Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԴՐԵՆ ՈՒ ԳԵՐՄԱՆԱՀԱՅԸ ՍԵՎԱՑՐԻՆ ՄԻՄՅԱՆՑ

Հունիս 01,2007 00:00

\"\"Հանրապետության տոնի առիթով չկայացած համերգի համար առաջինը մեղադրում է Գերմանական հայկական մշակութային միության պատասխանատուին, իսկ վերջինս էլ՝ բարձր հոնորար պահանջած երգչին:

Երեկ «Առավոտ» զանգահարեց Գերմանական հայկական մշակութային միության պատասխանատու Անուշիկ Հարությունյանը եւ վրդովված հայտնեց, որ Անդրեի՝ մայիսի 27-ին Բոննում նշանակված մենահամերգը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության օրվան, խափանվել է:

Ըստ տիկին Հարությունյանի, Անդրեի համերգը, անկախ որեւէ հանգամանքից, պետք է կայանար, որովհետեւ այն նվիրված էր Հայաստանի Հանրապետության տոնին, ու երգիչը, չնայած հոնորարի ոչ մեծ լինելուն, իրավունք չուներ հրաժարվել հայ համայնքի առջեւ հանդես գալուց:

«Անդրեն այլեւս աղքատ չէ, եւ այդ մեկ միջոցառումից ստացված գումարը, եթե այն նույնիսկ աստղավայել չէր, պետք է որ չխրտնեցներ նրան: Հասկանում եմ, որ հայաստանյան չափանիշներով գերաստղը արդեն կուշտ է: Միեւնույն ժամանակ՝ չեմ կարող չհիշել, թե ինչպես էին Անդրեի նմանները 1991-92թթ. մեզ խնդրում, որ իրենց հրավիրենք ու կարողանան որոշակի գումար վաստակել: Մենք՝ Գերմանական հայկական մշակութային միության ներկայացուցիչներս, այսօր անհարմար ենք զգում հայաստանցի որոշ արվեստագետների պահվածքի պատճառով: Երբ նրանցից ոմանց բարի լույս կամ բարի օր ես մաղթում, չգիտես ինչու, սպասում են, որ պատասխանի համար պետք է վճարենք իրենց: Սա դարձել է նորմ ու չգրված օրենք: Մինչեւ չփոխվի «տուր ինձ, ես էլ քեզ կտամ» մտածելակերպը, Հայաստանում առաջընթաց չենք ունենա»,- վրդովված հայտնեց Ա. Հարությունյանը: Նման մի անակնկալ էլ գերմանահայերին մատուցել է հայաստանցի մի ռեժիսոր (անունը չհայտնեց)՝ միությունից պահանջելով 5000 մարկ՝ իր փոքրիկ նախագծի համար: «Երեւի դա նրանից է, որ Խորհրդային Հայաստանում յուրաքանչյուր արվեստագետ պետությունից ստանում էր իրեն հասանելիք գումարը: Չնայած Հայաստանի անկախությանը եւ ազատ շուկայական համակարգին, հին մտածողությունը դեռ պահպանվում է հայաստանցիների մեջ»,- փաստեց մեր զրուցակիցը: Վերադառնալով Անդրեին՝ տիկինն ասաց, որ երգիչը մերժել է նաեւ գումարի հարցում փոխզիջման առաջարկը: Իսկ թե ինչքան գումար էր պահանջել, տիկին Հարությունյանը համառորեն չհայտնեց:

Կապվեցինք Անդրեի հետ: Երգիչը հաստատեց, որ, իրոք, Բոննում ինքը եւ իր 7 հոգանոց խումբը հրաժարվել են համերգից։ «Տիկին Անուշիկ Հարությունյանը փորձ չուներ համերգներ կազմակերպելու: Նա հանձն էր առել նաեւ Հոլանդիայի մենահամերգիս աշխատանքները: Եվ դարձյալ վատ էր կազմակերպել: Երեք ժամ տեւողությամբ համերգը ջերմորեն ընդունեց ունկնդիրը, բայց տիկին Հարությունյանը մեզ վճարեց 5 ամիս առաջ պայմանավորված գումարի 0,7 տոկոսը (չափը չհայտնեց- Ս. Դ.): Այո՛, ես գիտեմ իմ գինը, հարգում եմ հանդիսատեսիս եւ ցանկանում ներկայանալ ամենաբարձր մակարդակով: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության տոնի առիթով Գերմանիայի համերգին, անձնապես մեծ գումար չէի էլ պահանջել: Տիկին Անուշիկը չէր լուծել նույնիսկ մեր կեցության հարցերը, ստիպված 7 հոգանոց խմբի հետ ապրել ենք մեր ծանոթների բնակարաններում: Ես թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկը ինձ վրա բիզնես անի եւ դա շահարկի Հանրապետության տոնի առիթով: Հավելեմ, որ փոխանակ նախապես հանդիսատեսին տեղեկացնելու այն մասին, թե համերգը չի կայանալու, Անուշիկ Հարությունյանը սպասել էր, որ բոլորը հավաքվեն, բարձրացել էր բեմ եւ հայտարարել, որ մեղավորը ես եմ՝ իմ հոնորարով: Վերադառնալով հայրենիք՝ ծանոթներիցս լսել եմ, որ տիկին Հարությունյանը փորձում է ստվեր գցել անվանս վրա: Դրա համար բողոք եմ ներկայացրել Հայաստանում Գերմանիայի դեսպանատուն, որտեղ, առանց տիկնոջ անձը վիրավորելու, ընդամենը ցանկացել եմ համապատասխան պաշտոնատար անձանց հայտնել, որ իրենց երկրում, եթե հնարավոր է, հսկեն ինքնակոչ կազմակերպիչներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել