Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՀԱՐ, ՈՐՈՒՄ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ

Հունիս 04,2007 00:00

\"\"Խիստ սակավ են դեպքերը, երբ միջադեպի մասնակից որեւէ կողմի հասցեին մեղմացուցիչ կամ պաշտպանության գեթ մի խոսք չունես ասելու: Մայիսի 20-ին Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության գործող
անձինք նման մի օրինակ են:

«Մարտական փառքի» վայրերով

Նախ՝ մի առաջարկ, որ կօգնի ավելացնելու զբոսաշրջիկների հոսքը դեպի Գյումրի: Զբոսաշրջային գործակալներն առաջարկում են նաեւ, այսպես ասած, «թեմատիկ» ճանապարհորդություններ, ասենք՝ «Փարիզն արվեստների քաղաք», կամ «երաժշտական Վիեննա»: Արժեր նման թեմատիկ այցեր կազմակերպել Հայաստանի «հայրաքաղաքում»՝ «Կրիմինալ Գյումրի» անվանումով: Մայիսի 31-ին Գյումրիում ինձ զգում էի իբրեւ նման այցով ժամանած առաջին զբոսաշրջիկ: Ուրիշ էլ ի՞նչ կերպ կզգաս, երբ քաղաքի «գեղատեսիլ» վայրերը տեղացիները քեզ ցուցադրում են այսպես. «Ահա սա այն օբյեկտն է, որտեղից եւ սկսվել է կռիվը՝ իրար վրա «պիվա» են լցրել: Իսկ տեսնո՞ւմ ես այս ծառը՝ այստեղ տարիներ առաջ Վարդանիկի տղեն դանակով մարդ խփեց: Այս «Պեգաս»-ն էլ Արտաշի խանութն է, կողքը՝ նրա տներից մեկն է: Այ, մինչեւ այստեղ կրակելով հետապնդել են Ռուստամին: Տնից էլ են կրակել՝ տղային պաշտպանելու համար: Տեսնո՞ւմ ես դիմացի շենքի վրայի կրակոցների հետքերը: Իսկ սա «Օազիս» սրճարանն է, որտեղ կրակել էր Վարդանիկը: Սա էլ էն խանութն է, որտեղ Արտաշի մյուս տղեն տարիներ առաջ դանակը մտցրեց քննիչի փորը: Բայց քննիչն էր մեղավոր»:

Եվ այսպես նորովի ինձ համար հայտնագործեցի Գյումրին, որը մի ժամանակ դեմք ուներ՝ արհեստավորների քաղաք էր, հետո քաղաքի անունը հոմանիշը դարձավ աղետի գոտու, իսկ այսպես շարունակվելու դեպքում՝ թերեւս իրոք կարող է քույր քաղաք դառնալ Սիցիլիայի հետ:

Զանգվածային ձերբակալություններ

Քույր քաղաք դառնալու հեռանկարին թերեւս առանձնապես չխանգարեին իրավապահները, որոնք մայիսի 20-ի փոխհրաձգությանը հաջորդող օրերին ամոթխածորեն նշում էին, թե կրակել են «անհայտ անձինք»: Եվ հարկ էր, որ Երեւանից հատուկ օպերատիվ խումբ ժամաներ Գյումրի՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Աշոտ Գիզիրյանով հանդերձ, որ բացահայտվեին այդ խիստ անհայտ անձինք՝ ամբողջ քաղաքին հայտնի համարանիշներով իրենց մեքենաներով:

Դատախազության մամուլի քարտուղարը հերքել էր հրապարակված տեղեկությունը, թե գլխավոր վարչության այդ աշխատակիցներն իրականացրել են զանգվածային ձերբակալություններ՝ բերման ենթարկելով 60-70 հոգու: Իզուր էր հերքում: Քանզի ընդամենը մի քանի ժամ մնալով Գյումրիում՝ մեզ հայտնի դարձան նման մի շարք ձերբակալվածների անուններ, որոնց մասին տվյալները տեղ չեն գտել պաշտոնական հաղորդագրություններում: Նրանցից մեկը՝ Գյումրու քաղաքապետարանի՝ նախկինում սանմաքրման ձեռնարկության, իսկ այժմ՝ «Լուսափայլ քաղաք» ընկերության ղեկավար Սաշիկ Զաքարյանը, ականատեսների վկայությամբ, այս ամառային շոգին երկարաթեւ վերնաշապիկ է հագնում, որ աչքի չզարնեն ոստիկանությունում ստացած վնասվածքները: Նրան ձերբակալել էին, քանի որ, շրջանառվող լուրերի համաձայն՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը, փախուստի դիմելուց հետո թաքնվել էր Սաշիկ Զաքարյանի տանը: Բռնության է ենթարկվել ոչ միայն Սաշիկ Զաքարյանը, այլ նաեւ նրա որդին:

Մեզ հայտնի դարձած այլ ձերբակալություններն առնչվում են Գյումրիում հայտնի «հեղինակությանը»՝ օրենքով գող Սուրեն Ավետիսյանին: Իրավապահները ցանկացել են նրան բերման ենթարկել՝ ընդամենը կասկածելով, թե նա պիտի որ տեղեկացված լինի պատահարի մանրամասներին: Եվ ահա ավտոմատներով գիշերը մտել են նրա հոր տուն ու տվյալ պահին այնտեղ եղած բոլոր տղամարդկանց՝ Սուրեն Ավետիսյանի հորը՝ Պավլուշ Ավետիսյանին, Վարդան Նիկողոսյանին եւ այլոց՝ անկախ նրանից, թե ովքեր են, բոլորին միանգամից բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք: Մեկ օրից ավելի պահել են այնտեղ, բայց այս անգամ, բարեբախտաբար, ծեծի չեն ենթարկել: Ուղղակի պայման են դրել՝ «Սուրիկը կգա, կհանձնվի՝ ձեզ բաց կթողնենք»: 24 ժամ հետո այս յուրօրինակ «պատանդներին» բաց են թողել՝ չներկայացնելով որեւէ մեղադրանք:

Մարզպետի փոխարեն՝ փոխմարզպետը

\"\"Գյումրիում գտնվելով՝ եւս մի փորձ արեցինք այս ամենի կապակցությամբ մեկնաբանություններ ստանալ Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանից: Թեեւ աշխատանքային օրն ավարտված չէր, սակայն նա արդեն տեղում չէր, եւ քարտուղարուհին էլ բավարարվեց «դուրս է եկել» բացատրությամբ: Հեռախոսով մարզպետի հետ խոսելու փորձն ունեցավ զավեշտական ավարտ: Սկզբում Ռոմիկ Մանուկյանի ձայնին, մեղմ ասած, շատ նման մեկը պատասխանեց հեռախոսազանգին, բայց երբ ներկայացա՝ նա սկսեց արագ-արագ ասել, թե չի լսում՝ նորից զանգենք: Ես նրան լսում էի հրաշալի, բայց նորից զանգեցի: Հեռախոսը չվերցրին: Որոշ ժամանակ անց նորից զանգեցի, վերցրեց արդեն այլ մարդ եւ ասաց, թե այդ հեռախոսահամարն այլեւս մարզպետինը չէ:

Սակայն հաջողվեց զրուցել Շիրակի փոխմարզպետ Միքայել Վարդանյանի հետ, որ ՀՀԿ անդամ է եւ ցավով էր խոսում կատարվածի մասին. «Սա պատիվ չի բերում մեր քաղաքին»: Մեր հարցին, թե համաձա՞յն է Վարդան Ղուկասյանի պնդմանը, որ «Հայաստանի ամենախաղաղ քաղաքը Գյումրին է, եթե համեմատում ես մնացած քաղաքների կրակոցների հետ՝ մեր կրակոցները ոնց որ սրբություն լինեն», պրն Վարդանյանը պատասխանեց. «Պատահական արտահայտված բառեր են: Կրակոցը երբե՛ք սրբություն լինել չի կարող: Եվ սրբությունների հետ կրակոցը խառնելն անիմաստ է եւ անտեղի»:

Փորձեցինք պարզել փոխմարզպետի վերաբերմունքն այն փաստին, որ Գյումրիի քաղաքապետն ակնարկելով Շիրակի մարզպետին ու նրա կուսակցությանը՝ ՀՅԴ-ին է մեղադրում ե՛ւ իր դեմ մահափորձի, ե՛ւ մայիսի 20-ին հնչած կրակոցներին այդքան մեծ հնչեղություն տալու կապակցությամբ: Միքայել Վարդանյանը թեեւ հաստատեց, որ միջանձնային հարաբերությունները մարզպետի եւ քաղաքապետի միջեւ մնում են լարված, սակայն նշեց. «Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանի ասածներին, որոնք անուղղակիորեն վերաբերում էին ՀՅԴ-ին՝ խիստ պատասխանատու հայտարարություններ են: Եվ կան հատուկ կառույցներ, որոնք պիտի հետաքրքրվեն իր հայտնած այդ կարծիքներով»: Մեր հարցին, թե քանի որ ե՛ւ ինքը, ե՛ւ Վարդան Ղուկասյանը ՀՀԿ անդամներ են՝ ինքն է՞լ է տեսնում այն, ինչ տեսել է Գյումրիի քաղաքապետը, թե իր նկատմամբ կա «ինչ-որ լուրջ կուսակցական, քաղաքական պատվեր»՝ Շիրակի փոխմարզպետը պատասխանեց. «Բարդ է ստեղծված իրավիճակում գնահատական տալը: Անձամբ ես չեմ կարող միանշանակ ասել, գնահատել: Այնքան խառն է ամեն ինչը՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ կրիմինալ դաշտի մեջ, որ որոշակի ուղղվածություն կամ շեշտադրում անձամբ ես չեմ կարող տալ»:

Նրանք չեն հասկանում քաղաքականությունից

Բոլոր այն լրագրողները, որոնք այս ընթացքում հարցազրույց են արել միջադեպի մյուս հիմնական մասնակցի՝ Ռուստամ Սարգսյանի հոր հետ, որը «Բարգավաճ Հայաստանի» Գյումրիի տարածքային կառույցի ղեկավարն է, պետք է լավ պահեն իրենց ձայնագրությունները, քանի որ պարզվեց՝ նա կարծես սովորություն ունի վերախմբագրել իր ասածները:

\"\"Այսպես, միջադեպից տրված իր առաջին հարցազրույցում Արտաշես Սարգսյանը խոսել էր այն մասին, որ հիմքեր կան տեղի ունեցածի պատճառները համարելու քաղաքական. «Ընտրության օրը մի փոքր միջադեպ եղել է առաջին դպրոցում Հանրապետականի ու Բարգավաճի միջեւ», եւ պարզաբանել՝ խոսակցություն է եղել, «թե ինչո՞ւ եք աջակցում ԲՀԿ-ին, ընկերներ ենք, մոտ ենք»: Իսկ օրեր անց Արտաշես Սարգսյանն արդեն հերքեց, թե կատարվածը ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության արդյունք է. «Զուտ տղայական վեճ է եղել»: Երբ մենք հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս եղավ, որ պարզեց՝ այս պատմության մեջ քաղաքական ենթատեքստ չկա, պրն Սարգսյանը պատասխանեց. «Կներեք, մի քիչ սխալ է մեկնաբանվում: Ո՛չ հերքում եմ, ո՛չ հիմնավորում: Ինձ հարցրել են՝ կան այսպիսի ասեկոսեներ, որ սա քաղաքական պատճառներ ունի, ես էլ պատասխանել եմ՝ հետաքրքիր կլիներ, եթե ասեին՝ մեր երեխաները պատկերացում ունե՞ն քաղաքականությունից: Իհարկե, չունե՛ն: Բայց ինձ հասած տեղեկությամբ՝ ընտրության ժամանակ մի փոքր վեճ է եղել՝ ոչ շարունակական: Բայց ես հերքել եմ՝ ասել եմ, որ քաղաքական նշանակություն այս ամենը չունի. մեր երեխաները քաղաքականությունից չեն հասկանում, ուղղակի ամեն մեկն իր հոր տեսակետն է պաշտպանում»:

Այլ մեջբերումներ արեցինք ավելի վաղ տված նրա հարցազրույցից: Արտաշես Սարգսյանն ասել էր, թե ՀՀԿ-ի համար հաղթանակը գլխապտույտ է առաջացրել. «Դուրս եկավ՝ մենք բոլորս պարտվածներ ենք, իրենք՝ հաղթածներ»: Այս հիշատակմանը ԲՀԿ ներկայացուցիչն այժմ այսպես արձագանքեց. «Ո՛չ, ո՛չ, ո՛չ, շատ է սրացված: Խոսակցությունը եղել է հետեւյալ կերպ: Ես ասել եմ՝ եթե Գյումրիում այսպես շարունակվի, հետամուտ չլինեն… Սա, իհարկե, այսօրվա պահի հետեւանք չէ, որ այսօր… Անմիջապես վերագրել են, թե իբր ես նկատի ունեմ Վարդան Ղուկասյանի եւ նրա որդու տեսակետը: Ո՛չ, ես ասում եմ՝ Գյումրիի երիտասարդությունն այսօր զբաղվածություն չունենալով՝ վերածվել է վիկինգների, նրանց էներգիայի սպառման տեղ չկա: Մեր երիտասարդները շատ հետ են մնացել: Սպարտակը եւ Ռուստամը յուրտերի մեջ դաստիարակված երեխաներ են, երկրաշարժի արդյունք երեխաներ, որոնք յուրտերի մեջ են դպրոց գնացել: Սրանք հետեւանքներն են, որ Գյումրի քաղաքում չկա այն հսկայական զարգացումը, որ եղավ Երեւանում, եւ երեխաները չկարողացան ճիշտ դաստիարակություն ստանալ: Հոգեւոր աղքատություն կա Գյումրիում»:

Երրորդ մեջբերումն արեցինք նրա մեկ այլ հարցազրույցից, թե փոխհրաձգությունը գուցե չլիներ, «եթե անցած 3-4 տարիներին Գյումրիում նմանատիպ դեպքերի մասնակիցները պատժվեին, ոստիկանությունը չկոծկեր եղածը՝ ասելով վկաներ չունենք, կամ էլ արարքի հեղինակի փոխարեն մեկ ուրիշը դատապարտվեր»: Արտաշես Սարգսյանը դարձյալ հրաժարվեց. «Ես նման բան չեմ ասել»:

Հայրը թեեւ պաշտպանում է որդուն՝ պնդելով, թե նրա գործողությունները «սկզբից մինչեւ վերջ» հարկադրված պատասխան էին կատարված խուլիգանությանը եւ հարձակումներին, այժմ նշեց, թե նրա հետ կապեր չունի. «Ազնվությամբ եմ ասում: Քանի որ որդիս այսօր շատ լավ է պատկերացնում, թե ինչքա՜ն խորը հարված է հասցրել իր հորն ու ընտանիքին: Եվ երեւի թե նա ավելի շատ վախենում է ինձնից, քան իրավապահ մարմիններից: Նա ավելի շատ վնաս հասցրեց ինձ՝ քաղաքական դաշտում: Պարզ ասեմ, այսօր արդեն աշխատանքներ են բաշխվում, եւ ամեն մարդ պիտի ստանար իր աշխատանքի արդյունքը: Բայց ես ընդհանրապես չգիտեմ՝ ինչ են անում, ինչով են զբաղվում… Հարվածեց ե՛ւ իմ կարիերային, ե՛ւ իր անվանը»:

Համանման պատասխան տվել էր նաեւ Վարդան Ղուկասյանը, երբ մայիսի 29-ին եկել էր քաղաքապետարան ու զրուցել լրագրողների հետ. «Իմ տղաս նստելուց էդքան չի վախում, ինչքան իմ ու իրա հորեղբոր երեսը տեսնելուց, հասկանո՞ւմ ես: Ո՞նց պիտի իմ երեսիս ինքը նայի, որ էս դեպքերը տեղի ունեցան: Իրա համար էդ նստելը ոչինչ է»:

Իսկ ի՞նչ են ասում գյումրեցիները

Մենք մի քանի անպտուղ փորձեր արեցինք փողոցում զրուցելու գյումրեցիների հետ եւ պարզելու, թե ում են նրանք մեղավոր համարում այս պատմության մեջ: Բայց ստանում էինք «ես փոքր մարդ եմ», «չեմ հետեւում այդ պատմությանը» եւ նման խուսափողական պատասխաններ: Միայն մի կին, հավաստիանալով, որ ձայնագրիչս չի նկարահանում՝ ասաց. «Անհաջող է Վարդանիկի տղեն: Դե, իսկ Ռուստամին որ չնեղացնեին՝ վնաս չէր տա: Ինչ որ է՝ վախեցած ենք, տղաս երեկոյան դուրս է գալիս՝ ասում ենք, շուտ վերադարձի: Անընդհատ կրակոց, բան… Չի կարելի, էլի, էս ձեւի ապրել»:

Շիրակի փոխմարզպետ Միքայել Վարդանյանն էլ մեր զրույցի ընթացքում ասում էր, թե իրենց նպատակն է, որ մի կողմ թողնելով կուսակցական ու քաղաքական խնդիրները՝ առաջնային դարձնեն մարդկային հարաբերությունները. «Վերջին հաշվով, բացի մեզնից՝ կուսակցականներից, քաղաքում բնակվող շատ մարդիկ մեղադրում են ե՛ւ ՀՀԿ-ին, ե՛ւ ԲՀԿ-ին, պահանջելով, որ Գյումրիում ժամ առաջ ստեղծվի հանդարտ ու ստեղծագործ աշխատանքային մթնոլորտ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել