Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐԸ ՀՈՒՄԱՆԻՍՏԱԿԱՆ Է»

Հունիս 04,2007 00:00

\"\"Երեկ միացյալ ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը

Երեկ «Իմպիչմենտ» դաշինքի, «Նոր ժամանակներ» եւ «Հանրապետություն» կուսակցությունների հանրահավաքը տեղի ունեցավ Մատենադարանին հարող տարածքում, որովհետեւ Ազատության հրապարակն այս անգամ զբաղեցրել էին երեխաները՝ երեկ նրանց պաշտպանության միջազգային օրն էր: Ընդդիմությանը լսողները երեկ սակավաթիվ էին՝ 1000-1500 մարդ, բայց բանախոսները հայտարարեցին, որ իրենց համար մեկ է, թե հանրահավաքին քանի մարդ կգա: «Լինեն 10, 50, թե 100 հոգի, միեւնույն է՝ անելու ենք հանրահավաքներ, որովհետեւ դա բացարձակ անհրաժեշտություն է»,- հայտարարեցին «Հանրապետության» նախագահ Արամ Սարգսյանն ու «Իմպիչմենտի» ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը:

Վերջինս հակադարձելով ընդդիմության ոչ միասնական լինելու մասին իշխանությունների կողմից հնչող մեղադրանքներին՝ ներկաներին խորհուրդ տվեց նույն տեսանկյունից դիտարկել այն երեւույթները, որոնք տեղի են ունենում իշխանության «միասնական» ճամբարում: «Ուշադիր նայեք դրանց համամասնական ցուցակներին, որոնց 80 տոկոսը քաղաքական առնետներ են, որոնք անցած տարիների ընթացքում մի քանի կուսակցություններ փոխած քաղաքական գործիչներ են: Փաստորեն, Հայաստանում ձեւավորվում է քաղաքական առնետների իշխանություն: Իսկ կառավարություն ձեւավորելու միակ չափանիշն այս իշխանությունների համար այն է, թե ով՝ ինչքան ձայն է բերել Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին: Ոչ մի ծրագրային, գաղափարական ընդհանրություն, ոչ մի քաղաքական սկզբունք»,- արձանագրեց Նորիկյանը: Նկատի ունենալով, մասնավորապես, ընտրություններից հետո Գյումրիում հնչած կրակոցներն ու դրա արդյունքում 12-ամյա տղայի կորուստը, ՀՀ ոստիկանության շենքում Լեւոն Գուլյանի մահվան փաստը՝ Նորիկյանն արձանագրեց, որ եթե «Հայաստանում լինեին օրինական իշխանություններ, այս ամենից հետո անհապաղ պետք է հրավիրվեր Անվտանգության խորհրդի, ԱԺ արտահերթ նիստեր, եւ հասարակությանը կտրվեր այդ դեպքերի մասին սպառիչ պատասխան, ու կսկսվեր դատական պրոցես: Բայց քանի որ այդ օրինական իշխանությունը մեր երկրում չկա, Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը Հայաստանում շարունակում են հաստատել ֆեոդալական կարգեր»: Իսկ հայ հասարակությանը Նորիկյանը կոչ արեց չհիասթափվել. «Հավատացե՛ք ձեզ ու ձեր ուժերին, Հայաստանի վաղվա գեղեցիկ օրվան, հիշեք, որ մեր պայքարը նախեւառաջ հումանիստական է եւ ապագայի նկատմամբ պատասխանատվություն է: Եվ որոշ ժամանակ անց «1+1+» կարգախոսը ավարտվելու է մեր հաղթանակով»:

«Ժողովրդավարական Հայաստան» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն իր հերթին անդրադարձավ ԱԺ ընտրություններին եւ ասաց, որ այդ ընտրությունները 2003թ. ընտրություններից չեն տարբերվել, թեեւ տարբեր են եղել դրանց տրված դիտորդական առաքելությունների գնահատականները: Փաստելով, որ ե՛ւ 2003-ին, ե՛ւ 2007-ին շուրջ 400 հազար ձայն է կեղծվել, Պ. Մակեյանն ասաց, թե այս անգամ, ի տարբերություն 2003-ի, փոխվել էր միայն ընտրակեղծիքների տեխնոլոգիան:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր ելույթում անդրադառնալով ՍԴ դիմելու անհրաժեշտությանը՝ ասաց, որ ընդդիմությունն ունի ընտրությունների կեղծված լինելն ապացուցող բազմաթիվ փաստեր: Միեւնույն ժամանակ նա կարեւորեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ ոչ այնքան ՍԴ-ի կայացնելիք որոշումը, որքան այն, որ ընդդիմությունը կարող է ապացուցել եւ բոլորին ընկալելի դարձնել՝ ընտրախախտումներ եւ կեղծիքներ եղել են: Նա կարեւորեց առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմադիր ուժերի համախմբումն ու միասնական թեկնածուի առաջադրումը, բայց ոչ թե մեխանիկական, այլ՝ գաղափարական հենքի վրա, եւ ասաց, որ այդ ուղղությամբ արդեն քայլեր կատարվում են, քննարկումներ ընթանում են:

ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն էլ կարծիք հայտնեց, թե բոլոր ժամանակներում քաղաքական ամենալուրջ գործընթացները եղել են նախագահական ընտրությունների ժամանակ: Նա հույս հայտնեց, որ ժողովուրդն իր խոսքը կասի հե՛նց նախագահական ընտրությունների ժամանակ ու հրաժեշտ կտա այս իշխանություններին: ՆԺԿ նախագահը անդրադարձավ նաեւ իշխանական ճամբարի մասնատվածությանն ու փաստեց, որ իշխանական կուսակցություններն անգամ միասին կառավարություն չեն կարողանում ձեւավորել՝ «ո՞ւր է կառավարության կազմը, չկա, որովհետեւ մարդ չունեն»: Բայց անգամ կառավարության ձեւավորումից հետո էլ, ըստ Ա. Կարապետյանի, երկրում ոչինչ չի փոխվելու. «Նորից նույն եւ մականունավոր մարդիկ, երբ որ կանչեն՝ գալու են, նստելու են ԱԺ դահլիճում, սեղմելու են կոճակն ու գնալու են սաունա: Երկրում խորքային փոփոխություններ չեն լինելու»:

Հանրահավաքի մասնակիցները երեկ ծափողջույններով դիմավորեցին «Իմպիչմենտի» ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանին: Երեկ նա դարձավ 32 տարեկան, իսկ ծննդյան օրն անցկացրեց ՍԴ-ում եւ հանրահավաքում: Վ. Խաչատրյանն էլ ի պատասխան հաճախ տրվող այն հարցին, թե՝ ե՞րբ են վերջանալու հանրահավաքները, հայտարարեց. «Կվերջանա այն ժամանակ, երբ վստահ լինենք, որ իշխանությունը Հայաստանում ձեւավորում է ժողովուրդը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել