Արտերկրում տպագրված քննական թեստերի հիման վրա այսօր իրենց գիտելիքները կստուգեն ՀՀ եւ Արցախի բոլոր դպրոցների շրջանավարտները:
ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը իսկույն նկատեց Քաշաթաղի թեստերը:
Վանյա Բարսեղյանը ստորագրեց պահոցը բացելուց առաջ:
Այս ավտոմատավորը ոչ թե Արմավիրի, այլ արմավիրցի Մարզպետն է, որը հսկում էր, $3 միլիոնանոց թեստերը:
«Հայինկասացիայի» մեքենաներում դիմորդների եւ շրջանավարտների ապագա թվանշաններն են:
Այսօր ժամը 10-ին հանրապետության ողջ տարածքում կսկսվեն պետական ավարտական եւ միասնական քննությունները՝ հայոց լեզու եւ գրականություն առարկայից: Առավոտյան 8.30-ից քննական թեստերն արդեն դպրոցներում են: Երեկ դրանք «Արդշինինվեստ» բանկի Շենգավիթի մասնաճյուղից ոստիկանության եւ «Հայինկասացիա» ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ ուղարկվեցին ՀՀ մարզեր, նաեւ Արցախ: Հիշեցնենք, որ թեստերը տպագրվել են Անգլիայի մի տպարանում, որը, Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Վանյա Բարսեղյանի հավաստիացմամբ, տասնյակ տարիների փորձ ունի այս բնագավառում: «Արդշինինվեստ» բանկում պահվող շուրջ 70 արկղերից յուրաքանչյուրի վրա գրված էր այն տարածաշրջանի անունը, որի համար նախատեսված էին քննության կազմակերպմանն անհրաժեշտ նյութերը: Ինկասատորներն ունեին դրանց ուղարկման ժամանակացույցն ու հասցեները, նաեւ թեստերի համապատասխան խմբաքանակը, ստացողների տվյալները:
ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը տեղեկացրեց, որ քննության հաջորդ օրը նախատեսվում է ավարտել աշխատանքների սկանավորման գործընթացը: Նյութերը մուտք կարվեն համակարգիչ, կաշխատեցվի գնահատման ծրագիրը: Ծածկագրված վիճակում ստուգվելուց հետո միայն նյութերը կվերածվեն անուն-ազգանուններով ցուցակների ու կառաքվեն դպրոցներ: Յուրաքանչյուր շրջանավարտի կտրամադրվի վկայագիր իր գնահատականի մասին: «Կանոնակարգի համաձայն, 5 օրվա ընթացքում կամփոփվեն ու կհայտարարվեն միասնական քննության արդյունքները: Ավարտականինն էլ կհայտարարվի մինչեւ քննաշրջանի ավարտը»,- ասաց փոխնախարարը:
Վ. Բարսեղյանը հայտնեց, որ միասնական եւ ավարտական քննության նյութերը Երեւանից ինկասատորների ու ոստիկանների ուղեկցությամբ կհասնեն «Արդշինինվեստբանկի» Ստեփանակերտի մասնաճյուղ, իսկ այսօր առավոտյան ժամը 5-ին, ինչպես ՀՀ մարզերի եւ Երեւանի, այնպես էլ Ստեփանակերտի մասնաճյուղից համապատասխան անձինք կստանան քննական արկղերը, որոնք կապարակնքված են: Պոլիէթիլենային տոպրակներում գտնվող թեստերը քննասենյակում կբացվեն ժ. 9.55-ին, ի տես քննություն հանձնողների: Որեւէ երեխա պետք է շոշափելով համոզվի, որ պոլիէթիլենային ծրարն իսկապես փակ է, որից հետո միայն կազմակերպվի թեստերի բաշխումը: Պետական ավարտական քննության տեւողությունը 100, իսկ միասնականինը՝ 180 րոպե է: Քննությունից հետո շրջանավարտը կարող է իր պատասխանի ձեւաթուղթը պատճենահանել եւ վերցնել, իսկ բնօրինակն ու թեստը պիտի հանձնվեն քննության կազմակերպչին: