Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԻՄԱ ՇԱՏ ՄՈՏ ԵՆՔ ԿԱՆԳՆԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ»

Հունիս 04,2007 00:00

Համոզված է «Դաշինք» կուսակցության քաղխորհրդի անդամ Գնել Ղլեչյանը

– Մի քանի ընդդիմադիր ուժեր ընտրությունների արդյունքները վիճարկելու հայցով դիմել են ՍԴ, «Դաշինքն» այս քայլին չի գնացել, ինչո՞ւ:

– Այն պատկերը, որը հրապարակեց ԿԸՀ-ն, չի համապատասխանում իրականությանը, եւ «Դաշինք» կուսակցությունը չի կարող համաձայնել ընտրությունների արդյունքների հետ: Միեւնույն ժամանակ, վիճարկել ՍԴ-ում ընտրությունների արդյունքները, մեր կարծիքով, ընդամենը ժողովրդահաճո գործ է, դրանով ընդդիմադիրները փորձում են ցույց տալ, թե իբր պայքարը շարունակվում է, ցույց տալ, որ իրենք շատ լավն են, շատ «պուպուշ» են, բայց դա ընդամենը ժողովրդի աչքերին թոզ փչել է:

– Ինչո՞ւ եք այդպես կարծում:

– Որովհետեւ «ԸՕ»-ն ընդունվել է նաեւ այն ընդդիմադիրների մասնակցությամբ, որոնք նախորդ գումարման ԱԺ-ի պատգամավորներ էին: Իսկ այդ «Ընտրական օրենսգիրքը» հնարավորություն չի տալիս հանրապետական նշանակություն ունեցող որեւէ ընտրության արդյունքները վիճարկել ՍԴ-ում եւ ստանալ դրական արդյունք: «ԸՕ»-ն ասում է, որ 1-ին եւ 2-րդ տեղերը զբաղեցրած կուսակցությունների հավաքած ձայների տարբերության չափ ընտրակեղծիք պետք է տեղի ունեցած լինի եւ դա ապացուցվի: Իսկ դա կազմում է մոտավորապես 250 հազար ձայն: Այո, «Դաշինք» կուսակցությունը հրապարակել է արձանագրություններ բազմաթիվ ընտրախախտումների մասին, բայց եկեք ռեալ նայենք իրավիճակը. բոլորի արձանագրություններով հանդերձ՝ հնարավոր չէ ապացուցել, որ 250 հազար ձայն կեղծվել է: Հետեւաբար, ինչո՞ւ իզուր մտնել դատարան, ժողովրդին հույս տալ, ասել, որ իրենք լավն են, մինչեւ վերջ կգնան: Ո՞ւր՝ մինչեւ վերջ՝ մինչեւ Սահմանադրական դատարա՞ն: Վազքը մինչեւ այդտեղ է: Նման իրավիճակում ես պատասխանատվություն եմ դնում այն ուժերի վրա, ովքեր եղել են պատգամավոր եւ հիմա, իբր, կապ չունեն այդ գործընթացի հետ եւ ՍԴ-ում փորձում են վիճարկել:

– Սակայն արդեն շատերն են խոսում կեղծ անձնագրերի տպագրության մասին, հնարավոր չէ՞ դա ապացուցել: Դրանից էլ լավ փա՞ստ:

– Համաձայն եմ, բայց կա՞ն կոնկրետ տվյալներ: Չկան: ՆԺԿ նախագահը օրերս հրապարակեց, թե այդպիսի մի անձնագիր կա, բայց ինքը դա կհրապարակի նախագահական ընտրությունների ժամանակ: Դուք ուզում եք, որ ես դրան լո՞ւրջ վերաբերվեմ: Ընտրություններում ընդդիմությունը պարտվեց ոչ ճիշտ մարտավարության պատճառով: 2006-ին մեր կուսակցությունը բանակցություններ էր վարում ընդդիմադիր մի շարք ուժերի հետ՝ հորդորելով ոչ թե միավորվել մեկ ընդհանուր բլոկի մեջ՝ ինչպես եղավ «Արդարություն» դաշինքի դեպքում, այլ միավորվել գաղափարական բլոկների մեջ, ասենք՝ ռուսամետները մեկ առանձին ճակատով հանդես գան, ազատականները՝ մեկ այլ: Սա ընտրողին թույլ կտար ավելի հեշտ կողմնորոշվել: Մոտ մեկ տարի քննարկելուց հետո առաջարկը ձախողեցին, որովհետեւ այդ ուժերը բավականաչափ ամբիցիաներ ունեին, որը խանգարում էր ռեալ դատել: Նման իրավիճակում ընդդիմադիր դաշտը գնաց մասնատման, եւ արդյունքում ընտրողների ձայները փոշիացվեցին: Հերիք չէ ընդդիմադիր ուժերը առանձին գնացին, հիմա էլ միմյանց են հարվածում: Օրինակ, «Հանրապետություն» կուսակցությունը վերջնականապես մղձավանջի մեջ է ընկել: Փոխանակ ՍԴ-ում փորձի ապացուցել ընտրաձայների կեղծման պրոցեսը, մտել է ՍԴ՝ վիճարկելու, թե արդյոք «Դաշինք» կուսակցությունը իրավունք ունե՞ր մասնակցելու ընտրություններին, արդյոք Սամվել Բաբայանը ՀՀ քաղաքացի՞ է, արդյոք վերջին 5 տարիներին Հայաստանո՞ւմ է բնակվել եւ այլն: Այս կուսակցությունը գոնե պետք է որ լավատեղյակ լիներ, թե ինչ է նշանակում ԼՂՀ պաշտպանության բանակ, սակայն երեւի չգիտեն, քանի որ զբաղված են դեմագոգիայով եւ հասարակությանը հերթական անգամ շեղում են բուն գործընթացներից կամ այլ նպատակներ են հետապնդում: Մոռանում են, որ կան փաստեր, որոնք հրապարակման ենթակա չեն: Մենք այդ մասին ստիպված լռում ենք, իրենք էլ այդ մասով անընդհատ սուր են ճոճում օդում՝ աներեւույթ ինչ-որ թշնամիների դեմ պայքարելով: Ընդդիմադիր դաշտի իրական վիճակը սա է: Սա է «Սահմանադրական դատարան թատրոն»-ի բովանդակությունը:

– Մեկ քաղաքական ուժ ուզեց եւ վերցրեց ամբողջ պատասխանատվությունը, սակայն դեռ կան չլուծված խնդիրներ՝ ե՛ւ Ղարաբաղը, ե՛ւ երկրի տնտեսական-սոցիալական վիճակը, ե՛ւ այլ մարտահրավերներ: Մեկ ուժ կկարողանա՞ տակից դուրս գալ:

– Եթե խոսքն այն մասին է՝ իրո՞ք իրենք այդքան ձայն են ստացել, ես չեմ հավատում, որ ստացել են: Եթե խոսքն այն մասին է՝ գիտակցո՞ւմ են այդ պատասխանատվությունը, կարծում եմ՝ հաղթանակի էյֆորիան մի քիչ շեղել է նրանց ուշադրությունը պատասխանատվության այն հիմնական բեռից, որն իրոք այսօր ծանրացել է այդ կուսակցության ուսերին: Հուսամ, մեծ ցնցումների դա չի հանգեցնի եւ չի հանգեցնի ազգային շահերի ոտնահարման: Բավական բարդ իրավիճակ է՝ հատկապես այն պատճառով, որ ԼՂՀ-ում էլ հիմա նախագահական ընտրություններ են, եւ առաջադրված թեկնածուներից ընտրվածը պետք է, ուզի, թե չուզի, համագործակցի Հանրապետական կուսակցության հետ: Գործընթացները բավական բարդանում են նաեւ այն առումով, որ Հայաստանը վերջնականապես կմեկուսացվի տարածաշրջանային բոլոր զարգացումներից, եւ դրա մեղքը ոչ թե այն է, որ Ադրբեջանը ինչ-որ նավթամուղներ է կառուցում, այլ այն, որ Հայաստանը ոչինչ չի կառուցում, բացի Երեւանի կենտրոնի էլիտար շենքերից: Տարածաշրջանային համագործակցությունը զարգացնելու եւ ճիշտ արտաքին քաղաքականության ուղեգիծ ընտրելու իրենց անընդունակությունը պետք չէ վերագրել զանազան շրջափակումներին, արտաքին գործոններին եւ այլն:

– Վերջին շրջանում ոմանք համեմատություններ են անում 1997 թվի հետ եւ ասում են, որ Արցախի հարցի լուծումը վտանգի տակ է: Ձեր կարծիքով՝ հարցի կարգավորումը ի՞նչ փուլում է:

– Հիմա շատ մոտ ենք կանգնած պատերազմին: Չեմ ուզում վախեցնել ժողովրդին, պարզապես վտանգի տակ է այն անվտանգության գոտին, որը ստեղծվել է մեր ժողովրդի՝ շուրջ 6 հազար զոհերի գնով, որը ստեղծվել է Վազգեն Մանուկյան, Սամվել Բաբայան, Վազգեն Սարգսյան եւ բազմաթիվ այլ պետական գործիչների ներդրմամբ: Այսօր այդ անվտանգության գոտին, ինչպես ցույց են տալիս գործընթացները, հանձնվում է հակառակորդին, եւ դա լեցուն է ամենաանկանխատեսելի հետեւանքներով: Վախենամ, որ դա իրոք դառնա նոր պատերազմի սկիզբ, եթե մենք շարժվենք այդ ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել