Հունիսի 7-16-ը Պրահայում կայանալիք ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի տղաների եւ աղջիկների երիտասարդական հավաքականներն Աբովյան քաղաքի համալիր մարզադպրոցի բազայում վերջին ուսումնամարզական հավաքն են անցկացնում: Հիմնանորոգումից հետո մեր տարբեր մարզաձեւերի հավաքականները, որպես կանոն, գերադասում են պատասխանատու մեկնարկներին նախապատրաստվել հենց այս մարզահամալիրում, ուր, բացի մարզվելու եւ հանգստանալու հարմարավետ պայմաններից, մարզիչների ու մարզիկների հավաստիացմամբ՝ ձգում է նաեւ մարզադպրոցի ղեկավարության ու ամբողջ անձնակազմի հոգատար ու ջերմ վերաբերմունքը:
Մեր այցելության պահին երիտասարդ ծանրորդները նոր էին ավարտել մարզումները: Զրուցեցինք ավագ մարզիչ Աշոտ Դանիելյանի հետ:
– Ինչպե՞ս է ընթանում հավաքը, եւ այս պահի դրությամբ տղաների մարզավիճակից գո՞հ եք:
– Սա մեր երկրորդ ու որոշիչ հավաքն է, որում հիմնական ուշադրությունը դարձնում ենք հատուկ ֆիզպատրաստվածությանը: Աշխարհի առաջնություն մեկնողներն արդեն մոտենում են լավագույն մարզավիճակի գագաթին, բարձրացնում «ծանր» կիլոգրամներ: Հուսով եմ, որ մինչեւ առաջնության մեկնարկը չնախատեսված տհաճ անակնկալներ չեն լինի:
– Ովքե՞ր են մեկնելու Պրահա:
– 69 կգ քաշային Արայիկ Միրզոյանը (նա իր մարզչի եւ հորեղբոր՝ օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի հետ անհատական ծրագրով մարզվում է տանը եւ մեզ կմիանա Պրահա մեկնելու օրը), 77 կգ քաշային Արամ Անդրիկյանը, Սեւակ Սահակյանը՝ 105 կգ եւ Արտակ Մխիթարյանը՝ +105կգ: Ափսոս, Եվրոպայի մեծահասակների վերջին առաջնությունում արծաթե մեդալ նվաճած Տիգրան Մարտիրոսյանը ներկայումս Մոսկվայում բուժում է մեջքի վնասվածքը եւ չի կարող լինել մեզ հետ: Բայց ոչինչ: Նա ավելի պետք կգա աշխարհի մեծահասակների առաջնությունում, որտեղ օլիմպիական վարկանիշային միավորներ են անհրաժեշտ լինելու Հայաստանի ազգային հավաքականին:
– Բայց, որքան տեղյակ եմ, այս հավաքին նաեւ այլ ծանրորդներ են մասնակցում:
– Նրանք այսօրվա իրենց արդյունքներով աշխարհի երիտասարդական առաջնությունում առաջատարների ութնյակ չեն կարող մտնել, հետեւաբար՝ նրանց Պրահա տանելն անիմաստ է: Բայց առջեւում Եվրոպայի երիտասարդական եւ պատանեկան առաջնություններ էլ կան: Այնպես որ, այս հավաքը նրանց համար էլ նախապատրաստության անհրաժեշտ փուլ է:
– Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում աշխարհի առաջնությունից:
– Խոստումներ տալ չեմ սիրում: Մենք նայել ենք անցած տարվա այս տարիքային խմբի աշխարհի առաջնության արդյունքները եւ համեմատել մեր լավագույնների ցույց տվածների հետ: Եթե տղաները կրկնեն այն, ինչ հիմա անում են, բոլորն էլ մեդալի հավակնորդ կարող են դառնալ: Մնում է, որ մրցավայրում կենտրոնանան ու տղամարդավարի մտնեն պայքարի մեջ:
– Դոպինգի հետ կապված ի՞նչ կասեք:
– Դրա օգտագործման կարիքը պարզապես չկա, քանի որ ուժերը վերականգնելու համար (ծանրորդը մարզումների ժամանակ օրական ընդհանուր առմամբ մինչեւ 20 տոննա քաշ է բարձրացնում) անհրաժեշտ կալորիականությամբ սննդի պակաս հիմա չունենք: Ֆեդերացիայի նախագահը սննդին շատ խիստ է հետեւում: Տարվա ընթացքում բոլոր ծանրորդներն էլ պարբերաբար ստուգվում են: Մինչեւ հիմա ամեն բան նորմալ է եղել: Սամվել Խաչատրյանի՝ ֆեդերացիայի նախագահ ընտրվելուց հետո Հայաստանի ծանրորդները վերջին մեկ-մեկուկես տարում ապացուցեցին, որ հնարավոր է առանց դոպինգի եւ արգելված խթանիչների մարզվել, պայքարել ու հաղթել: Իսկ Նազիկն ու Քրիստինեն, չնայած քաշային տարբերությանը, ավագ մարզիչ Արտաշես Ներսիսյանի «մրցավարությամբ» ուժեղին էին որոշում շախմատի խաղատախտակի առջեւ (նկարում):
Աղջիկներից հավաքին մասնակցում են ապրիլին Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի մեծահասակների առաջնության չեմպիոններ, 63 կգ քաշային Մելինե Դալուզյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ), արծաթե մեդալակիր Նազիկ Ավդալյանը (69 կգ), ով պատրաստվում է աշնանը Թաիլանդում կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությանը, եւ Քրիստինե Պետրոսյանը (նա օգոստոսին հանդես է գալու Եվրոպայի պատանեկան առաջնությունում): Մելինեն ու Հռիփսիմեն քնած էին:
Չնայած այս երկու աղջնակները Պրահա չեն մեկնում, բայց իրենց ու ընկերուհիների անունից հայտարարեցին. «Կպայքարենք մեդալների համար: Կստացվի, թե ոչ՝ դա չէ կարեւորը: Մի բան հաստատ կասենք. անելու ենք ամեն բան՝ սպասելիքներն արդարացնելու համար»:
Ավագ մարզիչն էլ (Աբովյանում նրան օգնում է Հռիփսիմե Խուրշուդյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանը) նրանց ասածին հավելեց. «Եվրոպայի մեծահասակների առաջնությունում մեր աղջիկների նվաճումները պարտավորեցնող են: Հաջողություն կռելը մի բան է, արդեն ունեցածը պահպանելը, զարգացնելը եւ ապացուցելը, որ իսկապես արժանի ես՝ մեկ այլ բան: Պրահայում կանենք ամեն բան, ինչ հնարավոր է: Բայց կուզենայի ասել, որ ամեն անգամ անպայման մեդալներ նվաճելը մեր ամենագլխավոր խնդիրը չէ: Մարզական առումով մեզ համար այս տարվա գլխավոր ծրագիրը աշխարհի մեծահասակների առաջնությունում Հայաստանի հաշվարկին օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակելն է: Անցած տարի մենք աշխարհի մեծահասակների առաջնությանը մասնակցեցինք ընդամենը երկու հոգով ու հիմա միավորների փոքր պաշար ունենք: Այս տարի պարտավոր ենք մասնակցել լրիվ թիմով (7 հոգով), որպեսզի երկու առաջնությունների ընդհանուր արդյունքով երեք կամ գոնե երկու օլիմպիական ուղեգիր ունենանք: Գիտակցում ենք, որ մեր երկրպագուները Պրահայից նոր մրցանակներ են սպասում: Եթե Մելինեն ու Հռիփսիմեն կրկնեն Եվրոպայի առաջնությունում ցույց տված կիլոգրամները՝ մեդալներ անպայման կլինեն: Բայց թե ի՞նչ մեդալներ, չեմ կարող ասել, որովհետեւ դժվար է նախապես կանխատեսել, թե չինացիները, կորեացիները, թաիլանդցիները, հնդիկներն եւ Ասիայի մյուս երկրների ներկայացուցիչներն այսօր պատրաստականության ինչ աստիճան ունեն: Այս ամենով հանդերձ, հույս ունեմ, որ մենք Չեխիայում մեր մարզասերների սպասելիքները կարդարացնենք»:
Ձախից աջ. Սեւակ Սահակյանը, Արամ Անդրիկյանը, ավագ մարզիչ Աշոտ Դանիելյանը, Արտակ Մխիթարյանը: