Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունները՝ «կարմիր խնձորի» պես

Հունիս 01,2007 00:00

Երեկ «Հայելի» ակումբում նման համեմատություն արեց բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը, իսկ ամերիկահայ մեծահարուստ Վահագն Հովնանյանը խոստովանեց, որ դժվար է օրենքով աշխատելը:

Երեկ «Հայելի» ակումբում կայացավ բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանի ասուլիսը, որի թեման մայիսի 12-ի ԱԺ ընտրությունների արդյունքների շուրջ եղած աղմուկից հետո տիրող անդորրն էր: Վ. Գրիգորյանի կարծիքով, այդ լռությունը այնքան էլ բացասական չէ. «Անընդհատ խոսելուց հնարավոր է, որ յուրաքանչյուրն էլ սկսի ինքն իրեն չլսել… Այսօր ամենից շատ ոչ թե աղմուկի, այլ վերլուծությունների կարիք կա»: Բանաստեղծուհին անկեղծորեն ասաց, որ ընտրություններն իրեն այնքան էլ չէին հետաքրքրում: Նա մի քիչ հետեւել է դրանց, որոշակի հետեւություններ արել: «Մենք վերապրեցինք դեմոկրատական ընտրությունները՝ ազգային ավանդույթի մեր ըմբռնմամբ: Ինչպես «կարմիր խնձոր» տանելն ենք ազգային ավանդույթ համարում, այնպես էլ այս ընտրություններով նմանատիպ մի արարողություն կատարեցինք: «Կարմիր խնձորը» տարանք, սակայն իրականում չգիտեինք՝ հարսը կո՞ւյս էր, որովհետեւ հնարավոր է՝ տղան ու աղջիկը «կուլիսներում» բարիշել էին կամ էլ աղջիկը ֆռռացրել էր տղային»,- ասաց նա:

Վ. Գրիգորյանը խոսեց քաղաքական գործիչների մասին եւս. «Այնքան են ասում ժո՛ղովուրդ, ժո՛ղովուրդ, որ շատ արվեստագետներ նրանց խոսքերից սկսում են ենթադրություններ անել՝ կարո՞ղ է նրանք այլմոլորակայիններ են, ժողովուրդն՝ ամբոխ»: Ընտրություններում մտավորականների դերի մասին էլ խոսվեց: «Ծախու» բառը այսօր շատ է օգտագործվում, բայց միայն մտավորականը չէ, որ ծախվում է, լրագրողներն էլ են ծախվում, կոշկակարն էլ: Ես «ծախու» բառին դեմ եմ… Ընտրություններում մտավորականն ու կոշկակարը հավասար մարդիկ են, որովհետեւ երկուսի քվեն էլ նույն արժեքն ունի: Ինչո՞ւ պիտի մարդու անձնական շահը հաշվի չառնվի: Ի վերջո, հրապարակում ի՞նչ է դրված եղել. այնտեղ փողի ու լավի միջեւ ընտրությունը չէր, այլ ոչինչն էր: Այնպես որ, ապառիկ խոստումների փոխարեն փողը վերցնելը ճիշտ էր»,- կարծում է տիկ. Գրիգորյանը: Բանաստեղծուհին դժգոհեց, որ մշակութային թեմաներով հրապարակումներ շատ հազվադեպ են հանդիպում ու նախապատվությունը տրվում է քաղաքականությանը. «Կարծես բոլոր թերթերը ուղղված լինեն քաղաքական գործիչներին: Իսկ մի՞թե միայն նրանք են կարդում: Նույնիսկ սեմուշկա չրթելու մասին կարելի է հետաքրքիր գրել: Ցավոք, այսօր քաղաքականությունն է «խոդի» ապրանք»:

Երեկ «Հայելի» ակումբում կայացավ նաեւ «Վահագնի» թաղամասի հիմնադիր, ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանի ասուլիսը: Նա լրագրողներին հայտնեց, որ 8 տարի Հայաստանում ներդրումներ կատարելուց հետո, այս տարի վերջապես շահույթ է ստացել: Եվ չցանկացավ «բացահայտել», թե մինչեւ հիմա որքան ներդրում է կատարել: Ամերիկահայ մեծահարուստն ընդամենը ասաց. «Մի հսկա գումար է, բայց կոնկրետ չեմ հիշում»: Վ. Հովնանյանը նաեւ խոստովանեց, որ Հայաստանում դժվար է օրենքի շրջանակներում աշխատել եւ դեռ ամեն ամիս էլ հարկ վճարել. «Մեզ էլ են ժամանակին փորձել ինչ-ինչ բաներ անել, բայց չի հաջողվել: Այսպես թե այնպես, ես օրենքի հետ պրոբլեմ չունեմ: Եթե օրենքով ես աշխատում, պետք չէ կառավարությունում հորեղբայր ունենալ…Իսկ հայրենիքից չեմ նեղանում, դա նույնն է, թե նեղանաս հարազատ ծնողիցդ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել