Բյուրեղավանում շրջանառության մեջ դրված «Բարգավաճ Հայաստանի» տոմսը», ըստ որի՝ «սպասվում էին հաճելի անակնկալներ»:
Անդրադառնալով եթերաժամի հավասարությանը, դիմող կողմը նաեւ ասաց, որ ընտրությունների քարոզչության վերջին 5 օրերին ԲՀԿ-ն եթեր է ունեցել 23 անգամ, 14-ական անգամ՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: Նրա բնորոշմամբ, կատարվածը «եթերային տեռոր էր»: Ն. Փաշինյանի տպավորությամբ, եթերն «ապօրինի-անվճար Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի գովազդով է լցված եղել: Անգամ սառնարանը երբ բացվում էր, երեւում էին Ս. Սարգսյանն ու Գ. Ծառուկյանը»: Նիստի ժամանակ «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ընտրություններին զանգվածաբար մասնակցել են նոր անձնագրերով: Եվ այդ փաստը ուշադրություն է գրավել այն ժամանակ, երբ թիվ 25 ընտրատեղամաս են երթուղայիններով փոխադրել մարդկանց, որոնց անձնագրերը նոր էին: «Առանց դիտավորության նրանք չէին կարող ընդգրկվել ցուցակներում»,- ասաց Ն. Փաշինյանը:
Եզրափակելով իր խոսքը, Ն. Փաշինյանն ասաց, որ ՍԴ մուտքի մոտ իրենք չեն անցել մետաղորսիչի տակով, քանի որ պատասխանող կողմը նույնպես չէր անցել:
ՕԵԿ ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանն անդրադարձավ վերահաշվարկման ժամանակ ի հայտ եկած անճշտություններին, լրացուցիչ ցուցակներին, մարման փոխարեն քվեաթերթիկների պատառոտությանը, գրանցամատյանների ելակետային տվյալների անհամապատասխանությանը՝ ընտրատեղամասայինի տվյալներին: ՕԵԿ-ական Հ. Մարգարյանն ասաց, որ 7 դիմում են ուղարկել ընդհանուր իրավասության դատարան, որից 2-ն ընդհանրապես չի ընդունվել: