Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐՉԻՆՅԱՆ-ՎՈՆԳՋՈՆԿԱՄ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ՞

Հունիս 01,2007 00:00

\"\"Թեթեւագույն քաշային կարգում IBF-ի եւ IBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն, վանաձորցի Վախթանգ (Վիկ) Դարչինյանը ներկայումս նախապատրաստվում է հուլիսի 7-ին Նոնիտո Դոների հետ մենամարտում չեմպիոնական իր գոտիների հերթական պաշտպանությանը:

Վախթանգն արդեն քանի տարի նպատակ ունի միավորել նաեւ մյուս վարկածներով չեմպիոնական տիտղոսները, սակայն բոլորը, ում նա ձեռնոց է նետում, ասես խոսքները մեկ արած, հրաժարվում են նրա հետ մենամարտել: Նրանցից է նաեւ թաիլանդցի, WBC-ի վարկածով աշխարհի չեմպիոն Պոնգսակլեկ Վոնգջոնկամը, ով պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 67 մենամարտից հաղթել է 65-ում (34-ը՝ նոկաուտով): Հետաքրքիր է, որ թաիլանդցին իր բոլոր մենամարտերն անցկացնում է միայն իր հայրենիքում կամ Ճապոնիայում:

Օրերս արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, թե Վոնգջոնկամը վերջապես հետաքրքրություն է ցուցաբերել Վիկի հետ գոտիների միավորման մրցամարտի նկատմամբ եւ անգամ հայտարարել է, թե պատրաստ է ելույթ ունենալ Եվրոպայում կամ Ամերիկայում, պայմանով, որ իրեն պատկառելի հոնորար առաջարկեն: Սակայն հայ բռնցքամարտիկը, այնուամենայնիվ, դեռ կասկածում է, թե նման մրցամարտ կկայանա: Ու դրա համար նա բավականաչափ հիմքեր ունի: Նախ Վոնգջոնկամը բազմիցս հրաժարվել է այլ երկրներում մենամարտեր անցկացնել: Երկրորդ, նա հուլիսին չեմպիոնական գոտու պաշտպանության նշանակված մենամարտ ունի: Եվ երրորդ, մեկ մենամարտ էլ մշակման փուլում է:

«Ես արդեն կապվել եմ իմ պրոումոթեր Գերի Շոուի հետ,- հայտարարել է Վիկը:- Նա արդեն այդ մարտը կազմակերպելու պաշտոնական առաջարկը պատրաստել է: Մենք այն կարող ենք անցկացնել այս տարվա հոկտեմբերին կամ նոյեմբերին՝ Ամերիկայում: Հոնորարի չափը նրա համար արգելք չի կարող հանդիսանալ: Ես անհամբերությամբ եմ սպասում ռինգում նրա հետ հանդիպմանը, բայց, միեւնույն է, դեռ կասկածում եմ Վոնգջոնկամի մտադրությունների լրջությանը»:

Եթե Դարչինյան-Վոնգջոնկամ մենամարտը, այնուամենայնիվ, կազմակերպել չհաջողվի, Վիկը կտեղափոխվի մեկ աստիճան բարձր քաշային կարգ եւ կհանդիպի առաջին թեթեւագույն քաշային կարգում WBC-ի չեմպիոն մեքսիկացի Քրիստիան Միխարեսի հետ: Վերջինս այս տարվա ապրիլին հաղթել է իր հայրենակից Խորխե Արսեին, ով թեթեւագույն քաշում համարվում էր Վախթանգի գլխավոր մրցակիցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել