Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՏ 200 ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՎԻ ԵՆ ՄԱՏՆՈՒՄ

Հունիս 01,2007 00:00

Առեւտրականներին անգամ քուրջ ու փալաս վաճառելու հնարավորությունից զրկում են

\"\"Այս կոշիկները Բորիսը գտնում է փողոցներից, վերանորոգում ու վաճառում:

\"\"«Քրջի բազարում» թափթփված այս ապրանքները ջարդուխուրդ էին եղել ոստիկանության բուլդոզերներից:

\"\"Պողոսը մեզ ցույց էր տալիս իր կոշտացած ձեռքերն ու ասում, որ ծանր աշխատանքի շնորհիվ է կարողանում «քրջի բազարում» փող վաստակել:

«Ամբողջ օրն այստեղ կանգնելով՝ օր է լինում, որ ոչ մի կոպեկ չեմ աշխատում, հաճախորդ չեմ ունենում: Իմ խնամքին են 2 անչափահաս տղաներս, նրանց ո՞նց պիտի պահեմ, հազիվ մեկ հատ պերաշկու փող եմ վաստակում, դա էլ կտրեցին։ Արդեն երկրորդ օրն է՝ հարեւանից ենք պարտք անում՝ բուխանկա առնում, մի կերպ յոլա գնում։ Ես կարող եմ սովին դիմանալ, բայց երեխեքս ո՞նց դիմանան»,- երեկ «Առավոտին» այսպես ներկայացրեց իր սոցիալական ծանր վիճակը Հանրապետական մարզադաշտի հարեւանությամբ գործող «քրջի բազարի» վաճառականներից մեկը՝ Գառնիկ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ օրերս ոստիկաններն այդ շուկայի առեւտրականներին վտարել էին իրենց վաճառքի կետերից, քանի որ, ինչպես հայտնեցին Երեւանի քաղաքապետարանից, «քրջի բազարի» տարածքում պետք է կառուցվի Կենտրոն համայնքի ոստիկանության շենքը:

Ինչպես մեզ պատմեցին վտարված առեւտրականները, ոստիկանները 2 օր առաջ անակնկալ հայտնվել են ու բուլդոզերներով վաճառվող ապրանքների վրա «երթեւեկել»: «Միանգամից հայտնվեցին ու հրամայեցին 10 րոպեում տարածքը լքել, ոնց որ Ղարաբաղյան կռիվը լիներ ու մեզ վրա թշնամիները հարձակում գործեին»,- պատմեց Գ. Գրիգորյանը: Նա արդեն 7 տարի է՝ իր օրվա հացի փողը վաստակում է «քրջի բազարում»՝ տան ունեցած-չունեցած հին ապրանքները վաճառելով։ Նրա ապրանքներից ամենաթանկն արժեր ընդամենը 150 դրամ։ Հիմնականում վաճառում էր բյուրեղապակյա փոքրիկ, մաշված մրգամաններ ու հուշանվերներ։ Կնյազյան Բորիսը նույն բազարի վաճառականներից է: Նա էլ հնամաշ կոշիկներ է տարբեր տեղերից գտնում, նորոգում ու վաճառում. «Էս գործով ես հազիվ հացի փող եմ կարողանում առնել, օր է լինում՝ դրա համար էլ փող չի լինում, ես ու կինս սոված ենք մնում»։ «Քրջի բազարի» մեկ այլ վաճառական՝ Գագիկ Հարությունյանն էլ այստեղից-այնտեղից գտածն է վաճառում. «Երեխաներս ուսանող են, ինձանից գումար են ուզում, որտեղի՞ց տամ՝ չգիտեմ, այս գործից էլ որ զրկվեմ՝ ի՞նչ եմ անելու»։

Մինչ տարածքը ոստիկանությանը տրամադրելը, «քրջի բազարում» աշխատում էր 200-300 վաճառական: Երեկ մեր այցելության ժամանակ նրանցից միայն 10-20-ն էր համարձակվել նորից գալ ու ապրանքները փռել: «Հիմնականում 40-80 տարեկան մարդիկ են այստեղ կանգնում, չեն էլ ամաչում՝ մեզ վրա տրակտոր ու կռան են բերում, մեր մեջ կանայք էլ կան, չէ՞»,- բողոքեց վաճառականներից Պետիկ Բաբայանը: Նա նույնպես «քրջի բազարում» վաճառում է տան հնամաշ ապրանքները. «Օրական 500 դրամ եմ առավելագույնը վաստակում, հաց եմ առնում, մեկ էլ կանաչի, ուրիշ բանի փող չի մնում։ Էն էլ եկան՝ մեզ սրանից էլ կտրեցին, միանգամից «նապադենի» տվեցին, ապրանքներն այս ու այն կողմ շպրտեցին։ Ես նաեւ ուրիշներից եմ ապրանքներ վերցնում-ծախում, որ մի երկու կոպեկ փող առնեմ, էն էլ ամբողջը վնասվեց, մնաց մեր վրա։ Շատ-շատ՝ 100 դրամ մեջը պիտի աշխատեի: Դրա համար մեզ ո՞վ պիտի փոխհատուցի։ Հո մենակ հրամանով չի, մենք էլ մարդ ենք, չէ՞։ Գոնե մի 20 օր առաջ զգուշացնեին, որ այդ ապրանքները չառնեինք, ուրիշ գործ գտնեինք։ Առանց այդ էլ փող չունենք, պարտքով ենք ապրում, հիմա այդ պարտքի տակից ո՞նց ենք դուրս գալու»։

Նույն շուկայում աշխատող Գեղամ Պետրոսյանը իրենց նկատմամբ իշխանությունների անտարբերությունից հիասթափված՝ վճռել էր արտագաղթել: Նրա խոսքերով. «Առանց այդ էլ երեխաս Ղարաբաղում մահացավ, ես չեմ ուզում, որ դրա համար ինձ փոխհատուցեն, թող մեզ թողնեն, որ մեր գործով զբաղվենք: Ես գնալու եմ էս կեղտոտ ու վաճառված երկրից։ Ստեղ աղքատ մարդկանց ուղղակի կենդանի մորթում են»:

Վտարված առեւտրականները ցույցերի միջոցով կառավարությունից իրենց համար նոր տարածք են պահանջում: Կառավարությունը նրանց խոստացել է մոտ ժամանակներս հարցը քննարկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել