Այդ պատճառով էլ կառուցապատողը դրանք կտրել է
Սայաթ-Նովա-Չարենց փողոցների հատման անկյունում, մայթի վրա, օրերս մոտ 6 հաստաբուն ծառ է հատվել: Այս առնչությամբ հարակից շենքերի բնակիչները ահազանգել են բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչություն, քաղաքապետարան, սակայն, ըստ բնակիչների, վերջիններս որեւէ միջոց չեն ձեռնարկել: Բնակիչների ներկայացմամբ, արդեն 10 օր է՝ այդ հասցեի հարակից տարածքում արագ տեմպերով շինարարություն է ընթանում: Շինարարության սեփականատերը մի քանի մետր խորությամբ մեծ փոս է փորել եւ տեղում բազմաբնակարան շենք է կառուցում: Երեկ «Առավոտը» եղավ նշյալ հասցեում եւ, ինչպես պարզվեց, կառուցապատողը ծառերը հատել է ոչ թե այն պատճառով, որ դրանց տեղում շինարարություն է անելու, այլ մայթին գտնվող ծառերը պարզապես խոչընդոտել են, որպեսզի շինարարական կռունկը մոտենա շինհրապարակին: Սա մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ կառուցապատողը՝ Լեւոն Ամիրխանյանը: Ըստ նրա, իրենք շինարարության համար ունեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որտեղ ներառված է նաեւ ծառերը հատելու թույլտվությունը. «Ուրիշ տարբերակ չկար, ծառերը պետք է հատվեին»: Նա վստահեցրեց, որ իրենք այդ տարածքի հետագա կանաչապատման հետ կապված մեծ ծրագրեր ունեն. «Էս որդնած ծառերի տեղում գազոնապատելու ենք, դեկորատիվ ու մրգատու ծառեր ենք տնկելու, որ այս բակի մարդիկ միրգ ուտեն»:
Երեկ մայրաքաղաքի գլխավոր դենդրոլոգ Սուրեն Մաքսապետյանից հետաքրքրվեցինք, թե այդ ծառերի հատման վերաբերյալ կա՞ նրա թույլտվությունը: Ըստ դենդրոլոգի՝ «ճիշտ է, դրանք վարակ կրող դեկորատիվ ծառեր են, սակայն մենք կառուցապատողին պարտադրել ենք, որ հատված ծառերի տեղում հացենի եւ կաղնի տեսակի ծառեր տնկի»: Ս. Մաքսապետյանի խոսքերով, առաջիկայում նախատեսվում է Սայաթ-Նովայի փողոցի բոլոր ծառերը փոխարինել դեկորատիվ ծառերով, որոնք, ի տարբերություն հների, մի շարք առավելություններ ունեն՝ սաղարթախիտ են եւ ցրտադիմացկուն:
«Առավոտի» հետ զրույցում բնապահպանական տեսչության պետ Ռոմիկ Մանգասարյան էլ վստահեցրեց, որ կառուցապատողն օրինական է գործում եւ տեսչությանը ներկայացրել է բնապահպանական հաստատված նախագիծ, ըստ որի՝ սեփականատերը պետք է իր տարածքի շրջակայքը կանաչապատի: