Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխան պաշտպանության կարիք ունի նաեւ ծնողի՞ց

Հունիս 01,2007 00:00

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների պաշտպանության բաժնի պետ Սեդա Բարսեղյանից փորձեցիք պարզել, թե այսօր երեխան հատկապես ումի՞ց եւ ինչի՞ց պաշտպանվելու կարիք ունի ու նրա ո՞ր իրավունքներն են այսօր առավել հաճախ ոտնահարվում: «Հիմնականում երեխային պետք է պաշտպանել ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունից»,- ասում է Սեդա Բարսեղյանը, ավելացնելով, որ երբեմն ստիպված են երեխային իր իսկ ծնողից պաշտպանել: Հայկական ընտանիքում ցավալի երեւույթ է արմատացել, համաձայն որի՝ երեխան ասես ծնողի սեփականությունն է, եւ վերջինս էլ ինչպես ուզի՝ այնպես էլ կվարվի նրա հետ՝ մոռանալով, որ երեխան էլ հասարակության լիարժեք անդամ է: Որպես օրինակ՝ քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավարը բերում է մի դիմում, որով երեխաների տատիկը խնդրում է օգնել եւ փոքրիկներին վերցնել իրենց անբարո մորից: «Վերջերս մեզ աղանդավորների ընտանիքից մի 16-ամյա աղջնակի համար էին ահազանգել, որին հարազատները ստիպել էին «Եհովայի վկա» դառնալ»,- պատմում է Սեդա Բարսեղյանը: Ըստ նրա, քիչ չեն դեպքերը, երբ երեխան ամուսնալուծվող ծնողների համար «կռվախնձոր» է դառնում եւ իր հարազատ մոր կամ հոր կողմից «օգտագործվում» որպես գումար կամ գույք կորզելու միջոց. «Միգուցե զարմանալի թվա, բայց հաճախ երեխային պետք է պաշտպանել նաեւ ծնողի, այսպես ասենք, գերխնամքից, ինչի արդյունքում երեխան կորցնում է ինքնուրույնությունը, դառնում ինքնամփոփ, կաշկանդված»:

Ս. Բարսեղյանը նշում է, որ հատկապես ծանր է անչափահասների կրթական իրավունքի պաշտպանության ոլորտը. «Մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում այն մասին, որ այս կամ այն երեխան դպրոց չի հաճախում: Վերջերս մեզ դիմել էին Նոր Նորք համայնքի բնակիչները, ովքեր ասում էին, որ իրենց հարեւանությամբ ապրող երկու անչափահաս երեխաներին հայրը արգելել է հաճախել դպրոց եւ նրանց փակի տակ է պահում: Ուսումնասիրությունների ժամանակ երեխաների հայրը պատճառաբանել էր, որ զավակների համար հագուստ, գրենական պիտույքներ գնելու գումար չունի, բացի այդ՝ աշխատում է եւ նրանց դպրոց տանել-բերելու ժամանակ էլ չունի: Նման օրինակները քիչ չեն, եւ այս դեպքերում մեղքի մեծ բաժինը ծնողինն է: Բազմաթիվ դեպքեր էլ կան, երբ ծնողը երեխայի կրթությամբ զբաղվելու ցանկություն չունի»: Նա ավելացրեց, որ լինում են դեպքեր, երբ իրենց են դիմում ընդամենը 4-րդ դասարանի կրթություն ստացած 13-14 տարեկան երեխաների ծնողներ. «Իհարկե, նման երեխաներին հատուկ ուշադրություն է պետք: Երեխան հաստատ կկաշկանդվի սովորել իրենից տարիքով բավականին փոքր համադասարանցիների հետ: Այս դեպքերի համար նախատեսված՝ գործում են հատուկ դպրոցներ, թիվ 1 կրթահամալիրը: Մինչ նրանց միջնակարգ կրթության շարունակության հարցին ընթացք տալը, երեխաների հետ աշխատում են հոգեբանները, մանկավարժները, քանի որ քիչ չեն նաեւ դեպքերը, երբ այս երեխաները անհատական պարապմունքների շնորհիվ կարողանում են ետ չմնալ իրենց տարեկիցներից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել