Լրահոս
Օրվա լրահոսը

Ի պաշտպանություն Ա. Արզումանյանի

Հունիս 01,2007 00:00

Երեկ մի շարք քաղաքական եւ հասարակական գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որում ասված է.

«2007թվականի մայիսի 7-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ նախկին արտգործնախարար, Քաղաքացիական անհնազանդության շարժման հիմնադիր Ալեքսանդր Արզումանյանին: Հետագայում շինծու մեղադրանքով առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը: Ակնհայտ է, որ ներկայացված մեղադրանքը մտացածին է, անմիջականորեն կապված է Արզումանյանի վերջին շրջանում ծավալած հասարակական ակտիվ գործունեության հետ եւ կրում է պատվիրված բնույթ: Պարզորոշ երեւում է նրա նկատմամբ իրականացվող հետապնդման քաղաքական ենթատեքստը: Նրա գործողություններում՝ անգամ ներկայացված մեղադրանքի սահմաններում, հանցակազմը իսպառ բացակայում է: Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը պետք է դիտարկել վերջին տարիների հայաստանյան զարգացումների համատեքստում: Իրար հաջորդող հաշվեհարդարները, սպանություններն ու կրակոցները, շինծու մեղադրանքներով քաղաքական գործիչների կալանավորումները, ժողովրդի նկատմամբ ընդգծված արհամարհանքը, քաղաքացու արժանապատվության ու կյանքի նկատմամբ անպատիժ ոտնձգությունները մեր իրականության անբաժանելի մասն են կազմում: Կամայականությունների այս շղթան այսօր շարունակում է առանց որեւէ հիմնավոր մեղադրանքի անազատության մեջ պահվող Ալեքսանդր Արզումանյանը: Արզումանյանի ձերբակալման ու կալանավորման կապակցությամբ արդեն իսկ հայաստանյան ու սփյուռքի տարբեր կազմակերպություններ ու գործիչներ հանդես են եկել դատապարտող հայտարարություններով: Միանալով նախկինում հնչած դատապարտող հայտարարություններին՝ մենք կոչ ենք անում շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին համախմբվել ի պաշտպանություն Արզումանյանի:

Հայտարարում ենք, որ նա կալանավորված է իր քաղաքական գործունեության համար, ճանաչում ենք նրան որպես քաղաքական բանտարկյալ եւ ՀՀ գործող իշխանություննրից պահանջում ենք նրա անհապաղ ազատ արձակումը»:

Հայտարարությունը ստորագրել են բազմաթիվ քաղաքական, հասարակական, մշակույթի գործիչներ, իրավապաշտպաններ, ինչպես նաեւ «Հայկական ժամանակ», «168 ժամ», «Չորրորդ իշխանություն», «Ժամանակ Երեւան», «Հայք», «Լրագիր», «Հետք» եւ «Առավոտ» թերթերի խմբագիրները:

Հայտարարությունը զետեղված է նաեւ https://arzumanyan.atwebpages.com կայքէջում: Այն բաց է ստորագրության համար: Առցանց /online/ ստորագրել ցանկացողները կարող են այցելել https://www.petitiononline.com/alex48/petition.html կայքէջը եւ զետեղել իրենց ստորագրությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել