Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԻՆ ԸՆԿԵՐՈՋԸ» ՍՊԱՍԵԼԻՍ

Հունիս 04,2007 00:00

Երեկ տեղի է ունեցել ՀՅԴ Գերագույն մարմնի լիագումար նիստը, որի ժամանակ կուսակցության ղեկավարները եւ ԳՄ անդամների ճնշող մեծամասնությունը հայտնել են իրենց վճռականությունը՝ մնալ սկզբունքային դիրքերում:

Իսկ դա նշանակում է՝ նախագահական ընտրություններին մասնակցել սեփական դաշնակցական թեկնածուով: Փաստորեն, արդեն մի քանի օր շարունակվող բանակցությունները երկրի նախագահի եւ Հանրապետական կուսակցության ղեկավարների հետ՝ առայժմ ոչ մի կոնկրետ արդյունքի չեն հանգեցրել: Ըստ մեր տեղեկությունների, այսօր այն օրն է, երբ ՀՅԴ-ն կասի իր խոսքը, կամ, որն ավելի ճիշտ է՝ հանրապետական իր գործընկերոջից կլսի իր խոսքի պատասխանը: Իսկ մինչ այդ մնում է միայն ենթադրություններ անել: Ըստ վերջին օրերին շրջանառվող տեղեկությունների, նոր կառավարության ձեւավորման հարցում Հանրապետական կուսակցության եւ ՀՅԴ-ի միջեւ փոխհամաձայնության ձեռքբերման համար դժվարություններ է առաջացնում ուժային գերատեսչություններից մեկի ղեկավարի պորտֆելն իրեն տրամադրելու՝ ՀՅԴ-ի պահանջը: Ասում են՝ ՀՀԿ ղեկավարությունը սկզբունքորեն դեմ չէ, ի թիվս երեք նախարարական պորտֆելների, դաշնակցականներին հանձնել նաեւ ուժային կառույցներից մեկը, սակայն պայմանով, որ 2008 թ. նախագահական ընտրություններում Դաշնակցությունը պետք է պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Դաշնակցականները չեն ցանկանում փոխզիջման գնալ, եւ պահանջելով ուժային գերատեսչություններից մեկի ղեկավարի պորտֆելը՝ կուսակցությունը, այնուամենայնիվ, ձգտում է ազատ գործել նախագահական ընտրություններում: Չմոռանանք, որ ոչ միայն Հրանտ Մարգարյանը, այլեւ այլ դաշնակցական գործիչներ բազմիցս շեշտել են, որ Դաշնակցությունը նախագահական ընտրություններին մասնակցելու է իր թեկնածուով: Մի բան պարզ է՝ Դաշնակցության դերակատարությունը երկրի հետագա քաղաքական գործընթացներում խիստ կարեւորվում են թե՛ Հանրապետականի, թե՛ երկրի գործող նախագահի կողմից: 20 օր անցել է ԱԺ ընտրություններից, եւ միայն ՀՅԴ-ի հետ պայմանավորվածության բացակայության պատճառով նոր կառավարության կազմի եւ խորհրդարան անցած իշխանական ուժերի պատգամավորական մանդատների հարցը մնում է առկախ: Ըստ մեր տեղեկությունների, այսօր ջրերը կպարզվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել