Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վրեժխնդիր չե՞ն լինի

Հունիս 04,2007 00:00

Արդյոք ուժի մե՞ջ են իշխանությունների եւ օլիգարխների սպառնալիքները ցույցերի կազմակերպիչներին, թե՝ վրեժխնդիր են լինելու նրանց նկատմամբ:

Մինչեւ ընտրություններն «Առավոտի» հետ զրույցի ընթացքում «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանն իր հանդիպումներից ձեռք բերված տեղեկատվության հիման վրա «Առավոտին» փոխանցել էր. «Մայիսի 12-ից հետո իշխանությունների եւ օլիգարխների կողմից լինելու են քաղաքական հետապնդումներ»: Եվ հայտնել էր, թե հստակ ահազանգեր ունի, որ չնայած իրավապահները միջոցներ չէին ձեռնարկում ցուցարարների հանդեպ, բայց այն բանից հետո, երբ միջազգային դիտորդները կհեռանան Հայաստանից՝ կլինեն ձերբակալություններ. «Կլինեն հետապնդումներ ընդդիմության եւ քաղաքացիական ակտիվություն ցուցաբերած անձանց նկատմամբ: Եվ դրանք կլինեն ոչ միայն ձերբակալությունների, այլ նաեւ ավազակային հարձակումների, բռնությունների եւ տարբեր պատահարների տեսքով: Այս անգամ կփորձեն սկզբում բիրտ ուժ կիրառել ոչ թե շարքային կուսակցականների կամ համախոհների նկատմամբ, այլ հենց առաջնորդների… Արդեն իսկ կան տարբեր չինովնիկների եւ օլիգարխների կողմից որոշ գործողություններ՝ զգուշացումներ, թե մայիսի 12-ից հետո հաշվեհարդար կտեսնենք եւ այս անգամ արդեն չեք պրծնի վարչական կալանքով»:

Այժմ մեր հարցին, թե այդ սպառնալիքները մնո՞ւմ են ուժի մեջ, թե՞ հաղթողներն այլեւս դրա կարիքը չունեն՝ Տիգրան Տեր-Եսայանը պատասխանեց. «Այստեղ դոզայի խնդիր է: Ուղղակի ակտիվության հարց էր, թե ընդդիմադիրներից ով՝ որքան կակտիվանար: Բայց ե՛ւ ակտիվությունը հանգստացնելու միջոցներ կկիրառվեն, ե՛ւ վրեժխնդիր կլինեն: Նման դեպքեր միանշանակ կլինեն, քանի որ մեծ «միջոցառում» է սպասվում 7-8 ամիս հետո: Եվ եթե այդ «միջոցառումն» էլ նույն՝ արդեն իսկ բացահայտված սցենարով է ընթանալու, բնականաբար, պիտի աշխատանք տարվի, որ ինչ-որ չափով ավելի մեղմ անցնեն նախագահական ընտրությունները»:

«Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահը նաեւ նշեց. «Ցույցերին եւ այլ միջոցառումներին մասնակցելով՝ մարդիկ եւս մեկ անգամ թշնամիներ են ձեռք բերել գյուղում կամ քաղաքում, որը կունենա տարբեր հետեւանքներ: Այդ մարդիկ նորից ճնշվելու են իրենց բնակավայրերում ու աշխատատեղերում: Ինչ վերաբերում է քաղաքական առաջնորդների նկատմամբ հետապնդումներին՝ դա էլ կախված է նրանից, թե արդյոք հետեւողական կլինե՞ն իրենց հայտարարությունների մեջ, թե՝ պայքարելու են մինչեւ վերջ: Եթե իրոք պայքարեն… մի քիչ դժվար է կանխատեսելը, թե ինչ քայլեր կարվեն: Բայց փաստը մնում է փաստ, որ նորից տուժելու են այն մարդիկ, ովքեր հավատալով՝ ակտիվորեն եկել ու մասնակցում էին հանրահավաքներին եւ նորից ուզում էին ինչ-որ բան փոխել: Եվս մեկ անգամ այդ մարդկանց նույն հուսահատության վիճակին բերելը հանգեցնելու է նույն ապրումներին, հիասթափությանն ու վախի մթնոլորտին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել