Կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը հայտնեց, որ իր կուսակցությունը մտահոգ է երկրի հնարավոր զարգացումներով:
– Քարոզարշավի ընթացքում նկատելի էր, որ ընտրողները շատ ջերմ են ընդունում «Ազգային միաբանությանը», սակայն արդյունքում ընտրվեցին այլ ուժեր. ձեր կարծիքով՝ ինչո՞ւ այդպես եղավ:
– Ըստ իս, դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունում դեռ կայացած չէ արժեքային համակարգը, եւ այն, որ «Ազգային միաբանությանը» շատ ջերմ էին ընդունում, իսկ արդյունքում քվեները ստացան ուրիշ քաղաքական ուժեր, համոզում է մեզ, որ պետք է ամեն ինչ անել ոչ թե «ԱՄ» կուսակցության վարկանիշը բարձրացնելու ուղղությամբ, այլ, որ ձեւավորվի այնպիսի արժեհամակարգ, որ նման անակնկալները անհնարին լինեն Հայաստանի քաղաքական եւ հասարակական կյանքում: Ահա սա է խնդիրը, եւ այս խնդիրը լուծելը հավասարաչափ թե՛ ընդդիմությանն է, թե՛ իշխանություններինը: Այն մարտահրավերները, որոնք, անտարակույս, արդեն իսկ ծառացել են ՀՀ պետականության առաջ, մարտահրավերներ են ոչ թե այս կամ այն իշխանավորի կամ ընդդիմադիրի համար, այլ վտանգ են մեր ժողովրդի գլխին, եւ դրանց կործանարար հետեւանքների գիտակցումն ու առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված գործերով, թերեւս, կերեւա յուրաքանչյուր քաղաքական ուժի հասունության աստիճանն ու մակարդակը: Այն կուսակցությունները, որոնց համար գերխնդիր է՝ ամեն գնով ներկայացված լինել Ազգային ժողովում, այս ընթացքում, թերեւս, հասկանալի հարցեր էին փորձում լուծել, իսկ «Ազգային միաբանությունը» շատ ավելի հավակնոտ նպատակներ էր դրել ընտրապայքարի ընթացքում, եւ հիմա էլ դրանք չեն կորցրել իրենց արդիականությունը: Այն է՝ համախմբել ազգը, միաբանել ժողովրդին, որովհետեւ մենք ազգային միաբանության մեջ ենք տեսնում այն հաղթական գործոնը, որը հնարավորություն կընձեռի պատվով դուրս գալ այս դժվարին կացությունից, որում հայտնվել է մեր երկիրը:
– Ըստ որոշ վերլուծությունների, պարտված ընդդիմադիրները ընկճված են, տխուր են, հուսահատված են, սակայն մյուս կողմից ընդդիմադիր մի շարք ուժեր հանրահավաքներ են անցկացնում, նստացույցեր են անում: Ինչպիսի՞ն է կոնկրետ ձեր կուսակցության եւ ձեր տրամադրությունը:
– «Ազգային միաբանությունը» մտահոգ է, մտահոգ է ոչ թե սեփական վարկանիշի հետ առնչվող հարցերով, այլ մտահոգ է առաջիկայում երկրում եւ նրա շուրջ ընթացող հնարավոր զարգացումներով: Ակնհայտ է՝ հնարավոր չէ լուրջ համապետական խնդիրներ լուծել, երբ ազգը միաբան չէ, ավելին՝ պառակտված է, ուստի մեր բոլոր գործողությունները ուղղված են լինելու ժողովրդի լայն զանգվածների եւ իշխանությունների միջեւ օրըստօրե ընդգծվող վիհը, անջրպետը ոչ թե է՛լ ավելի խորացնելուն, ցցուն դարձնելուն, այլ հակառակը՝ կամրջելուն, մեկտեղելու քաղաքական բոլոր կարող ուժերին համազգային գաղափարների շուրջ՝ խնդիր ունենալով փրկել հայոց պետականությունը վերահաս վտանգներից: Հուսահատության մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ մարդ ընկճվում է այն ժամանակ (մտածող մարդու մասին է խոսքը), երբ տեսնում է, որ իր գաղափարները պետության, ժողովրդի համար կորցրել են հրատապությունը, հնացած են: Հակառակը, ընտրություններից հետո մենք վերստին համոզվեցինք, որ այսօր խնդիրների խնդիրը ազգը միաբանելն է եւ ազգը զարգացման մայրուղի դուրս բերելը:
– Արդեն մի քանի գործիչներ հայտարարել են նախագահական ընտրություններում իրենց թեկնածության առաջադրման ցանկության մասին, դուք ե՞ւս առաջադրվելու եք:
– Տեսնում եք, ձեր նախորդ հարցում կար, որ ընդդիմությունը կոտրվել է, մինչդեռ հակառակն է. տեսեք, արդեն քանի՜ քաղաքական ուժ իր պատրաստակամությունն է հայտնել մասնակցել նախագահական ընտրություններին: Սա՝ իմիջիայլոց: Խնդիրը ոչ թե սեփական մասնակցությունը բերել կամ չբերելն է առաջիկա նախագահական ընտրություններին, այլ մեզ համար շատ ավելի կարեւոր է, որ ժողովրդի սեփականությունը դարձնենք այն գաղափարները, որոնք պահանջված եւ եզակի են ստեղծված իրավիճակում երկիրը վտանգավոր զարգացումներից զերծ պահելու համար՝ համախմբման, հաղթանակների ճանապարհ դուրս բերելու նպատակով: Առաջադրվել-չառաջադրվելու հարցին մենք դեռ չենք անդրադարձել: Պատմությունից հավանաբար հիշում եք, երբ 1856 թվականին Ղրիմի պատերազմում Ռուսաստանի կայսրությունը դաժան պարտություն կրեց Օսմանյան կայսրությունից՝ Թուրքիայից, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար իշխան Ալեքսանդր Միխայլովիչ Գորչակովն իր ընդդիմախոսներին պատասխանել էր. «Բոլորն ասում են, որ Ռուսաստանը բարկացած է, ոչ, Ռուսաստանը բարկացած չէ, Ռուսաստանը կենտրոնանում է»: Այ, հիմա, «Ազգային միաբանություն» կուսակցության համար եկել է կենտրոնանալու այդ պահը: Մենք պետք է կենտրոնանանք, հասկանանք՝ հետընտրական ժամանակաշրջանում երկիրը ի՞նչ վիճակում է հայտնվել, որո՞նք են մեր պետականության դեմ ուղղված դրսից սպառնացող վտանգները, որո՞նք են երկրի ներսում առկա մարտահրավերները, եւ այդ ամենը գիտակցելով՝ խնդիր դնենք ոչ թե դրանք խորացնելու, որ այսօրվա իշխանությունների ձախողումների փաստերն ավելի ցցուն դարձնենք, այլ նպատակ հետապնդենք երկիրը ազգովի դուրս բերել այս, բառիս իսկական իմաստով, պայթյունավտանգ հորձանուտից, այս բազում փորձություններով վտանգված իրավիճակից: Կարծում եմ, ճիշտ կլինի, որ բոլոր քաղաքական ուժերը կարողանան անկողմնակալ ձեւակերպել երկրի առաջ ծառացած մարտահրավերները, հատկապես արտաքին մարտահրավերների մասին է խոսքը: Այնուհետեւ, դրանց դեմն առնելու համար, գեթ մեկ անգամ բոլորս խորհենք, մտածենք, թե ի՞նչ ներուժ ենք կարողանալու ձեւավորել ողջ հայության շրջանում: Այս գործառույթներում, համոզված եմ, յուրաքանչյուր քաղաքական ուժ պահանջված է եւ իր սեփական դերակատարությունը պետք է գտնի, եթե չի ուզում պատմության լուսանցքում հայտնվել: Ահա, մեր կենտրոնանալը պայմանավորված է նշված հարցերի իմաստավորմամբ: Սեպտեմբերին, կուսակցության համար հոբելյանական այս տասներորդ տարում, հանդես կգանք համապարփակ վերլուծություններով: Մեր վերլուծություններում եւ գնահատականներում մենք ազնիվ ենք լինելու մեր ժողովրդի եւ քաղաքական գործընկերների հանդեպ՝ լինեն ընդդիմադիր, թե իշխանական դաշտից: Այս ամենից հետո զարգացումներն ինքնին ցույց կտան՝ ո՞ր քաղաքական ուժը, ո՞ր քաղաքական գործիչներն են հանրապետությունը այս վիճակից դուրս բերելու համար առավել պահանջված: Հայրենիքը մեկն է, քաղաքական կուսակցությունները կգան ու կգնան (չասեմ ձմռան ու ձախորդ օրերի համատեքստում), բայց Հայրենիքը, հայոց պետականությունը խարխլողները, լինի իշխանություն, թե ընդդիմություն՝ մի կողմից, ամրապնդման ջատագովները՝ մյուս կողմից, գնահատվելու են սերունդների եւ պատմության կողմից: Այդ գիտակցմամբ է, որ «Ազգային միաբանությունը» այսօր ամպագոռգոռ հայտարարություններով հանդես չի գալիս, իրեն առաջ չի գցում: Մենք պարզապես փորձում ենք վերաիմաստավորել մեր անցած ուղին: «Ազգային միաբանությունը» իր սեփական պատասխանատվության բաժինը Հայաստանի ներկա վիճակի համար տեսնում է եւ միգուցե շատ ավելի սուր է գնահատում իր դերակատարությունը, քան իշխանության մաս կազմող առանձին ուժեր: Մեր այսօրվա լռությունը թող լինի խորհրդավոր, որովհետեւ մենք, իրոք, կենտրոնանում ենք: